Հեղինակային իրավունքն ու անիրավությունն Ադրբեջանում
Ինչպես աշխարհի բոլոր նորմալ երկրներում, Ադրբեջանում ինտելեկտուալ սեփականության յուրացումը հանցանք է համարվում։ Դա կարգավորվում է օրենքով։ Հատուկ պետական գերատեսչություն կա, որը վերահսկում է այս ոլորտը։ Սակայն իրականում իրավունքը խախտողները գրեթե երբեք չեն պատժվում, և հեղինակային իրավունքները շատ թույլ են պաշտպանված։
- Քոսփլեյերներն Ադրբեջանում․ ովքե՞ր են նրանք և ի՞նչ են ուզում
- Թե ինչպես էին գերմարդ ստեղծում․ Աբխազիայում կապիկների բուծարանի լեգենդներն ու կյանքը
Ո՞րն է երկրում հեղինակային իրավունքների ոլորտում ստեղծված այս իրավիճակի պատճառը։ JAMnews-ը փորձել է պարզել այդ պատճառները փորձագետների հետ։
Հեղինակային իրավունքների ոլորտի մեծ տարանջատվածությունը
«Գանուն» հրատարակչատան ղեկավար Շահբազ Խուդուօղլուի կարծիքով՝ Ադրբեջանում մեծ տարանջատվածություն կա հեղինակային իրավունքների ոլորտում։
«Իրականում ոչինչ չի կարգավորվում։ Գրագողերը հանգիստ տպագրում են ցանկացած գիրք, տարածում են դրանք սոցցանցերում։ Ըստ օրենսդրության՝ դա հանցագործություն է։ Սակայն դա երբեք չի հետապնդվում։ Հեղինակային իրավունքների խախտումը լուրջ չի ընկալվում։ Ես բազմիցս դիմել եմ համապատասխան ատյաններ, մարմիններ։ Արդյունք չկա», — ասում է Խուդուօղլուն JAMnews-ին տված հարցազրույցում։
Ի՞նչ է ասում օրենքը
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Ադրբեջանի օրենքով կարգավորվում են գիտական, գեղարվեստական և արվեստի գործերի (հեղինակային իրավունք), ինչպես նաև կատարումների, ֆոնոգրամաների, եթերային և մալուխային հեռուստատեսությունների հաղորդումների (հարակից իրավունքներ) ստեղծման հետ կապված հարաբերությունները։
Ըստ օրենքի 25-րդ հոդվածի՝ հեղինակային իրավունք է առաջանում ստեղծագործության ստեղծման պահին և ուժի մեջ է մնում հեղինակի կյանքի ողջ ընթացքում և նրա մահվանից 70 տարի անց։
Օրենքով՝ քաղաքացիական, վարչական և քրեական պատասխանատվություն է նախատեսված հեղինակային և հարակից իրավունքների խախտման համար։
Հեղինակային իրավունքների պաշտպանության համար պատասխանատու պետական մարմինը
Ներկա պահին Ադրբեջանում հեղինակային իրավունքների պաշտպանության համար պատասխանատու պետական մարմինն Ինտելեկտուալ սեփականության գործակալությունն է, որը ստեղծվել է 2018 թ-ի հուլիսին: Այս փաստաթղթով միավորվել են Հեղինակային իրավունքների գործակալությունն ու Արտոնագրի և ապրանքանիշի կենտրոնը։
Գործակալության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում ասվում է, որ 2019 թ-ին մրցունակության գլոբալ ցուցիչի մասին Համաշխարհային տնտեսական համաժողովի հրապարակած հաշվետվությունում Ադրբեջանը «սեփականության իրավունքների պաշտպանության» առումով 37-րդ տեղն է զբաղեցնում 141 երկրների շրջանում, իսկ «ինտելեկտուալ սեփականության պաշտպանության» առումով՝ 30-րդ։
Նշվում է, որ Ադրբեջանի դիրքերը «Մրցունակության գլոբալ ցուցիչում» «Ինտելեկտուալ սեփականության պաշտպանության» կետով բարձրացել են 2015-ից մինչև 2019թթ-ը։
Գործակալությունն ընդգծում է նաև, որ Ադրբեջանի վարկանիշը բարձրացել է «Արտոնագրերի հայտերի» ցուցանիշներով, որի արդյունքում 2018 թ-ին ինտելեկտուալ սեփականության հետ կապված «Նորարարություններ» ցուցիչով երկիրն իր դիրքերը բարելավել է 3 հորիզոնականով՝ աշխարհում զբաղեցնելով 68-րդ տեղը։
Օրենքի կիրառման մեխանիզմ չկա
Ըստ հրատարակիչ Շահբազ Խուդուօղլուի՝ իրականում սեփականության իրավունքի ապահովման համար Ինտելեկտուալ սեփականության գործակալությունը որևէ մեխանիզմ չունի։
«Ենթադրենք, որ որևէ հրատարակչություն թարգմանել և գիրք է տպել, որի իրավունքները մեզ են պատկանում։ Այս առթիվ մենք դիմում ենք հենց հրատարակչությանը։ Որպես կանոն, նման դեպքերում նրանք ներողություն են խնդրում, սակայն չեն դադարում կրկին դա անել։ Իսկ գրագողությամբ զբաղվող հրատարակչություններին պատժելու համար գործակալությունը ոչ ցանկություն ունի, ոչ էլ իրավաբանական միջոցներ։ Այլ կերպ ասած՝ այս հարցերը մեզ մոտ կարգավորվում են ազնիվ խոսքի հիման վրա», — ասում է Խուդուօղլուն։
Իրենց ստեղծագործությունների հեղինակային իրավունք ստացածները
Սակայն կան նաև մարդիկ, որոնք դրական են գնահատում Ինտելեկտուալ իրավունքների գործակալության գոյությունը հեղինակային իրավունքների պաշտպանության տեսակետից։ Օրինակ՝ հայտնի ռազմական հաղորդավար, հայրենասիրական երգերի հեղինակ և կատարող Շամիստան Ալիզամանլին 2019 թ-ին գործակալություն է դիմել իր ստեղծագործությունների գրանցման համար։ Ինչպես նա նշել է JAMnews-ին տված հարցազրույցում, իր համար դա շահեկան է եղել։
«Վերջերս կատարողներից մեկը, որի անունը չեմ ուզում նշել, կատարել է իմ «Թուրան էլլեր» երգը և իրեն ներկայացրել որպես հեղինակ։ Մենք այդ անձին դիմեցինք՝ ցույց տալով իրավունքների գրանցման փաստաթղթերը, նա ներողություն խնդրեց և անգամ ոչինչ չվիճարկեց։ Հեշտությամբ ես իմ իրավունքները վերականգնեցի։ Իհարկե, օրենքով նախատեսված այս գրանցումը հեշտացնում է հեղինակային իրավունքների պաշտպանությունը», — կարծում է Ալիզամանլին։
Մեկ երգի հետքով
Այն հայտնիներից մեկը, որը 2019 թ-ին իր ստեղծագործությունների գրանցման համար դիմել է Ինտելեկտուալ սեփականության գործակալություն, կոմպոզիտոր Էլդար Մանսուրովն է։ Նա այն մարդն է, ում անունն առաջինն է մտքիդ գալիս, երբ խոսքը գնում է Ադրբեջանում հեղինակային իրավունքների պաշտպանության մասին։
«Բայաթըլար» երգը, որը գրել է Էլդար Մանսուրովը 1988 թ-ին, Վահիդ Ազիզի խոսերի հիման վրա, առաջին անգամ կատարել է հայտնի երգչուհի Բրիլիանտ Դադաշևան 1989 թ-ին, և այդ պահից ի վեր այն կատարվել է գրեթե բոլոր աշխարհամասերում՝ հեղինակային իրավունքների խախտմամբ։
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 1990 թ-ին «Մելոդիա» ձայնագրման ընկերությունն այդ երգով սկավառակ է թողարկել և այն տարածել ԽՍՀՄ տարածքում։
Արդեն մեկ տարի անց Թուրքմենստանի «Աշխաբադ» խումբը հեղինակի թույլտվությամբ կատարել է այս երգը, սակայն 1993 թ-ի իր ալբոմում Էլդար Մանսուրովին այն նշել է որպես թուրքմեն կոմպոզիտորի։ Դրանից հետո «Աշխաբադ» խումբը ալբոմ է թողարկել Գերմանիայում և, առանց Էլդար Մանսուրովին իրազեկելու, երգի իրավունքը վաճառել Real World Records ընկերությանը, որի ղեկավարը Պիտեր Գաբրիելն է։ 2002 թ-ին այդ նույն երգն «Աշխաբադի» կատարմամբ, որպես սաունդթրեք, հայտնվել է պաղեստինաիսրայելական պատերազմի մասին պատմող Promises ֆիլմում։
Տարբեր տարիներ երգը կատարել են տարբեր երգիչներ տարբեր անվանումների տակ․ ռուս երգիչ Reno-ն այն կատարել է «Ողջույն» անվան տակ, հայտնի թուրք երգչուհի Սեզեն Աքուն՝ Zalim անվան տակ, հույն երգչուհի Քեթի Գարբին՝ Esena mono անվան տակ։ Եվ նրանցից ոչ ոք չի նշել երգի հեղինակին։ Բրազիլացի Camara ջազ-նվագախումբն այդ երգը կատարել է իր օրիգինալ անվամբ՝ «Բայաթըլար», որպես հեղինակ նշել է Էլդար Մանսուրովին, սակայն կրկին՝ որպես թուրքմեն կոմպոզիտորի։
2006 թ-ին ադրբեջանական էստրադայի աստղ Այգյուն Քազիմովան այս երգը կատարել է իր բոլոր արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ՝ տարածելով այն որպես ադրբեջանցի կոմպոզիտոր Էլդար Մանսուրովի երգ։
2009 թ-ին ռումինացի երգիչ Էդվարդ Մայան կատարել է «Բայաթըլար» երգը որպես Stereo love և, 10 տարի անց Ադրբեջան գալով, Էլդար Մանսուրովի հետ ստորագրել այդ ստեղծագործության հեղինակային իրավունքների պաշտպանության մասին համաձայնագիր։
Իր մյուս ստեղծագործություններին զուգահեռ՝ Էլդար Մանսուրովը գրանցել է իր «Բայաթըլար» երգն Ինտելեկտուալ սեփականության գործակալությունում։
Անիրազեկ լինելը՝ որպես գլխավոր խնդիր
Շահբազ Խուդուօղլուն կարծում է, որ հեղինակային իրավունքների պաշտպանության գործակալության ու օրենսդրության առկայությունը երկրում ինքնին դրական գործոն է, սակայն դա խնդրի համակողմանի լուծում չէ։ Նրա կարծիքով՝ այս ոլորտում գլխավոր խնդիրը անիրազեկությունն է։
«Մարդիկ դեռ խորհրդային երազների գրկում են։ Եթե սա գիրք է, ապա այն կարելի է գողանալ։ Դա գողություն չի համարվում։ Այս կեղծ պատկերացումը պետք է արմատապես փոխել։ Եվ դրա միակ ճանապարհը ես համարում են հանրային քննարկումները։ Մեծ մասամբ օրենքն աշխատում է, կա նաև այն վերահսկող կոմիտե։ Սակայն մարդիկ չեն կարողանում ազատվել իրենց հին սովորություններից։ Եվ նրանց պետք է դա բացատրել հասանելի լեզվով։ Մեզ մոտ գրագողություն կա ոչ միայն թղթային գրքերի, այլև էլեկտրոնային գրքերի ոլորտում։ Տարածում են խոշոր սոցցանցերում։ Երբեմն նման տեղեկություններ տարածողները դա լուսավորչական աշխատանք են համարում։ Սակայն եթե նրանք տարրական պատկերացում ունենային հեղինակային իրավունքների, ինտելեկտուալ սեփականության մասին, վստահ եմ, որ նման բան իրենց թույլ չէին տա»։
Ադրբեջանցի գրողի ադրբեջանական և նորվեգական փորձը
Հայտնի ադրբեջանցի գրող Գյունել Մովլուդը, որն այժմ Նորվեգիայում է ապրում, Ադրբեջանում իր «Ճամբար» անվանումով նոր վեպի՝ գրագողության ենթարկված նմուշների տարածման հավանականության խնդրին է բախվել։ Նրա խոսքով՝ հասել է նրան, որ տարածված որոշ նմուշների դիզայնը տարբերվել է օրիգինալից։
«Բացի այդ, համացանցում գիրքը տարածող անձն ինչ-որ կերպ սկսել էր վաճառել «Ճամբար» վեպը, թեև մենք նրան գրքեր չէինք փոխանցել վաճառելու համար։ Երբ նրան գրեցինք, նա պատասխանեց, որ գրքերը գնում է խանութներից և վերավաճառում է։ Ես դատարան չդիմեցի, քանի որ հակառակն ապացուցելու հնարավորություն չունեի», — նշել է Գյունել Մովլուդը JAMnews-ին տված հարցազրույցում։
«Ճամբար» վեպի տպագիր տարբերակից հետո գրողը տեղեկություններ է ստացել՝ սոցցանցերի որոշ խմբերում իր գրքի PDF տարբերակի մասին։ Սակայն, հասկանալով, որ դրանով օրենք են խախտում, խմբի համակարգողները հեռացրել են այն։ Չնայած դրան՝ Գյունել Մովլուդը նշում է, որ եթե կրկին լսի առանց հեղինակային իրավունքների իր գրքի նման տարածման մասին, մտադիր չէ պայքարել այդ երևույթի դեմ։
«Ես ուսումնասիրեցի առցանց ձևաչափով գրքի վաճառքի որոշ հարթակներ, փորձեցի այնտեղ տեղադրել PDF տարբերակը։ Սակայն նրանց պահանջած տոկոսն այնքան մեծ էր, որ մտածեցի․ թող մարդիկ հենց ինձ դիմեն և ինձնից գնեն, դա շահեկան է բոլոր կողմերի համար։ Իհարկե, այդ դեպքում աճում է գրքի էլեկտրոնային տարբերակի տարածման հավանականությունը, սակայն, կարծում եմ, որ ավելի լավ է հայրենակիցներս գիրքն անվճար կարդան, քան ես վճարեմ միլիոնատեր ընկերություններին դրա վաճառքի համար», — ասում է գրողը։
Նա մեզ հետ նաև կիսվել է գրական ստեղծագործությունների տարածման նորվեգական փորձով։ Այսպես, այդ երկրում գրքի լույս տեսնելուց հետո գրողը ստանում է յուրաքանչյուր նմուշի վաճառքից ստացված եկամտի 15%-ը, գովազդի համար հեղինակին տրվում է նրա գրքի 25 նմուշ, և եթե գիրքը թարգմանվում է այլ լեզուներով, հրատարակչությունը հեղինակին է փոխանցում ստեղծագործության վաճառքից ստացված եկամտի 5%-ը։
«Նորվեգիայում թարգմանության, բանաստեղծության կամ այլ ստեղծագործությունների հեղինակային իրավունքը միշտ պատկանում է հեղինակին։ Օրինակ, եթե հրատարակչությունը բանաստեղծություններդ ներառել է որևէ հավաքածուի մեջ և դրա համար քեզ հոնորար է վճարել, այն չի կարող այդ բանաստեղծությունները տեղադրել այլ հարթակներում։ Իսկ եթե բանաստեղծություններդ հայտնվել են նաև հրատարակված հավաքածուն գովազդող նյութերում, հեղինակին լրացուցիչ հոնորար է վճարվում»։
Ինչ վերաբերում է հոնորարի նվազագույն գումարին, որը վճարվում է հեղինակին, ապա դա կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են հեղինակի հանրաճանաչությունը, գրքի հաջողությունը, հրատարակչության ֆինանսական հնարավորությունները։
Գյունել Մովլուդի խոսքով՝ Նորվեգիայում գլխավորն այն է, որ գրողը չի մտահոգվում իր հեղինակային իրավունքների պաշտպանության հարցով, այդ ամենն անում են երկրի Գրողների միության իրավաբանները․
«Եվ այստեղ հարցը միայն հեղինակային իրավունքների խախտումը չէ։ Գրողների ցանկացած իրավունքի խախտմամբ, այդ թվում՝ սեռական բռնության, սեռական ոտնձգության հարցերով զբաղվում են Գրողների միության փաստաբանները»։