ՀԱՊԿ-ից դուրս գալը Երևանի օրակարգում չէ․ ինչո՞վ է վտանգավոր
ՀԱՊԿ դիտորդների տեղակայում հայ-ադրբեջանական սահմանին
«Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց քննարկել է»,- նախօրեին այդ մասին հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Նրա փոխանցմամբ՝ քննարկումը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համատեքստում։ Սաֆարյանի խոսքով՝ որոշել են շարունակել աշխատանքները՝ չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմի «սպասելիքները չեն արդարացել»։ Ասում է՝ իրավիճակը բարդ է, բայց Հայաստանը շարունակում է հուսալ, որ իր «քայլերն ու աշխատանքները կբերեն որոշակի արդյունքների»։
Մինչ Երևանում պարբերաբար բարձրացվում է ռազմական դաշինքը լքելու թեման, պաշտոնական Մոսկվան հայտարարում է՝ ՀԱՊԿ դիտորդները պատրաստ են տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին, եթե հայկական կողմը համաձայնի։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասում է՝ Ռուսաստանն Ադրբեջանին խոստացել է, որ «սահմանի ամբողջ երկայնքով կկարողանա խորանալ Հայաստանի տարածք» ու հավելում՝ «ՀԱՊԿ դիտորդները կհուշեն՝ ինչպես»։
Մայիսին 19-ին Մոսկվայում նախատեսված Միրզոյան-Բայրամով բանակցություններից առաջ հայ-ռուսական հարաբերություններում կրկին լարվածության աճ է նկատվում։ Տևական լռությունից հետո Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանն այդպես էլ չստացավ ՀԱՊԿ-ից այն արձագանքը, որն ակնկալում էր ադրբեջանական ագրեսիայի ժամանակ և առաջին անգամ խոսել է այն մասին, որ խորհրդում եղել են քննարկումներ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Մատնանշել է նաև այն, որ չեն պահվում մի շարք պայմանագրային պարտավորություններ, այդ թվում՝ վճարված գումարների դիմաց Հայաստանը ՌԴ-ից սպառազինություն չի ստանում։
«Հայաստանը կշահեր, եթե դիտորդները տեղակայվեին»
«Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման պարագայում Հայաստանն ավելի կայուն իրավիճակ կունենար:
«2022 թվականի աշնանը Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի համար փաստաթուղթ է պատրաստվել Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին։ Եթե Երևանը հաստատեր այն և պատրաստակամ լիներ ստորագրման, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր»,- նշել է նա։
Լավրովի փոխանցմամբ՝ փաստաթուղթն արտաքին գերատեսչությունների մակարդակով ամբողջովին համաձայնեցված է եղել, իսկ «հայ ընկերները վերջին պահին՝ հենց գագաթնաժողովի ընթացքում են խնդրել հետաձգել դրա ընդունումը»։
Պաշտոնական Երևանը՝ ի դեմս ԱԳՆ-ի, ինչպես նաև վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել են, որ ՀԱՊԿ-ից ակնկալում էին նախևառաջ քաղաքական գնահատական Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ իրականացված ագրեսիային: ՀԱՊԿ-ից սպասվում էր նաև Հայաստանի սուվերեն տարածքի՝ որպես ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ճանաչում։ Ռուսական կողմից և մյուս դաշնակիցներից, սակայն, ստացել են պատասխան, թե սահմանը դելիմիտացված չէ։
«Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ-ի համար։ Ի վերջո, եթե ասում եք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է՝ ՀԱՊԿ չկա, քանի որ ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը որոշվում է սահմաններով։ Եթե չկա սահման, ուրեմն չկա նաև պատասխանատվության գոտի, եթե չկա պատասխանատվության գոտի, ուրեմն չկա նաև կազմակերպություն»,- հայտարարել էր Փաշինյանը։
«Ինչ-որ պահի քննարկումները կարող են վերսկսվել»
Նման հայտարարություն է արել Հայաստանի փոխարտգործնախարարը՝ հիշեցնելով այն մասին, որ Երևանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի քաղաքական գնահատական։
Լրագրողները հետաքրքրվել են՝ եթե կառույցը լքելու հարց քննարկվել է, ինչո՞ւ նման որոշում չի կայացվել։
«Կան հարցեր, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում։ Ինչպես գիտեք, այս աշխատանքները շարունակվում են, և մենք դրա մասին հայտարարել ենք։ Շուտով կլինեն քննարկումներ Հարավային Կովկասում իրավիճակի հայտարարության հետ կապված, որի մասին կտեղեկացնենք»,- պատասխանել է Մնացական Սաֆարյանը։
ԱԳ նախարարի տեղակալը հայտարարել է, որ այս պահին օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա։
Ռուսամետ խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, թե ՀԱՊԿ-ի աջակցության փաթեթը ներառել է նաև սպառազինություն և զորք, իսկ հայկական կողմն այն մերժել է։ Սաֆարյանն այս հարցն անպատասխան է թողել՝ նշելով, որ այս պահին չի ուզում անդրադառնալ։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դժվարանում է ասել՝ ինչու Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից։
«Միգուցե կառավարությունն ունի ինչ-որ սպասելիք։ Ասենք՝ Ռուսաստանի քաղաքականությունը կփոխվի, և դա է պատճառը, որ չեն ուզում վերջնականապես խզել»,- Factor TV-ի եթերում ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ կառույցից դուրս չգալու կամ անդամակցությունը չսառեցնելու պարագայում նույնպես կան ռիսկեր, քանի որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Սա, ըստ նրա, հարցեր է առաջացնում։
Գրիգորյանը պատահական չի համարում նաև այն, որ ռուսական կողմն ակտիվորեն շրջանառում է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդների տեղակայման պատրաստակամության թեման։ Կարծում է՝ նպատակը տարածաշրջանից Եվրամիության դիտորդներին դուրս մղելն է, բայց ոչ միայն։
«ՌԴ-ն և ՀԱՊԿ-ը խոսք են տվել Ադրբեջանին, որ սահմանի ամբողջ երկայնքով կկարողանա խորանալ Հայաստանի տարածք։ Հիմա Ադրբեջանը ՌԴ-ից պահանջում է, որ խոստումը կատարի»,— հայտարարել է նա։
Այդ խոստումն, ըստ Գրիգորյանի, ՀԱՊԿ դիտորդներին Հայաստան ուղարկելու պատճառներից մեկն է։ Ասում է՝ եթե ռազմական դաշինքի դիտորդները տեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին «ուղղություն կտան, կհուշեն Ադրբեջանի զորքերին», նրանք էլ կկարողանան սահմանի երկայնքով խորանալ ՀՀ ինքնիշխան տարածքում։
«Բացի այդ, կխանգարեն ԵՄ դիտորդներին ֆիքսել դա։ Օրինակ՝ ԵՄ դիտորդը կֆիքսի, որ մեր տարածք մտան։ Նույն պահին ՀԱՊԿ դիտորդը կասի՝ մենք դա չենք տեսել։ Վիճելի հարց կդառնա»,- նշել է փորձագետը։
Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ Երևանը պետք է սառեցնի իր անդամակացությունը ՀԱՊԿ-ին։ Սակայն չի շտապում քննադատել կառավարությանը։ Ասում է՝ ողջ տեղեկատվությանը տիրապետում են և գուցե դաշինքը չլքելու որոշումը «տրամաբանական» է։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀԱՊԿ դիտորդների տեղակայում հայ-ադրբեջանական սահմանին