Հանրաքվե Գինեսի համար
Պատկերացրեք մի սուպերմարկետ, որն ինչ-որ սարսափելի սխալմունքի պատճառով բացել են ամայի անապատում, բացի այդ նաև մոռացել են դեպի այն տանող ճանապարհ սարքել: Եվ այնտեղ, լայն օգտագործման ապրանքի և գաստրոնոմիայի օազիսում, որտեղ բացման պահից ոչ ոք երբեք չի մտել և ոչինչ չի գնել, բնականաբար, բացի սուպերմարկետի աշխատակիցներից, հանկարծ ինչ-որ տեղից հայտնված հաճախորդ է մտնում:
Յոթը շատ է
Իմ տեղամասի բախտը դեռ բերել է: Երբ հանրաքվեի օրը ես մտա Ազգային գրադարանի նախասրահ, որտեղ տեղակայված է այն, և դա կեսօրին էր, քվեարկության էր եկել 7 հոգի:
Սովորաբար այդ ժամին ԿԸՀ-ն ավանդաբար հաղորդում է, որ քվեարկողների թիվն անցել է անհրաժեշտ սահմանը, և ընտրությունները կարելի է կայացած համարել՝ անկախ նրանից, նախագահի ենք մենք ընտրում, թե տարբեր մակարդակների պատգամավորների: Բայց ոչ այս անգամ:
Ընտրատեղամասերի մեծ մասի վրա, որոնք ողջ Աբխազիայում բացվել են, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց դիրքորոշումը հայտնել երկրի նախագահի վաղաժամ ընտրությունների վերաբերյալ, արժեր մեծ կողպեք կախել: Ողջ Օչամչիրի շրջանում կեսօրվա դրությամբ ընդամենը 1 հոգի էր քվեարկել: Նույն պատկերն էր Գալի շրջանում: Մնացածներում մի փոքր ավելի լավ էր վիճակը, բայց ընդամենը մի քիչ:
Գործընկերներիցս մեկն ով Ռուսաստանից եկել էր ընտրությունները լուսաբանելու, Սուխումի կենտրոնական ընտրատեղամասերից մեկի մոտ մի ամբողջ ժամ հերթապահում էր: Ռեպորտաժի համար նրան քվեատուփի մեջ քվեաթերթիկ գցող մեկն էր պետք: Սակայն մարդ չկար: Իսկ խմբագրությունը նրան շտապեցնում էր: Այդ պատճառով էլ նա սկսեց խնդրել ընտրական հանձնաժողովի անգործության մատնված անդամներին մի փոքր օգնել և մասնակցել բեմադրված նկարահանմանը:
Բնականաբար նրան կտրականապես մերժեցին, իբր «մենք այստեղ լուրջ բաներով ենք զբաղված, իսկ դու մեզ առաջարկում ես խաղ խաղալ»:
Քիչ էր մնացել նույնիսկ նրան դուրս անեին: Սակայն բախտը բերեց և այդ պահին մի տարեց կին մտավ ընտրատեղամաս, ով այն տիպի մարդկանցից էր, ում չի հետաքրքրում վերջնական արդյունքը, սակայն կարևոր է նման միջոցառման մասնակցությունը:
Տարեց կինը երջանիկ էր: Մոտ հինգ րոպե քվեաթերթիրկը ձեռքին նա թռչկոտում էր թափանցիկ քվեատուփի մոտ, կարող էր նույնսիկ կես ժամ դրան տրամադրել, սակայն գործընկերոջս նյարդերը տեղի տվեցին և նա միմիկայով ու ժեստերով հասկացրեց, որ ժամանակն է քվեաթերթիկը նետել:
Գինե՛ս, ընդունիր ռեկորդը
Երեկոյան ժամը 8-ին, երբ ընտրատեղամասերը փակվեցին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հեշտությամբ հրապարակեց արդյունքները: Քվեարկությանը մասնակիցների թիվը հազիվ էր անցնում 1%-ը: Եթե ավելի կոնկրետ լինենք, նախագահի վաղաժամ հեռանալու մասին հանրաքվեին մասնակցել է ընդամենը 1628 հոգի, ինչը կազմում է Աբխազիայի քաղաքացիների ընդհանուր թվի 1.23 տոկոսը: Այդ ցուցանիշով հանրաքվեն ճիշտ կլինի Գինեսի ռեկորդների գրքում գրանցել: Այնտեղ որպես Աբխազիայից գրանցած համաշխարհային ռեկորդներ առկա են միայն բնական երևույթները, որոնց մենք մասնակից չենք: Սակայն այժմ Կրուբերի քարանձավի (աշխարհում ամենաշորը քարանձավը) և Ռեպրուայի գետի (ամենակարճը) հետ մեկտեղ մեզ մոտ ձեռակերտ ռեկորդ գրանցվեց՝ ամենաանարդիական պլեբիսցիտը:
Նոմենկլատուրան պատասխան հարված է հասնցում
Հանրաքվե անցկացնելու գաղափարը աբխազական ընդդիմության մոտ հայտնվեց դեռևս անցյալ տարի: Նախկին նոմենկլատուրան, որին 2014թ-ին երկրի կառավարումից այդպես հանկարծակի մի կողմ քաշեցին Ռաուլ Հաջիմբան ու նրա կողմնակիցները, անընդհատ հիշեցնում էր այն մասին, որ այն ժամանակ իշխանափոխությունը տեղի է ունեցել պետական հեղաշրջման միջոցով: Իսկ այժմ այդ ակցիայի գաղափարական ներշնչողը վաղաժամ պետք է լքի զբաղեցրած նախագահական աթոռը, քանի որ ամեն ինչից զատ նա նաև խափել է քաղաքացիներին՝ «չկատարելով իր նախընտրական և ոչ մի խոստում»:
Ընդդիմությունը հրաժարվեց գործել նույն մեթոդներով, ինչ Հաջիմբան և հայտարարեց, որ այլ ուղով է գնալու՝ հանրաքվեի միջոցով:
2016թ-ի մարտին երկրի ղեկավարի վաղաժամ ընտրությունների վերաբերյալ հանրաքվեի նախաձեռնող խումբ ստեղծվեց: Հետո մեկ ամիս ստորագրություններ էին հավաքում՝ գրեթե 12 հազար: Եվս մեկ ամիս ԿԸՀ-ն դրանք ուսումնասիրում էր, և դրանից հետո հունիսի 1-ին նախագահն անսպասելիորեն և առաջին հերթին հենց ընդդիմության համար հուլիսի 10-ին հանրաքվե անցկացնելու մասին հրաման ստորագրեց:
Իշխանությունից հանրաքվեի միջոցով նախագահի հրաժարականի գաղափարն ի սկզբանե ուտոպիա էր թվում: Առաջին հերթին, քանի որ, ըստ գործող Սահմանադրության, երկրի ղեկավարից կարելի է հրաժարական պահանջել միայն երկու դեպքում՝ իմպիչմենտի ընթացակարգով կամ նախագահի կողմից ստորագրած հրաժարականի միջոցով:
Առավելագույնն, ինչ կարելի էր անել հանրաքվեի միջոցով՝ խորհուրդ տալ: Սակայն նույնիսկ նման «խորհրդատու» լինելու համար պետք է, որ քվեարկողների քանակը հիսուն ու մեկ տոկոս կազմի: Եվ ահա այդ շեմի մեջ էր ամենամեծ խնդիրը, որը հասարակության՝ քաղաքական գործընթացների և գործիչների հանդեպ ներկայիս անտարբերության պարագայում անհնար էր հաղթահարել:
Ճակատագրի նվերը
Երկրի ղեկավարին սատարող քաղաքական կազմակերպությունները ի սկզբանե հայտարարեցին նման պլեբիսցիտի վնասակարության մասին: Նրանք պնդում էին, որ նախագահն առաջին հերթին ընտրվել է 5 տարի ժամկետով, հետևաբար այդ ժամկետում նա վստահության քվե ունի, երկրորդ հերթին, նման նախաձեռնությունն աբխազական պետության համար վատ նախադեպ է և անկանխատեսելի հետևանքներ կունենա: Արդյունքում, նրանք փաստացի հայտարարեցին հանրաքվեի բոյկոտի մասին:
Արդյունքում, ներքին գործերի նախարար Լեոնիդ Ձյապշբան գոյություն ունեցող սպառնալիքները որպես գործողության ուղեցույց ընդունեց՝ արգելելով իր աշխատակիցներին մասնակցել քվեարկությանը:
Ընդդիմությունը ճակատագրի նման նվերը չէր կարող բաց թողնել: «Իշխանությունները վախեցնում են ժողովրդին», — հայտարարեց նա: Ընդդիությունն իր արտահերթ հանրագումարին Ձյապշբայի հրաժարականն ու հանրաքվեն աշնանը տեղափոխելու պահանջ ներկայացրեց՝ չսպասելով նախագահ Հաջիմբայի կարծիքին, և գնաց ՆԳՆ շենքը գրոհելու:
Եվս մի քիչ, և ՆԳՆ-ն «վախեցած ընտրազանգվածի» ճնշման տակ կընկներ, սակայն նրան փրկեց Ձյապշբային պաշտոնից ազատելու հրամանը, և լարվածությունը թուլացավ: Սակայն հանրաքվեն տեղափոխելու հարցում նախագահն անհողդողդ էր. «Այն կանցկացվի օրենքի շրջանակում նշանակված օրը, և դա քննարկման ենթակա չէ»:
Ափսոս առանց Բեքեթի
Եվ այդ ժամանակ ընդդիմությունը քվեարկության նախօրեին հանրաքվեին բոյկոտ հայտարարեց: Արդյունքում, պլեբիսցիտը, որի շուրջ մեկ տարի շարունակ կառուցվում էր աբխազական ներքաղաքական միտքը, մեկ ժամում աղբամանը նետվեց որպես դակված տոմս:
Այն ոչ ոքի պետք չէր: Ակցիայի վրա ծախսված 9 մլն ռուբլին [մոտ $140,000], Գինեսի գրքում հայտնված մեկ տողը և իմ խորը ափսոսանքը, որ աբսուրդի թատրոնի հիմնադիր Սեմյուել Բեքեթն այդպես էլ չապրեց մինչև բոլոր առումներով տարօրինակ օրը, երբ աբխազները միահամուռ կերպով բոյկոտեցին սեփական հանրաքվեն:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Առաջին անգամ հրապարակվել է 12.07.2016