Չղջիկային սկանդալ։ Հարավային Օսիայում հայտարարում են, թե բացահայտել են Վրաստանի և ԱՄՆ հերթական դավադրությունը
Հարավային Օսիայում չի հանդարտվում անսովոր լուրի շուրջ քննարկումը․ հանրապետության իշխանությունները Վրաստանին մեղադրել են բնապահպանական դիվերսիայի մեջ։ Տեղի հատուկ ծառայությունները Վրաստանի քաղաքացու են ձերբակալել, որը տեսախցիկի առջև պատմել է, որ փորձել է տեղի չղջիկների ինչ–որ «բոժոժներ» գտնել, որոնց համար իրեն հսկայական գումար են խոստացել։
Պատմությունը շատ է տպավորել հարավօսական իշխանություններին և լրատվամիջոցներին, որոնք անմիջապես կապել են չղջիկների ձախորդ որսորդին Թբիլիսիի Լուգարայի ամերիկյան լաբորատորիայի և կորոնավիրուսի տարածման հետ։ Հասարակությունում կարծիքները կիսվել են․ ոմանք դա լուրջ են ընդունել, մյուսներն էլ իշխանության վարկածը «զառանցանք» են համարում։
Չղջիկների հետքերով
Խվիչա Մգեբրիշվիլին ձերբակալվել է հուլիսի 3–ին Հարավային Օսիայի Ցխինվալի շրջանի Աձըսար բնակավայրի մոտ պետական սահմանի խախտման համար։ Հարավային Օսիաի ՊԱԿ–ում հարցաքննության ժամանակ նա իր գործողությունները բացատրել է Ցխինվալի շրջանի Արցեու և Գրոմ գյուղերում չղջիկների գաղութի նկատմամբ ունեցած հետաքրքրությամբ։
• Վրաստան և կորոնավիրուս․ հաջողությո՞ւն, թե՞ բախտ
Ինչպես պատմել է Մգեբրիշվիլին, որի հարցաքննության տեսանյութը հրապարակվել է տեղական լրատվամիջոցներում, նա պատրաստվում էր այդ գյուղերում գտնել «չղջիկների բոժոժներ»՝ Վրաստանի տարածքում հետագայում իրացնելու նպատակով։ Նրան խոստացել են վճարել 5-10 հազար ԱՄՆ դոլար մեկ «բոժոժի» համար։
Հարավային Օսիայի ՊԱԿ–ը ոչ միայն կասկածի տակ չի դրել ձերբակալվածի խոսքերն, այլև հայտարարել է, որ «հարավօսական չղջիկների նկատմամբ 2012 թ–ից մեծ հետաքրքրություն է դրսևորում Թբիլիսիում տեղակայված այսպես կոչված «Ռ․ Լուգարայի անվան Հանրային առողջության կենտրոնը»»։
Լուգարայի անվան լաբորատորիան սրանից առաջ էլ բազմիցս հայտնվել է հարավօսական և ռուսական իշխանությունների և պաշտոնական մեդիայի ուշադրության կենտրոնում, որոնք մեղադրում են այն կենսաբանական զենքի ստեղծման և անգամ կենսաբանական դիվերսիաների մեջ։
Հարավային Օսիայի ՊԱԿ–ը բազմաթիվ մանրամասներ է ներկայացնում, թե ինչպես են լաբորատորիայի աշխատակիցները չղջիկների որսով զբաղվում Վրաստանի Շիդա Քարթլի շրջանում, որը սահմանակից է Հարավային Օսիային։
«2018 թ–ին պաշտպանական սպառնալիքի նվազեցման գործակալությունը (DTRA) Լուգարայի կենտրոնի հետ միասին որպես դաշտային լաբորատորիա 2,9 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նախագիծ է իրականացնում չղջիկների և կորոնավիրուսի վերաբերյալ։ Ծրագիրը հինգ տարի է տևելու և իրականացվում է «Eco Health Alliance» հասարակական կազմակերպության օգնությամբ», — հաղորդում է գերատեսչությունը։
Միաժամանակ ՊԱԿ–ում հիշեցնում են, որ «որ ՀՕՀ–ում բնակվող չղջիկները սրականջ գիշերաչղջիկներ են, որոնք, ինչպես ձեռնաթևավորների կարգի մյուս ներկայացուցիչները, կենդանածին են և բներ չեն կառուցում, բոժոժներ չեն ունենում»։ Ինչպես նաև այն, որ այդ կենդանիները ներառված են Կարմիր գրքում, և դրանց որսը պատժվում է ազատազրկմամբ։
Լուգարայի լաբորատորիան, չղջիկներն ու կորոնավիրուսը
ՊԱԿ–ի եկույթին հետևել է հանրապետության ԱԳՆ հայտարարությունը, որի մեջ մատնանշվում է «ԱՄՆ և այլ երկրների հետ Վրաստանի վտանգավոր ռազմակենսաբանական համագործակցությունը»։
«Այդ ամերիկյան ռազմակենսաբանական օբյեկտի բացման առաջին իսկ օրերից ակտիվորեն տեղեկություններ են տարածվում քիմիական և կենսաբանական զենքի նշված կենտրոնում անցկացվող նախագծերի, ինչպես նաև վտանգավոր վարակների մշակման մասին։ Հայտնի է նաև, որ որպես կորոնավիրուսի համավարակի ամենահավանական պատճառ միջազգային փորձագետները նշում են հենց չղջիկներին», — հայտարարել է գերատեսչությունը։
Հարավային Օսիայի ԱԳՆ–ն կարծում է, որ ձերբակալված Մգեբրիշվիլիի գործողությունները «շարքային սադրանք չեն, այլ կենսաբանական նյութ՝ Հարավային Օսիայի տարածքում բնակվող չղջիկների կենդանի առանձնյակներ հայթհայթելու համար պլանավորված հատուկ գործողություն»։
«Կենսաբանական պատերազմ», «ոչ գիտական ֆանտաստիկա», «զառանցանք»
Իշխանության հրապարակած սկանդալային տեղեկությունների մասին հանրության կարծիքը բաժանվել է։
«ԱՄՆ–ն պատրաստ է անգամ վրացի ժողովրդին զոհաբերել՝ հանուն Ռուսաստանի դեմ պատերազմի և իր ազգային շահերի, այդպիսի լաբորատորիաներն, առաջին հերթին, սպառնալիք են հենց վրացիների համար», — գրում է քաղաքագետ Ալան Մամիևը։
Սակայն իշխանությունների պաշտոնական վարկածին բնավ ոչ բոլորն են հավատում։
«Հարավային Օսիայի հեռուստատեսությունն այս հետաքրքրաշարժ պատմությունց մի ամբողջ ոչ գիտաֆանտաստիկ դրամա է սարքել մահաբեր կենսաբանական լաբորատորիայի, կորոնավիրուսի և արյունարբու չղջիկներ մասին, որոնք մահ են սփռում», — մեկնաբանել է սկանդալը Հյուսիսային Օսիայի տեսաբլոգեր Ռուսլան Տոտրովը։
Նրա կարծիքով՝ հնչած մեղադրանքներն անլուրջ են։
«Հասկանում եմ, որ պրոպագանդան պետք է պետական մակարդակով լինի։ Բայց ոչ այսպես կացնային, այլ բավականին պրոֆեսիոնալ, որպեսզի մենք ինչ–որ կերպ կարողանանք արտաքին աշխարհին համոզել, որ մեր մտադրությունները լուրջ են։ Այլ ոչ թե սարսափելի, ծիծաղելի կամ պարզապես անհեթեթ պատմություններ տարածենք», — ասում է Տոտրովը։
Ֆեյսբուքի հարավօսական տիրույթում օգտատերերը հիմնականում իշխանության վարկածին են հավատում։
«ՀԱՀ–ից չղջիկների պատվերը ստացվել է Լուգարայի անվան լաբորատորիայից, սա պարզից էլ պարզ է։ Չի կարելի զգոնություն կորցնել, ընդհանրապես, հիբրիդային ահաբեկչական կենսաբանական պատերազմ է գնում, ովքեր տեղյակ չեն, Երկիր մոլորակից չեն», — գրում է սոցցանցերի օգտատերերից մեկը։
Թերահավատներ էլ են հանդիպում․ «Չգիտեմ, թե ինչ է չղջիկի բոժոժը, թող Մգեբրիշվիլին ցույց տա, թե դա ինչ է, որի համար հինգ հազար դոլար են տալիս։ Հարբած ոզնու զառանցանքի է նման»։
Հարավային Օսիայի հատուկ ծառայությունները ոչ պրոֆեսիոնալ են գործել, և ձերբակալվածը «հիմարություն է դուրս տալիս», կարծում է քաղակտիվիստ Տիմուր Ցխուրբատին։
Միաժամանակ Ցխուրբատին վատ բան չի տեսնում դրանում, որ չղջիկները վաճառվեն նրանց, ում պետք են․
«Չղջիկները ոչ մի բոժոժ էլ չունեն։ Իսկ եթե հետաքրքրություն են ներկայացնում հենց չղջիկները, ինչո՞ւ դրանց մատակարարում չկազմակերպել, եթե իրոք դրանց դիմաց այդքան վճարում են։ ՀՕ–ում չղջիկներին դարերով ոչ ոք չի անհանգստացրել, թերևս՝ պատահաբար։ Կարծում եմ, որ նրանց պոպուլյացիան որոշ կորուստների կդիմանա, բացի այդ՝ ավելի շատ բան կիմանանք Լուգարայի լաբորատորիայի մասին»։
Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով: