Հարավային Օսիայի ֆերմերների արտադրանքը շարունակում են արգելել Ռուսաստան ներմուծել
«Ահա այս խնձորները ճաճայի համար պետք կգան: Իսկ նրանք, որ տակառի մեջ եմ լցնում, անասունները կուտեն», — հիասթափված պատասխանում է այգեպան Շոթան Դմենիս գյուղից:
Շոթան ամրակազմ ծերունի է՝ թաղիքե գլխարկով, նա կոշտուկոտ ձեռքերով խնձորն է ջոկում և լցնում փայտե արկղերի մեջ: Ոսկեգույն «զաֆրանը» ցանկացած տոնական սեղանի լավ հյուրասիրություն կարող էր դառնալ: Սակայն այդ ամբողջ միրգը փտելու է մութ ցախատանը:
Շոթան կրկին չի կարողացել ժամանակին Վլադիկավկազի շուկաներում վաճառել բերքը, իսկ հիմա արդն ուշ է, էլ չի ստացվի: 2017թ-ի բերքն, ինչպես և նախորդ մի քանի տարիներինը, նա կբաժանի բարեկամներին: Սակայն հնարավոր է խնձորի որոշակի մասնաբաժին վաճառել Ցխինվալի շուկայում կիլոգրամն առավելագույնը 80 ռուբլով [մոտ $1.50]:
Համարվում է, որ Հարավային Օսիայում ամենահամեղ խնձորն աճում է էկոլոգիապես առավել մաքուր Ձաուի շրջանում: Սակայն, ասում է Շոթան, այն հարկ եղած «սնդուսափայլ» ապրանքային տեսքը չունի: Իսկ խնձորի իսկական դրախտը Ցխինվալի շրջանն է, Դեմենիս, Սաթիքար, Խելչուա շրջանները: Այստեղ «անտոնովկա», «զաֆրան» և շատ այլ տեսակի խնձոր են աճեցնում: Իսկ խաղողագործությունն ավանդաբար ավելի զարգացած է Զնաուրի շրջանում:
Սակայն տեղի գյուղացիները մտածում են ոչ թե զարգացման, այլ իրենց այգիների և արտադրանքի պահպանման մասին, երբ աճեցրած ապրանքը սպառելու տեղ չկա: Գլխավոր շուկան, որը կարող էր խթանել արտադրանքը Հարավային Օսիայում, Ռուսաստանն է: Սակայն հենց այնտեղ հանրապետությունից ապրանք հնարավոր չէ արտահանել:
Իրենց ապրանքը Հարավային Օսիայի ֆերմերները վաճառում են Ցխինվալի շուկայում՝ մրցակցելով Ռուսաստանից կամ մաքսանենգ ճանապարհով Վրաստանից ներկրված մրգի ու բանջարեղենի հետ:
«Արդեն տասներորդ տարին է, ինչ Հարավային Օսիան ճանաչվել է Ռուսաստանի կողմից, օգտվում է նրա մշտական ուշադրությունից և ենթակառուցվածքների վերականգնմանը և զարգացմանը ցուցաբերվող օգնությունից: Սակայն տնտեսական առումով հանրապետությունը այդպես էլ դեռևս աջակցություն չի ստանում», — ասում է գործարար Ինալը (ազգանունը չցանկացավ նշել):
Ինալն ու մյուս գործարարները, որոնց հետ զրուցել է JAMnews-ը, դրա համար մեղադրում էին հանրապետության կառավարությանը:
Անհաղթահարելի բյուրոկրատիա
Հարավային Օսիայի այն ֆերմերների համար, որոնք ցանկանում են գյուղմթերքը Ռուսաստան արտահանել, գլխավոր բարդությունն անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունն է, որոնք պահանջում է ռուսական մաքսատունը սահմանը հատելիս: Եվ դրանք հնարավոր չէ ունենալ, քանի որ Հարավային Օսիայում անհրաժեշտ տեսչություններ չեն ստեղծվել:
Մոտավորապես մեկ ամիս առաջ հանրապետությունում ստեղվծել է պետական անանսնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության ծառայություն, այն կոչվում է «Հարավօսգյուղհսկողություն»: Ծառայությունը ստեղծվել է գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական հսկողության վարչության վերակազմավորման արդյունքում:
Նոր ծառայությունը լիազորություններ է ստացել ստուգելու գյուղատնտեսական արտադրանքն ու սերտիֆիկատներ տրամադրելու, որոնք պահանջում է ռուսական մաքսատունը: Ինչպես ասում է նոր գերատեսչության ղեկավար Ալան Մարգիևը, նման բան առաջին անգամ է տեղի ունենում. մինչև հիմա Հարավային Օսիայում այդ հարցրով զբաղվող կազմակերպություն չի եղել:
[pullquote align=”right”]Մինչ այժմ Հարավային Օսիայում չի եղել ծառայություն, որը կունենար իրավասություն ստուգել գյուղատնտեսական արտադրանքն ու հավաստագիր տրամադրել[/pullquote]
Սակայն, թեև ծառայությունն, ի վերջո, ստեղծվել է, խնդիրն, ըստ ամենայնի, չի լուծվել: «Հարավօսգյուղհսկողությունն» իրավունք ունի տրամադրելու ապրանքի անհրաժեշտ կից փաստաթղթերն ու տեղեկանքները, սակայն չի կարող ինքնուրույն ապրանքի անալիզ անցկացնել: Իսկ այն տեղական լաբորատորիաները, որոնք կան հանրապետությունում, «դեռևս ի վիճակի չեն աշխատելու բոլոր ուղղություններով», ինչպես արտահայտվեց Ալան Մարգիևը:
Բացի այդ, դրանք Ռուսաստանում հավատարմագրված չեն, իսկ առանց դրա անցկացված հետազոտությունների արդյունքներն իրական չեն համարվի Ռուսաստան ապրանք արտահանելիս:
Որպես ժամանակավոր լուծում Մարգիևը համարում է «Ռուսգյուղհսկողություն» («Ռոսսելխոզնադզոր») ռուսական լիազոր մարմնի հետ պայմանագիր կնքելը: Եթե կառույցը համաձայնի, հարավօսական արտադրանքը կուղարկվի ռուսական լաբորատորիաներ ստուգման: Թե որքան ժամանակ դա կխլի և ինչ կարժենա, արդեն այլ հարց է:
Փոքր ֆերմերների համար այդ խնդիրն, ըստ ամենայնի, շուտ չի լուծվի: Սակայն բառացիորեն այս օրերին այն լուծվել է «Ռաստդոն» խոշոր ձեռնարկության՝ մսի վերամշակման գործարանի համար, որը Հարավային Օսիայում կառուցվել է ներդրողների միջոցներով:
Ի սկզբանե պլանավորվում էր, որ տեղական անասնաբուծական տնտեսություններն իրենց արտադրանքը հանձնելու են «Ռաստդոնին», իսկ վերջինս այն վերամշակելու է և արտահանելու: Սակայն մինչև հիմա այդ սխեման չի աշխատել, քանի որ պարզվել է, որ Հարավային Օսիայում պարզապես չկա կառույց, որն անասնաբուժական վերահսկողություն է իրականացնում և համապատասխան սերտիֆիկատներ տրամադրում:
Հիմա այդ գործարանի մասով լուծում է գտնվել: «Ռոսսելխոզնադզորը» վերջերս տեսչական ստուգում է անցկացրել գործարանում և համաձայնել ինքնուրույն վերահսկել դրա արտադրանքն ու սերտիֆիկատներ տրամադրել:
Հավանաբար այդ սխեման կաշխատի ևս մի քանի, բայց շատ քիչ ձեռնարկությունների պարագայում, որոնք գործարկվել են նույն ռուսական ներդրումային ծրագրի շրջանակում: Սակայն շարքային ֆերմերները ստիպված կլինեն շարունակել սպասել խնդրի լուծմանը:
Մոտ մեկ տարի առաջ Հարավային Օսիայի կառավարության այն ժամանակվա փոխվարչապետ Դմիտրի Կոզաևը հայտարարել էր, որ հանրապետությունում շուտով կստեղծվի գործակալություն, որը կօգնի գյուղամթերքի արտադրողներին նախապատրաստել փաստաթղթերի փաթեթ, որը պետք է ուղեկցի նրանց ապրանքը, որպեսզի այն հնարավոր լինի Ռուսաստան արտահանել: Սակայն գործակալության հետագա ճակատագրի մասին տվյալ պահին ոչինչ հայտնի չէ:
Գ
Գյուղատնտեսությունը Հարավային Օսիայում սկսել է զարգանալ ներդրողների շնորհիվ, սակայն զարգացմանը խոչընդոտում են տեղի պաշտոնյաները, JAMnews-ին ասել է Հարավային Օսիայի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ռոյին Կոզաևը:
«Բոլորն օգնություն և փող են ուզում, սակայն աշխատատեղեր ոչ ոք չի ուզում ստեղծել: Ձեռնարկատերերն էլ մեղքի իրենց բաժինն ունեն. հարկերը կտրականապես չեն ուզում վճարել: Վարկերը չեն վերադարձնում: Ամեն ինչ այդքան հեշտ չէ», — ասում է Կոզաևը:
Հարավօսական փորձագետ Յուրի Վազագովը JAMnews-ին ասել է, որ Հարավային Օսիայից դեպի Ռուսաստան արտահանման կարգավորումը հանրապետության համար ռազմավարական խնդիր է: Սակայն այդ խնդրի լուծման մասին այստեղ նոր են սկսում մտածել:
«Մոսկվայում Հարավային Օսիայի նախագահի և Վլադիմիր Պուտինի վերջերս կայացած հանդիպման ժամանակ նշվել է, որ Մոսկվան հանրապետությանը 1 մլրդ ռուբլի [մոտ $17 մլն] կտրամադրի գործարարների և ֆերմերների արտոնյալ վարկավորման համար: Այնպես որ, լաբորատորիաների խնդիրը պետք է շատ շտապ լուծել», — ասում է Վազագովը:
Տեղական լոլիկն ավելի թանկ է, քան թուրքականը
Փորձագետ Ռոլանդ Կելեխսաևը կարծում է, որ այդ ոլորտում ևս մեկ մասշտաբային խնդիր է ներմուծումից կախվածությունն ու տեղական արտադրանքի անմրցունակությունը.
«Մեզ մոտ տեղական լոլիկն ավելի թանկ է, քան ներկրված թուրքականը: Ինչո՞ւ: Շատ պատճառներ կան: Գյուղերը դատարկվել են, և այն, ինչ այնտեղ արտադրում են, հիմնականում անձնական սպառման համար է: Տեխնիկա չկա, գյուղացիներն իրենց բանջարանոցները պարզապես ձեռքով են մշակում, այդ պատճառով էլ տեղական գյուղամթերքի գինն ավելի թանկ է»:
Հարավային Օսիայում հաջող ֆերմերական տնտեսությունների օրինակներ կան, դրանք Դզաուի և Զնաուրի շրջաններում գտնվող մի քանի անասնաբուծական տնտեսություններն են, Վանատ և Կեմուլտա գյուղերում ձկնաբուծության մի քանի ֆերմաները:
Սակայն ընդհանուր առմամբ, խնդիրը լուծելու փորձերը մինչև հիմա այնքան էլ հաջող չեն եղել:
«Գործարարները վարկեր են վերցրել և պայմանները չեն կատարել: Այնուհետև սնանկության պատրվակով անհետացել են փողերի հետ միասին», — ասում է Ռոլանդ Կելեխսաևը:
Որպես լուծում նա համարում է համալիր մոտեցումը: Առաջին հերթին, ասում է նա, վարկերը պետք է տրամադրվեն ֆերմերային տնտեսության զարգացման որևէ մասնագիտացված ծրագրի շրջանակում: Երկրորդը, վարկավորման ծրագիրը պետք է ցածր տոկոսադրույքներ առաջարկի և զանգվածային բնույթ կրի:
«Ֆինանսավորումը պետք է հերիքի ոչ միայն երկու-երեք գործարարի», — ասում է Կելեխսաևը: