Հարավային Օսիա. «Մենք բանտում բուժզննում չենք անցնում, որովհետև մեր բժիշկներին ազատել են աշխատանքից»
Ցխինվալի բանտի բանտարկյալներն անժամկետ հացադուլ են հայտարարել՝ պահանջելով բարելավել պահպանման պայմանները:
Պահանջների թվում հետևյալներն են.
- հնարավորություն տալ պատիժը կրելու գաղությում, այլ ոչ թե բանտում;
- կատարել խորհրդարանի որոշումը համար մեկ ուղղիչ գաղութում գտնվող բոլոր բանտարկյալների պատժի ժամկետների արտոնյալ հաշվարկի մասին: Այդ որոշման համաձայն՝ մեկ տարվա կալանքը պետք է մեկուկես հաշվվի;
- պահպանությունը բաժանել ռեժիմների (ընդհանուր և խիստ);
- ավելացնել զբոսանքի գոտու տարածքը;
- այցելությունների քանակն ամսական երկու անգամ դարձնել;
- բանտախցերում պատուհանները բարեկարգել;
- բարելավել բուժսպասարկումն ու դեղամիջոցների մատակարարումը:
Ինստագրամ սոցցանցում հրապարակած և հացադուլ հայտարարած բանտարկյալների տեքստում ասված է.
«Բանտում չեն հերիքում տարրական հարմարությունները, այն հարմարեցված չէ բանտարկյալների երկարատև պահպանության համար, ընդ որում, որոշ բանտարկյալներ այստեղ են գտնվում ավելի քան 10 տարի: Զբոսանքի տեղ չկա… Բուժզննում չենք անցնում, քանի որ մեր բժիշկներին աշխատանքից ազատել են: Մենք պատգամավորների հետ մի շարք հանդիպումներ ենք ունեցել, որոնք սկզբում մեզ խոստացան մինչև 2015թ-ի վերջը, իսկ հետո՝ 2016թ-ի վերջն, օրենք ընդունել դատապարտյալների պատժի ժամկետների արտոնյալ հաշվարկի մասին, սակայն չարեցին»:
Դատապարտյալների հարազատները ենթադրում են, որ բանտարկյալներին բողոքի ծայրահեղ միջոցի է դրդել այն, որ նրանց երկար սպասված համաներումը, որը խորհրդարանը հաստատել է նախագահի ընտրության հետ կապված (ընտրությունները կայացել են 2017թ-ի ապրիլի 9-ին), գրեթե չեն կայացել. համաներման պայմաններին 50 բանտարկյալից ընդամենը երկուսն են համապատասխանում, սակայն նրանք էլ դեռ ազատության մեջ չեն: Սակայն համաներման հույս ուներ ընդհանուր 20 բանտարկյալ:
Որոշ ժամանակ առաջ ՆԳՆ աշխատակիցները ռեյդեր են անցկացրել բանտախցերում, որոնք բանտարկյալների և նրանց հարազատների վրդովմունքն են առաջացրել, քանի որ, ինչպես նրանք են պնդում, խուզարկության ժամանակ ոչ միայն առգարվում էին արգելված իրերը, այլ նաև ավերում դատապարտյալների բանտախցերը, կոտրում կահույքը, սպասքն ու կենցաղային այլ իրեր:
Այդ ժամանակ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը խիստ քննադատության արժանացրեց ուղղիչ գաղութի պետին և պատիժների իրականացման վարչության պետին՝ հայտարարելով, որ հայտնաբերված խախտումները չէին կարող տեղի ունենալ առանց պատիժների իրականացման վարչության աշխատակիցների մասնակցության:
Իշխանությունների արձագանքը բանտարկյալների պահանջներին
Արդարադատության նախարար Զալինա Լալիևան այցելել է բանտարկյալներին և խոստացել, որ պահպանման պայմանները կբարելավվեն:
Ընդ որում նա ասել է, որ բանտում պահպանման պայմաններն «ամենավատը չեն»:
«Բանտարկյալները երեք անգամյա բազմազան սնունդ ունեն, լոգարան, զբոսանքի գոտի: Կարգապահությունը բավականին մեղմ է», ,- ասել է նախարարը:
Նշված խուզարկության ժամանակ բանտում բանտարկյալներից առգրավել են բջջային հեռախոսներ, սուր կտրող առարկաներ, նիգեր, մեխեր ու կանեփի սերմեր: Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում իրավապաշտպանները նման փաստերը բանտերում կոռուպցիայի վկայություն են համարում, Զալինա Լալիևան դա այն բանի հաստատում է անվանել, որ բանտարկյալների համար «մեղմ կարգապահության» պայմաններ են ստեղծվել:
Նա հաղորդել է, որ արդարադատության նախարարությունը Հարավային Օսիայի քաղաքացիներից, որոնք Ռուսաստանի տարածքում են կրում իրենց պատիժը, ավելի քան 20 նամակ է ստացել իրենց Ցխինվալի դատարան տեղափոխելու խնդրանքով:
Նախարարի խոսքով՝ չնայած որ բանտի հիվանդանոցում մեկ տարի է՝ բժիշկ չկա, հիվանդացած բանտարկյալին անհրաժեշտության դեպքում ուղարկում են հանրապետական հիվանդանոց հետազոտության կամ բուժման:
«Ոչ մի դեպք, երբ բժշկական միջամտություն է պետք, բանտի ադմինիստրացիայի կողմից առանց ուշադրության չի մնացել», — լրագրողներին ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ բանտարկյալներն ամեն տարի բուժզննում և դեսպանսերիզացիա են անցնում: Ուղղիչ գաղութի դեպքում նաև մշտական բուժքույր կա:
«Ժողովրդական կուսակցության» պատգամավոր Ամիրան Դյակոնովը կարծում է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է կոնսոլիդացնել բոլոր քաղաքական ուժերն ու խնդրի բաց քննարկում անցկացնել:
Ցխինվալի բանտը հիմնվել է 1992թ-ին տեղի սթափարանի՝ նրա համար հարմարեցված շենքում: Այսօր այնտեղ պատիժ է կրում 50 բանտարկյալ, որոնցից 23-ն անժամկետ հացադուլ են հայտարարել:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի: