Բարեգործությո՞ւն, թե՞ պրագմատիզմ․ հայ միլիոնատերը պատրաստ է փոխհատուցել ադրբեջանցի գործարարների վնասները
Հայկական ծագմամբ ռուսաստանցի միլիոնատեր Սերգեյ Սարկիսովն առաջարկել է փոխհատուցել բոլոր ադրբեջանցիների վնասը, որը նրանք կրել են Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև բախումների հետևանքով։
Անցյալ շաբաթ Ռուսաստանի մայրաքաղաքում բավականին լարված իրավիճակ էր ստեղծվել։ Սոցցանցերում տեսանյութեր են տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են միմյանց վրա հարձակվում երկու համայնքների ներկայացուցիչները։ Մոսկվայում անկարգությունները սկսվել են հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական սրացման ֆոնին։ Հուլիսի 12–16–ին երկու կողմից ոչ պակաս, քան 17 մարդ է զոհվել։
Հայաստանում գործարարի խաղաղարար կոչն ընդունվեց ոչ թե որպես բարի կամքի դրսևորում, այլ պրագմատիկ քայլ։ Փորձագետները կարծում են, որ այդպիսով գործարարը փորձում է վերականգնել հարաբերություններն իր ադրբեջանցի գործընկերների հետ և շարունակել զարգացնել իր բիզնեսը։
● Մոսկվա․ ծեծկռտուք ադրբեջանցիների և հայերի միջև, ինչո՞ւ։ Տեսանյութ և լուսանկարներ
Ի՞նչ է ասել Սարկիսովը
Միլիոնատերը կոչ է արել Մոսկվայի երկու համայնքների ներկայացուցիչներին հրաժարվել բռնությունից և կանգնեցնել նրանց, ովքեր անկարգություններ են սադրում արտասահմանից։
Իր ուղերձում Սարկիսովն ընդգծել է, որ ինքը «շատ է ամաչում» իր ընկեր ադրբեջանցիներից այն «վանդալների փոխարեն, որոնք որոշել են իրենց ազգային ինքնագիտակցությունն արտահայտել բռնությամբ և ավերածությամբ»․
«Մեր նախնիների ավանույթներում ընդունված չէ հարաբերություններ պարզել այն տանը, որտեղ մեզ ընդունել են, ապրելու և աշխատելու, երեխաներին ուսման տալու հնարավորություն տվել։ Ռուսաստանը նկատի ունեմ։ Մի՛ խայտառակեք ձեր ժողովուրդներին, ձեր նախնիներին»։
Գործարարը հայտարել է, որ իր ընտանիքը կփոխհատուցի վնասը, որը հասցվել է ադրբեջանցի գործարարներին․
«Վստահ եմ, որ ադրբեջանի գործարարները մեզ հետ համակարծիք են և նույն բանը կանեն»։
Ի՞նչ են մտածում Հայաստանում
Սարկիսովի հայտարարությունը մեկնաբանել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Ըստ փորձագետի՝ Սարկիսովն իր հայտարարությամբ, ըստ ամենայնի, փորձում է հարթել կոնֆլիկտը, պահպանել ադրբեջանի գործընկերների հետ իր հարաբերությունները։
«Կարծում եմ, որ հայ–ադրբեջանական բախումների հետևանքով ադրբեջանական բիզնեսին հասցված վնասը մեծ չէ։ Շահը, որը փորձում է ստանալ Սերգեյ Սարկիսովը նման փոխհատուցումից, պրագմատիկ տեսանկյունից ավելի մեծ է», — նշել է Միքայելյանը։
Քաղաքագետը կարծում է, որ ադրբեջանական կողմից հազիվ թե մարդիկ գտնվեն, որոնք պատրաստ են նման քայլի, քանի որ Բաքուն այդ առումով արմատական այլ դիրքորոշում ունի․
«Վստահ չեմ, որ ադրբեջանական կողմից նույնպիսի քայլ կարվի, բայց, սպասենք, տեսնենք»։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Սարկիսովի առաջարկի մասին լուրն ակտիվորեն քննարկում են Ֆեյսբուքի ոչ միայն հայկական, այլև ռուսական տիրույթի օգտատերերը։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Հանրային կերպով նման քայլ կատտարելով՝ եղբայրները հավասարեցրել են դիրքերն ու իրավիճակը։ Ժամանակին Գորբաչովն ու քաղբյուրոյի մեծերը նույն բանն արեցին՝ հավասարեցնելով Սումգայիթի կոտորածն ու Հայաստանում կատարվող խուլիգանությունները։ Թե ինչի դա հանգեցրեց, արդեն գիտենք։ Հիմա նույն երգն է։ Քաղբյուրոն փոխվել է, մեթոդները նույնն են»։
«Հերթական դավաճանություն ու տիրոջը շողոքորթելու ցանկություն»։
«Ռուսաստանում պետք է պայքարեն, այլապես կարող են կորցնել բիզնեսը։ Նրանք, ի՞նչ է, Խոդորկովսկուց լա՞վն են»։
«Կարծում եմ՝ ադրբեջանցիները քաղաքավարի կհրաժարվեն այդ օգնությունից»։
Ովքե՞ր են Սարկիսովները
Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները ծագումով Լեռնային Ղարաբաղից են։
Սերգեյ Սարկիսովը «ՌԵՍՕ–Գարանտիա» ռուսական ապահովագրական խոշորագույն ընկերություններից մեկի հիմնադիրն է։ Նա ընկերության տնօրենների խորհրդի անդամ է և Ռուսաստանի ապահովագրական ընկերությունների միության կառավարման անդամ։
Նրա ունեցվածքը գնահատվում է $700 մլն։
Նիկոլայ Սարկիսովն ընկերության գլխավոր տնօրենի տեղակալն է։