«ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելը տեխնիկապես անհնար է»․ կարծիք Երևանից
ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգ
Վաղը՝ դեկտեմբերի 19-ին կկայանա Ռուսաստանի հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքի խորհրդարանական վեհաժողովը։ Քննարկվելու է միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցը։
Հայաստանը, սակայն, հայտարարել է, որ չի մասնակցելու վեհաժողովին։ ՌԴ արտգործնախարարության գնահատմամբ՝ դա չի ազդի «ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու մասին որոշման ընդունման վրա»։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը դեռևս չի մեկնաբանել ՝ նման որոշման կայացման պարագայում Հայաստանը պատրաստվո՞ւմ է ընդունել այն, թե՞ ոչ։
JAMnews-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Հարությունովը նշել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելը տեխնիկապես անհնար է։ Նրա կարծիքով՝ գործ ունենք ՀԱՊԿ անդամ երկիր-Ռուսաստան ձևաչափով համագործակցության հետ։
«Չմասնակցելու պատճառները հասկանալի են»
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովին պետք է մասնակցեր Հայաստանի խորհրդարանի խոսնակը։ Ալեն Սիմոնյանը, սակայն, նոյեմբերի վերջին հայտարարեց, որ չի մասնակցելու միջոցառմանը․
«Ես տեղեկացրել եմ ՀԱՊԿ-ի գործընկերներին, որ տվյալ միջոցառմանը չեմ մասնակցելու, նրանցից մինչև հիմա պատասխան չկա, և կարծում եմ՝ չի լինի։ Համոզված եմ, որ չմասնակցելու պատճառները նրանց հասկանալի են»։
ԱԺ նախագահի դիտարկմամբ՝ դա ամենևին էլ չի նշանակում «հարաբերությունների սառեցում»։ Հերթական անգամ վստահեցրել է՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի, պարզապես ստեղծված իրավիճակում տվյալ միջոցառմանը մասնակցելը նպատակահարմար չէ։
«Իսկ իրավիճակն այն է, որ ՀԱՊԿ-ը չի կատարում և նախկինում նույնպես չի կատարել իր պարտավորությունները», — լրագրողների հետ զրույցում շեշտել է Սիմոնյանը։
Հայաստանի ներկա չգտնվելը «չի արգելակի» գործընթացը
Այս ֆոնին ռուսական կողմը հայտարարեց, թե հայկական պատվիրակության բացակայությունը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման մասին որոշման ընդունման վրա։
«Նրանց ֆիզիկապես ներկա չգտնվելն այնքան էլ չի արգելակում այլ անդամ երկրների համաձայնեցման գործընթացները, այս կոլեկտիվ փաստաթղթերի ընդունումը, որոնց նրանք շատ դեպքերում միանում են»,- լրագրողներին ասել էր ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
Ստեղծվելիք ՀՕՊ միասնական համակարգին անդրադարձել էր նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նշել է, որ այն փաստացի արդեն գործում է, քանի որ «յուրաքանչյուր պետության հետ կան համապատասխան երկկողմ պայմանագրեր, իսկ ՀԱՊԿ- ի դեպքում մնում է միայն դա փաստաթղթավորելը»։
Հայաստանն ու ՌԴ-ն արդեն իսկ ունեն միավորված ՀՕՊ համակարգ
Հայաստանի և Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016 թ․-ի ապրիլյան քառօրյա պատերազմից երեք ամիս առաջ՝ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին: Իրավիճակն այդ ժամանակ լարված էր ինչպես Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում, այնպես էլ Հայաստանում՝ Տավուշում։ Պատերազմի ավարտից հետո՝ հունիսի վերջին համաձայնագիրը խորհրդարան բերվեց։
«Ազատություն» ռադիոկայանը այդ ընթացքի վերաբերյալ տեղեկություններ է հրապարակել՝ հիշեցնելով նաև 2016 թ․-ին ՊՆ կողմից տրված պարզաբանումն այն մասին, թե ինչ հնարավորություն է տալու համաձայնագիրը Հայաստանին:
«Համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործել Ռուսաստանի զինված ուժերի օդատիեզերական զորքերի հնարավորությունները` ընդհուպ մինչև միջուկային զենքի կիրառում: ՌԴ զինված ուժերի օդատիեզերական ուժերն ունեն արբանյակային համակարգ, որը Հայաստանի տարածքում կարող է օգտագործվել ի շահ Հայաստանի ՀՕՊ զորքերի: Ռուսական կողմն ունի նաև հսկման համակարգեր, որոնք նույնպես կարող են կիրառվել ի շահ Հայաստանի»,- նշված է եղել պարզաբանման մեջ։
Տարիներ առաջ ստորագրված այս համաձայնագրի գործնական կիրառության մասին տեղեկություններ հայտնի չեն։ Սա այն դեպքում, երբ 2016 թ․-ից հետո Հայաստանի ղեկավարությունը աջակցություն է խնդրել իր սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ Խոսքը գնում է Ադրբեջանի կողմից հարձակման մասին՝ 2021 թ․-ի մայիսին և 2022 թ․-ի սեպտեմբերին։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Դավիթ Հարությունովի համար պարզ չէ՝ ինչ միասնական համակարգի մասին կարող է խոսք գնալ։ Կարծում է՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելն անհնար է.
«Անդամ երկրները գտնվում են տարբեր աշխարհագրական տարածքներում՝ Եվրոպա, Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս։ Այդ ամենը միացնել անհնար է, երկրորդն էլ՝ ուղղակի պետք չէ․ յուրաքանչյուր երկիր շահագրգռված է իր սահմանները պահելով»։
Նրա դիտարկմամբ՝ ՀՕՊ ոլորտում համագործակցությունը կառուցվում է երկկողմանի սկզբունքով՝ ՀԱՊԿ անդամ երկիր և ՌԴ։ Ասում է՝ Հայաստանն այս ոլորտում Ռուսաստանի հետ գործակցում էր դեռևս նախքան 2016 թ․-ի համաձայնագրի ստորագրումը։ Օրինակ է բերում ռուսական ռազմաբազան և հավելում, որ դրա գլխավոր գործառույթներից մեկը հենց հակաօդային պաշտպանության ստեղծումն էր։
«Հայաստանի հակաօդային պաշտպանության զգալի մասը՝ ամբողջ Թուրքիայի հետ սահմանի հատվածն ապահովում է ռուսական կողմը։ Ու դա գործոններից մեկն է՝ ինչու ՀՀ-ն մինչև հիմա գոյություն ունի»,- JAMnews-ի հետ զրույցում շեշտել է Հարությունովը։
Ասում է՝ հայ-ռուսական շատ պայմանագրեր կնքվել են դեռևս 90-ականներին, երբ Արցախյան կոնֆլիկտի պայմաններում կար Թուրքիայից հարձակման վտանգ։ Ընդգծում է՝ որևէ տեղ չի գրվել և չի էլ ենթադրվել, որ ՌԴ-ն կպաշտպանի Լեռնային Ղարաբաղը․
«Ինչ վերաբերում է ՀՀ սուվերեն տարածքին, դա [չարձագանքելն ու չմիջամտելը] եղել է ՌԴ կողմից քաղաքական որոշում՝ կապված նրա հետ, որ իրենք իսկապես չեն ուզում մտնել կոնֆլիկտի մեջ Ադրբեջանի հետ»։
Քաղաքագետը սա խնդրահարույց է համարում, բայց նաև հիշեցնում՝ 2010-ականներից սկսած՝ ՌԴ արտաքին քաղաքական գերակայությունների մեջ Հայաստանի դերը նվազել է՝ պայմանավորված Ղրիմում ներկայությամբ և Սիրիայի ռազմաբազայով։ Բացի այդ՝ զարգացել են ռուս-թուրքական հարաբերությունները։
Կարծում է՝ հայ-ռուսական պայմանագրերի ոչ թե վերանայման, այլ ճշգրտման կարիք կա, որպեսզի հայկական կողմը հստակ հասկանա՝ ինչ կարող է ակնկալել Մոսկվայից։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ըստ Հարությունովի, այն ի սկզբանե «շատ էֆեկտիվ կառույց» չի եղել, պարզապես ՀՀ-ին տվել է էժան զենք գնելու հնարավորություն և երկրորդել այն երաշխիքները, որոնք Հայաստանն արդեն իսկ ուներ ՌԴ հետ պայմանագրերի շրջանակում։
«Հնարավոր է՝ ՀՀ-ում կային ինչ-որ տրամադրություններ, որ պիտի կազմ-պատրաստ գա ու Հայաստանը փրկի, բայց չգիտեմ՝ որտեղից են դրանք առաջացել։ Շատ քիչ են իրական դեպքերը, երբ այդ կառույցը ինչ-որ բան է արել»,- նկատել է նա։
Ասում է՝ հասկանալի չէ՝ ինչ կստանա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու արդյունքում։ Արևմուտքից այլընտրանքային երաշխիքներ, ըստ նրա, չեն առաջարկվում․
«Անվտանգային ոլորտում որոշակի դիվերսիֆիկացումն ուղղակի անխուսափելի է։ Այն երաշխիքները, որ ի սկզբանե ենթադրվում էր, որ ՌԴ-ն պետք է տրամադրի, տեսնում ենք՝ ինչ-ինչ պատճառներով առնվազն դրա մի մասը պատրաստ չեն տրամադրել»։
Դավիթ Հարությունովի կարծիքով՝ Հայաստանն ունի «մանևրելու ռեսուրս» ՌԴ հետ կապերը չխզելու, բայց միաժամանակ Արևմուտքի հետ դրանք զարգացնելու համար։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգ