«Ֆանտոմային ցավերի է նման»․ հայ քաղաքագետները՝ Լավրովի ելույթի մասին
Հայ քաղաքագետները՝ Լավրովի ելույթի մասին
«Հայկական կողմը, ամենայն հավանականությամբ, կրկին մերժում է բանակցությունների վերադառնալ Մոսկվա, քանի դեռ Լաչինի միջանցքը փակ է։ Դա գրգռել է Ռուսաստանին, արդեն մեղադրանքներ են հնչեցնում»,- Լավրովի հարցազրույցի մասին նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը։
Նախօրեին անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Ռուսաստանի արտգործնախարարը նշել էր, թե «Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի տարածքները», իշխանություններն, ըստ նրա, ցանկացել են «պահել տարածքներ, որոնց երբեք չեն հավակնել»։ Լավրովի խոսքով՝ Ադրբեջանը վերադարձրել է «այն հողերը, որոնք պատկանում էին իրեն»։
Հայաստանյան փորձագետները հիշեցնում են՝ ագրեսիվ պատերազմն արդարացնելով ՌԴ-ն խախտում է ինչպես ՄԱԿ, այնպես էլ իր հիմնադրած ՀԱՊԿ ռազմական դաշինքի կանոնադրությունները։
Հայ քաղաքագետները՝ Լավրովի ելույթի մասին
«Լեգիտիմացնում է ադրբեջանական ագրեսիան»
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հիշեցնում է՝ կարգավորման գործընթացի հիմքում դրվել է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, ՌԴ միջնորդությամբ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել նույն սկզբունքը հաստատող փաստաթղթեր։ Նրա գնահատմամբ՝ Լավրովն «արդարացնում ու լեգիտիմացնում է 2020 թվականի ադրբեջանական ագրեսիան»։
Գրիգորյանի խոսքով՝ մեկ այլ խնդիր է նաև այն, որ Ռուսաստանի արտգործնախարարը կարգավորման ողջ գործընթացը հանգեցնում է տարածքների վերադարձի խնդրին այն դեպքում, երբ դա գործընթացի միայն մեկ բաղադրիչն է։
«Նախկինում, երբ Փաշինյանն էր փորձում մինչպատերազմյան բանակցային գործընթացը հանգեցնել միայն տարածքների վերադարձի խնդրին, Ռուսաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես արձագանքում էր նրա հայտարարություններին ու պնդում, որ դա այդպես չէ»,- գրել է քաղաքագետն իր ֆեյսբուքյան էջում։
Նրա դիտարկմամբ՝ Մոսկվայի հռետորաբանության փոփոխությունը պայմանավորված է երկու գործոնով․
⦁ վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի համար Ադրբեջանի նշանակության աճով,
⦁ վերջին ամիսներին հայ-ռուսական հարաբերություններում խորացող ճգնաժամով։
«Մանր վրիժառության է նման»
Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի կարծիքն է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի հնչեցրած մտքերի մասին։ Ասում է՝ այդ հայտարարությունները վկայում են Մոսկվայի՝ որևէ բան անելու անկարողության մասին։
«Հումանիտար աղետի բեռը գնալով ավելի է ծանրանում նրանց ուսերին։ Աշխարհը մեղադրում է ռուս խաղաղապահներին, որ առնվազն չեն կատարում իրենց պարտականությունները»,- Factor TV-ի եթերում ասել է նա։
Խուրշուդյանի բնորոշմամբ՝ Լավրովի հարցազրույցը հակահայկական ուղերձ էր․
«Հնչում է օկուպացիա բառը, փաստորեն Հայաստանին մեղադրանք է արվում։ Որևէ արևմտյան ոչ առաջին, ոչ երկրորդ դեմքերի մակարդակով նման բան չի հնչել։ Միակ դեպքը 2013-ին էր, երբ Եվրախորհրդարանը օկուպացիա բառն օգտագործեց։ Բայց դա եղավ անմիջապես Հայաստանի կողմից Եվրասոցացման համաձայնագրի մերժումից հետո»։
Կարծում է՝ Մոսկվան շատ կուզեր, որ Հայաստանը մնար ռուս-թուրք-ադրբեջանական խաղի շրջանակներում՝ որպես զոհասեղանին հայտնված կողմ։
«Իսկ հիմա իրենք այլևս չեն կարողանում այդ խաղի շրջանակներում Հայաստանի հաշվին ինչ-որ բաներ զոհաբերել Ադրբեջանին, Թուրքիային։ Բացի այդ, հիմա Ռուսաստանը կախվածության մեջ է Թուրքիայից։ Ասում են, որ Թուրքիան իրենց փրկօղակն է։ Պատժամիջոցներից խուսափելու հիմնական խողովակն է դարձել»,— նկատել է վերլուծաբանը։
«Հայաստանը դիտարկում են որպես ծայրամաս, ոչ թե սուբյեկտ»
Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։ Ասում է՝ Մոսկվան մշտապես վարել է այնպիսի քաղաքականություն, որպեսզի հանգիստ կարողանա «սակարկել Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները»։
Սիմոնյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի դիմադրողականությունը թուլացել է, երկիրը սպառել է իր բոլոր լծակները։ Ասում է՝ այդ մասին է վկայում նաև դիվանագիտության մեջ կիրառվող սուր հռետորաբանությունը։
«Արձագանքները նման են ֆանտոմային ցավերի, իր նախկին ծայրամասերի կորուստը ոչ մի կերպ չի կարողանում ընդունել։ Բայց դա փաստ է, որի հետ պետք է վաղ, թե ուշ առերեսվի»,- ընդգծում է քաղաքագետը։
Factor TV-ի հետ զրույցում նա նշել է, որ ներկա պահին Հայաստանը չունի իմունային համակարգ իր գոյաբանական խնդիրներն ինքնուրույն լուծելու համար։ Սիմոնյանի խոսքով՝ եթե որևէ անվտանգային մեխանիզմ` նկատի ունի ՀԱՊԿ-ը, չի գործում, ապա պետք է փնտրել այլընտրանքներ։
Մյուս կողմից նկատում է՝ Հայաստանը ոչ թե պետք է փնտրի ռազմաքաղաքական բևեռներ և դառնա ինչ-որ մեկի կցորդը, այլ մշակի ազգային կոնցեպտ։ Ըստ նրա՝ ՌԴ-ի հետ ևս պետք է աշխատանք տանել, եթե Մոսկվան գա կառուցողական դաշտ և Հայաստանին դիտարկի եթե ոչ ինչպես հավասարը հավասարին, ապա առնվազն որպես սուբյեկտ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայ քաղաքագետները՝ Լավրովի ելույթի մասին