Հարավային Կովկաս՝ վտանգներ և սպառնալիքներ
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սկիզբ առած ապիրլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանում ավելի ակտիվ սկսվեց քննարկվել Հայաստանի և ընդհանուր առմամաբ տարածաշրջանի անվտանգության հարցը:
Կամավորները շարունակում են մեկնել դիրքեր, նրանցից շատերը՝ այս պահին սահմանին ծառայող զինվորների հայրերն ու եղբայրներն են: Հասարակությունը համախմբվել է ու որոշակի չափով հանդարտվել՝ սահմանները պաշտպանված են:
Սակայան անվտանգության հարցն ունի նաև քաղաքական բաղկացուցիչ: Վերլուծաբանները վերջին շրջանում ակտիվ քննարկում են կոնֆլիկիտի էսկալացիայի պատճառները, կանխատեսումներ են անում ռեգիոնալ փոփոխությունների հետ կապված և գնահատականներ տալիս տարածաշրջանում իրենց ազդեցությունը թելադրող երկրների քաղաքականության վերաբերյալ:
Խորհրդային Միության փլուզումից հետո տարածաշրջանը դարձել է պատերազմական թատերաբեմ ի դեմս Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի հակամարտությունների:
Կովկասը նմանեցնելով մի հրաշալի խճանկարի, որի հիմքը կազմում են տարբեր ժողովուրդներն ու մշակույթները, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը կարծում է. նրանցից որևէ մեկը պարտադրված չպետք է հեռանա այն տարածքից, որտեղ ցանկանում է ապրել: Կովկասն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, սակայն անհրաժեշտ է նոր մոտեցում նույն տարածաշրջանում համատեղ ապագայի նկատմամբ.
«Այն արժեքները, որոնք այսօր գոյություն ունեն մեր հասարակություններում, չեն ստեղծում այն ֆունդամենտը, որի հենքի վրա հնարավոր կլիներ գնալ համատեղ փոխգոյատևման: Եթե տարածքները շատ ավելի աժեքավոր են, քան մարդիկ, ուրեմն չկա խաղաղ գոյակցության հիմք»:
Հայ փորձագետները նշում են, որ կովկասյան պետությունների միջև բաժանարար գծերը արտաքին հզոր խաղացող երկրների քաղաքականության հետևանք են: Նրանցից յուրաքանչյուրն իր շահերն ու հետաքրքրություններն ունի տարածաշրջանում, իսկ ԼՂՀ հակամարտությունն ուղղակի ազդեցություն ունի տարածաշրջանային կայունության վրա:
«Թե այդ կապը որքան խորն է և հիմնավոր, պետք է թերթել ռուս-թուրքական-իրանական հարաբերությունների պատմությունը Կովկասի կոնտեքստում, որտեղ իրավիճակի վրա ազդեցություն ունենալու համար որպես խաղաքարտեր էին օգտագործվում էթնիկական և կրոնական ասպեկտները:
Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական բալանսի խախտումը դիսբալանսի է բերում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև հավասարակշռությունը, իսկ բալանսի խախտումը կարող է հանգեցնել շատ մեծ տարածաշրջային հակամարտության»,- ասում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:
Հովսեփ Խուրշուդյանի դիտարկմամբ էլ Լեռնային Ղարաբաղի խնդիրը գրեթե 100-ամյա պատմություն ունի, ինչը որպես ական դրվել էր ԽՍՀՄ հիմքում դեռևս Իոսիֆ Ստալինի կողմից, ով, անջատելով հայաբնակ Արցախը Հայաստանից, միացրեց այն Ադրբեջանին.
«Փաստն այն է, որ Արցախը անկախ Ադրբեջանի կազմում երբեք չի եղել և ԽՍՀՄ-ից առանց Լեռնային Ղարաբաղի անկախացած Ադրբեջանը իր գոյության առաջին օրերին իսկ Արցախի դեմ սանձազերծած իր ռազմական ագրեսիայով ցույց տվեց, որ նպատակ ունի ոչ թե միայն բռնակցել վերջինին իրեն, այլ նաև ոչնչացնել կամ առնվազն արտաքսել տարածաշրջանից նրա հայ բնակչությանը: Քանի դեռ այս փաստերը ճանաչված չեն, անհնար է ձևավորել տարածաշրջանային անվտանգության նոր միջավայր»:
Հայ փորձագետների գնահատմամբ գերտերությունների դերակատարումը, հետևաբար՝ նրանց շահերի բախումն ու կարծիքների հակասությունը բերում է նրան, որ հակամարտության կարգավորման գործըթնացում հնարավոր չի լինում դրական միտումներ արձանագրել:
Ստեփան Դանիելյանի կարծիով, Արցախի խնդրի լուծումը Արցախից դուրս է գտնվում.
«Մի կոպիտ համեմատություն բերեմ` ֆրանս-գերմանական կոնֆլիկտը Էլզասի և Լոթարինգիայի շուրջը արյունալի պատմություն ունի, և դա կանխատեսում էր անգամ Բիսմարկը այդ տարածքը գրավելուց հետո: Հետագայում ֆրանս-գերմանական հարաբերությունները հիմք հանդիսացան ԵՄ ստեղծելու համար: Նոր հարաբերությունները նոր մտածողության դաշտ ստեղծեցին:
Մոտավորապես նույնը կարելի է ասել Արցախի կոնֆլիկտի մասին: Կարծում եմ, մինչև մեծ տարածաշրջանում ընդհանուր համակեցության համար լուծում չգտնվի, այս կոնֆլիկտը չի կարող լուծվել: Փոխադարձ, մեղմ ասած, անվստահությունը որևէ լուծման հեռանկար չի թողնում: Սակայն մեծ տարածաշրջանում իրավիճակը ոչ միայն նման միջավայր չի ստեղծում, այլ ճիշտ հակառակը` գնալով Մերձավոր Արևելքում, և ոչ միայն այնտեղ, կոնֆլիկտների թիվը աճում է: Նման զարգացումները լավատեսության հիմքեր չեն ստեղծում»:
Հարավային Կովկասում «խոշոր խաղացողների» շահերի բախման հետևանքով կորուստները կրում են տարածաշրջանում ապրող ժողովուրդները: Եվ կան երկրներ, որոնց արցախյան հակամարտության թեժացումը կարող է ձեռնտու լինել՝ սեփական դիրքերն ամրապնդելու ռեգիոնում ազդեցությունը մեծացնելու համար:
Հովսեփ Խուրշուդյանը նշում է. այդ երկրներն են Ռուսաստանը և Թուրքիան, երկուսին էլ հարկավոր է տարածաշրջանում մի նոր հակամարտություն՝ միջազգային հանրության ուշադրությունը իրենց դեստրուկտիվ դերակատարությունից շեղելու համար ՝ մի դեպքում Դոնբասում, մյուս դեպքում՝ Սիրիայում.
«Բացի այդ, երկուսն էլ ձգտում են առավելագույնս թուլացնել Հայաստանը. առաջինը որպես մրցակցի և Հայոց ցեղասպանության զոհերի պահանջատեր իրավահաջորդի, իսկ մյուսը՝ զուտ իրենից էլ ավելի մեծ կախվածության մեջ գցելու նպատակով, քանի որ 2009-2013 թվականները ցույց տվեցին, որ Հայաստանի հասարակությունը պատրաստ է առավել խորը եվրոպական ինտեգրման ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման, ինչի մեջ Ռուսաստանը տեսավ տարածաշրջանում իր միակ ռազմակայանը կորցնելու վտանգավոր հեռանկար»:
Փորձագետի դիտարկումներով նույն Ռուսաստանի համար նախընտրելի է հակամարտության չափավոր և կառավարելի էսկալացիա, հակառակ դեպքում այն կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ. սկսած ԻԳԻԼ-ի գրոհայինների ավելի զանգվածային և անկառավարելի ներգրավումից նախ Արցախի դեմ, ապա նաև Հյուսիսային Կովկասի, վերջացրած տարածաշրջանային ուժային կոնֆիգուրացիայի այնպիսի տեկտոնական փոփոխությունով, որի արդյունքում Ռուսաստանը կարող է դուրս մղվել Հայաստանից:
Սակայն ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի դիտարկմամբ, ռուսական գործոնի ներկայությունը տարածաշրջանում խաղաղության երաշխիք է, և հակամարտությունները Ռուսաստանին ամենաքիչը հարկավոր չեն.
«1994 թվական՝ կոնֆլիկտներ՝ Աբխազիա, Օսեթիա, Ղարաբաղ: Ո՞վ է խաղաղությունը վերականգնել այս տարածքներում՝ Ռուսաստանը: Ես եղել եմ այդ բանակցությունների մասնակիցը 1994-ին և կարող եմ մանրամասն պատմել, թե ի՛նչ էր տեղի ունենում: Նրա շահերից չեն բխում կոնֆլիկտները այստեղ, նրա հետաքրքրությունները կան, նա կշարունակի մնալ այստեղ ու պայքարել իր հետաքրքրությունների համար, բայց նրան ձեռնտու է, որ լինեն խաղաղ պայմաններ, և միայն այդ ժամանակ կարող է մեծացնել իր ազդեցությունը»:
Ըստ Հարությունյանի, հակամարտությունների առկայությունը ձեռնտու է այն երկրներին, որոնք ուզում են Ռուսաստանին դուրս նետել տարածաշրջանից.
«Ո՞ւմ էր անհրաժեշտ կոնֆլիկտը Աբխազիայում և Օսեթիայում: Այդ ամբողջ ընթացքում Հայաստանը և ամբողջ Անդրկովկասը անջատված էին Ռուսաստանից, չկային ենթակառուցվածքներ, տնտեսական կապեր, և հնարավոր չէր ապահովել կապը Ռուսաստանի հետ: Եվ հենց այս իրավիճակում Հայաստանն ու իր տնտեսությունը թեքվում են Թուրքիայի կողմը: Եվ որքան երկար են ձգվում կոնֆլիկտները Հարավային Կովկասում, այնքան ավելի շատ են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, Ռուսաստանից կտրվելով, շարժվում դեպի հարավ»:
Թուրքիան միակ երկիրն էր, որ ապրիլյան պատերազմի օրերին և մինչև այսօր էլ բացահայտ աջակցում է Ադրբեջանին, միևնույն ժամանակ ղարաբաղյան հակամարտությունը օգտագործելով իր ազդեցությունը մեծացնելու համար Հարավային Կովկասում, դրանով իսկ ցույց տալով թուրքական բազուկը Ռուսաստանին, հատկապես Մերձավոր Արևելքում տանուլ տալուց հետո՝ ի դեմս Սիրիայի:
«Պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած հակառուսական օջախում Թուրքիան ունի իր շահագրգռվածությունը և փորձում է անուղաիկորեն ներկայանալի լինել այդտեղ: Հիշենք Ռուսաստանում ԽՍՀՄ փլուզումից հետո Չեչնիայի համակարտությունը, որի ժամանակ Թուրքիան աջակցում էր գրոհայիններին:
Թուրքիան փորձում է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, իսկ Ադրբեջանի պարագայում գերիշխողը ռուսական ազդեցությունն է, և Թուրքիան այս հրահրումով փորձում է նաև իր ազդեցությունը ունենալ ադրբեջանական հասարակության և քաղաքականության վրա»,- կարծում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Վրաց-հայկական հարաբերությունները փորձագետները կարևորեցին տարածաշրջանում կայունության պահպանման, անվտանգության առումով, որքան էլ այդ երկրը գտնվում է Ադրբեջանի և Վրաստանի հետ տնտեսաական և քաղաքական եռանկյունում:
«Ինչ էլ պատահի՝ քառօրյա պատերազմը ԼՂՀ-ում, հնգօրյա պատերազմը Վրաստանի և Ռուսաստանի միջև, Հայաստանը և Վրաստանը պետք է կոնսոլիդացիայի գան և այնպես անեն, որ ևս մեկ բաժանարար գիծ չլինի այս երկու երկրների միջև: Եվ եթե Հայաստանն ունի Եվրաատլանտյան տեսլական, ապա դա միայն կարող է լինել Վրաստանի հետ միասին»,- կարծում է Կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ, լրագրող Թաթուլ Հակոբյանը:
Կովկասյան մեծ տան խնդիրները չեն պակասում և լուծումներ են պահանջում: Եվ հեռվից դա ավելի լավ է երևում: Բրիտանացի, կովկասյան հարցերով հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալը, անդրադառնալով ԼՂՀ հակամարտության նոր էսկալացիային, Politico ամսագրում գրում է. Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության վակուումային գոտի է բացվել, և այդ վակուումը կարող է լցվել միայն լուրջ խաղաղ բանակցություններով կամ նոր պատերազմով.
«Առանց չափազանցության կարելի է ասել, որ Հայաստանը և Ադրբեջանը 2-3 քայլ են հեռու բոսնիական սցենարի հակամարտության կրկնությունից, ինչը կարող է ավերիչ լինել ամբողջ տարածաշրջանի համար»:
Նյութը պատրաստվել է GO Group Media-ի լրագրողական էքսպեդիցիայի (արշավի) շրջանակներում:
Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:
Հրապարալվել է՝ 23.05.2016