«Տանը կողպված»․ հայ աշխատանքային միգրանտները չեն կարողանում Ռուսաստան մեկնել
Յուրաքանչյուր տարի Հայաստանից հազարավոր մարդիկ են Ռուսաստան մեկնում աշխատելու։ 2020 թվականը բացառություն է։ Կորոնավիրուսի տարածման և փակ սահմանների պատճառով մոտ 60 հազար հայ բանվոր տանն է մնացել։
Իշխանությունները պլանավորում են նրանց աշխատանքի տեղավորել երկրում, տեղական ընկերություններում, սակայն աշխատատեղերն այստեղ, միևնույն է, քիչ են։ Ինչպե՞ս է այս իրավիճակն ազդելու երկրի տնտեսության և աշխատանքային միգրանտների վրա։
- Հայաստան։ Երեք կանանց պատմություն, որոնք իրենց բիզնեսը փրկում են կորոնավիրուսից
- Հայաստան․ ֆինանսական օգնություն նրանց, ովքեր աշխատանքը կորցրել են կորոնավիրուսի պատճառով
- Հայաստանի կառավարությունը կօգնի «զրոյից» բիզնես սկսել․ ևս մեկ միջոց կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման համար
Գյուղերը՝ սահմանների բացմանը սպասելիս
Գեղարքունիքը Հայաստանի խոշոր մարզերից է, թեև դրա տարածքի զգալի մասը զբաղեցնում է Սևանա լիճը։ Հենց երկրի այս մարզից են ամենաշատը Ռուսաստան մեկնում սեզոնային աշխատանքների։
Խորհրդային Միության փլուզումից հետո արդյունաբերությունն այս վայրերում այդպես չվերականգնվեց։ Լիճը չի կարող բոլորին սնել, իսկ գյուղատնտեսական հողերը մեծ եկամուտ չեն բերում, որովհետև ոռոգման հարցը ոչ մի կերպ չի լուծվում։ Այս ամենի աղետալի հետևանքը Երևան–Մոսկվա–Երևան երթուղին է դարձել, որը կերակրում է գյուղերի և քաղաքների բնակիչներին։
Լիճք գյուղի հենց մուտքի մոտ տուֆից կամար է խոյանում։ Այն, ինչպես ամեն նոր բան այս գյուղում, կառուցվել է Ռուսաստանից բերված փողով։ Ամռանը գյուղը սովորաբար դատարկվում էր․ տղամարդկանց 80 տոկոսը Ռուսաստան էր մեկնում։ Գյուղում էին մնում միայն կանայք, երեխաները, ծերերն ու նրանք, ում առողջությունը թույլ չի տալիս «մեկնել Հյուսիս»։
Սակայն այս տարի Լիճքում բոլորովին այլ պատկեր է ստեղծվել։ Փոստի շենքի մոտ ամեն օր հավաքվում են տասնյակ տղամարդիկ։ Քննարկումների գլխավոր թեման Ռուսաստանի հետ սահմանի բացումն է։ Այս հարցը հուզում է բոլորին, սակայն ոչ ոք չգիտի, թե երբ է դա տեղի ունենալու։
«Այստեղ բոլորն ապրում են Ռուսաստանից բերված փողով»
Գառնիկ Սերոբյանն այն բնակիչներից է, որոնք էլ չեն մեկնում։ Առողջությունը թույլ չի տալիս։ Սակայն հենց նա է պատրաստակամ համաձայնում պատմել «աղետի մասին», ինչպես ինքն է արտահայտվում։ Լիճքում ստեղծված իրավիճակի մասին նա քաջատեղյակ է.
«Գյուղում աշխատանք չկա։ Դաշտերը չեն մշակվում։ Ջուր չկա։ Ի՞նչ անեն մարդիկ։ Ռուսաստան մեկնեն։ Ով կարող է, գնում է։ Ոչ այս տարի, իհարկե, հիմա սահմանները փակ են։ Եթե վարակը չլիներ, գյուղում արդեն մարդ չէր լինի»։
Այս պայմաններում բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։ Այստեղ յուրաքանչյուրն իր փոքր տնտեսությունն ունի՝ մի–երկու կով, խոզեր, հավեր։ Սակայն մարդիկ ասում են, որ դրանով ընտանիք չես պահի։
Դժվար տարին անցկացնելու համար շատերը ստիպված են եղել բանկից վարկ վերցնել։ Սակայն թե ինչով են այն հետո փակելու, դեռևս ոչ ոք չգիտի։ Միակ հույսն այն է, որ սահմանն, այնուամենայնիվ, կբացվի։ Չնայած նրան, որ ադրեն հունիս է, և աշխատանքային սեզոնի կեսն անցել է, եթե սահմանները բացվեն, շատերն անմիջապես կմեկնեն Ռուսաստան։
«Մնան, ի՞նչ անեն։ Բոլորն էլ կգնան։ Ոչ ոք չի մնա։ Բայց կբացե՞ն», – կարծես պատասխանի սպասելով՝ հարցնում է Գառնիկը։
Ինքնաթիռով կարելի է, մեքենայով՝ ոչ
Լիճքում բոլոր խոսակցությունները Ռուսաստանի մասին են։ Գյուղը հայկական չափանիշներով բավականին հարուստ է համարվում։ Նոր շինություններ, վերջերս կառուցած ֆուտբոլի դաշտ, անհայտ զինվորի հուշարձան։ Եվ ռուսական համարանիշներով մեքենաներ։ Դրանք այստեղ հաճախ են հանդիպում։
Վերջին տարիներին շատ միգրանտներ հաստատվել են Ռուսաստանում, քաղաքացիություն ստացել, սակայն հարազատ վայրերի հետ կապը չեն կորցրել։ Ոմանք համավարակից առաջ գյուղ են եկել մեքենայով։ Իսկ հետո արդեն չեն կարողացել վերադառնալ։
Նրանք, ովքեր Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, կարող են հետ վերադառնալ ինքնաթիռով։ Իսկ մեքենայով պետք է անցնեն Վրաստանով, որի սահմանը նույնպես փակ է։ Իսկ Ռուսաստանում շատերը ոչ միայն աշխատանք են թողել, այլև ընտանիքներ։
Առանց մեքենայի Ռուսաստան չի ուզում վերադառնալ նաև Սամվել Գևորգյանը․
«2003 թ–ից ապրում եմ սեզոնային աշխատանքով։ Սակայն այժմ մեկնելու հնարավորություն չկա։ Կարող եմ ինքնաթիռով մեկնել։ Սակայն Հայաստան եմ եկել մեքենայով։ Չեմ կարող այն այստեղ թողնել։ Այս հարցը լուծելու հնարավորություն չկա՞, չի՞ կարելի այնպես անել, որ կարողանանք մեքենայով մեկնել»։
«Քաղաքից եկածներից» այստեղ հույս ունեն որևէ տեղեկություն ստանալ։ Սակայն այն չունի նույնիսկ երկրի ղեկավարությունը։ Հիմա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ չգիտի, թե երբ հնարավոր կլինի դուրս գալ այս փակուղային իրավիճակից։
Երևանից լավ լուրերի է սպասում նաև Գուրգեն Սրքոյանը, որն ամեն տարի Ռուսաստան է մեկնում․
«Ժողովուրդը պետք է դուրս գա։ Հայաստանում չենք կարող ապրել մենք։ Առանց Ռուսաստանի, առանց արտագնա աշխատանքների, առանց որևէ մի տեղ դուրս գալու չենք ապրի»։
Ինչպե՞ս է դա անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել հայկական հարյուրավոր գյուղերում։ Հստակ ասել, թե քանի մարդ է ամեն տարի Ռուսաստան մեկնում աշխատելու, դժվար է։ Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ միջինում նրանց թիվը հասնում է 60 հազարի․
«Այս թիվն իր գագաթնակետին էր հասել 2012-2013 թթ–ին, ինչից հետո սկսել էր նվազել։ Վերջին երկու–երեք տարում հասել էր մոտ 40 հազարի։ Նրանք հենց սեզոնային աշխատանքային միգրանտներն են, որոնք գարնանը մեկնում էին, աշնանը վերադառնում։ Նրանց են գումարվում նաև այն բանվորերն, ովքեր ավելի երկար ժամկետով էին մեկնում»։
Աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները դեռևս զգալի դեր են խաղում Հայաստանի տնտեսությունում։ 2018 թ–ին Հայաստան էր փոխանցվել 1 մլրդ 786 մլն դոլար, իսկ 2019 թ–ի առաջին կեսին այդ թիվը կազմել էր 800 մլն դոլար։
Փոխանցումները բնակչության մի հատվածին միջոցներով են ապահովում՝ հիմնականում շրջաններում, ինչն էլ երկրին թույլ է տալիս խոսափել որոշակի սոցիալական խնդիրներից։
«Փոխանցումները կարևոր դեր են խաղում։ Այդ գումարները մեղմում են որոշ ընտանիքների ծանր սոցիալական դրությունը։ Հնարավորություն են տալիս, որ այդ ընտանիքները գումար ներդնեն երեխաների ուսման մեջ, բնակարանային հարց լուծեն։ Այսինքն՝ փոխանցումները որոշակի հավասարակշռող դեր են խաղում», — ասում է տնտեսագետը։
Ներկայիս իրավիճակը հանգեցնելու է աղքատության խորացման և սոցիալական լարվածության։ Մոտ 200 հազար մարդ առանց Ռուսաստանից եկող միջոցների է մնալու։ Բացի այդ, պետք է հաշվի առնել դեպի Հայաստան մարդկանց հոսքը, որոնք նախկինում Ռուսաստանում էին ապրում։ Հրանտ Միքայելյանը կանխատեսում է, որ կորոնավիրուսի պատճառով մոտ 20 հազար մարդ էլ երկրի ներսում կկորցնի աշխատանքը․
«Մենք մի քանի ուղղությամբ աշխատշուկայում ունենք լուրջ խնդիրներ։ Առաջինը՝ Հայաստանում աշխատատեղերի կորուստն է։ Երկրորդը՝ Ռուսաստանում աշխատատեղերի կորուստ և մարդկանց ներհոսքը Ռուսաստանից։ Եվ երրորդը՝ Հայաստանից չմեկնած պոտենցիալ արտագնա միգրանտների չաշխատելը և գումարներ չուղարկելը ևս խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար»։
Ինչպե՞ս աշխատանքի տեղավորել միգրանտներին
Սոցիալական լարվածությունից խուսափելու համար կառավարությունը փորձում է տեղում աշխատանք գտնել նրանց համար, ովքեր սեզոնային աշխատանքի չեն մեկնել։ Սակայն ներկայիս պայմաններում, երբ տնտեսական ցուցանիշները նվազում են կորոնավիրուսի պատճառով, աշխատատեղեր են փակվում, դա անելը հեշտ չէ։
Հիմնական հույսը կապիտալ ծրագրերն են, խոշոր շինարարական նախագծերի իրականացումը՝ ճանապարհների, դպրոցների և հիվանդանոցների կառուցում ու նորոգումը։
Մարզպետները սկսել են հավաքագրել հայրենիքում մնացած արտագնա աշխատանքների մեկնող բանվորների տվյալները՝ շինարարական ընկերություններին փոխանցելու համար։
Յուրաքանչյուր մարզում, իսկ Հայաստանում դրանք 11–ն են, դիմորդների թիվը 500–1000 է։ Սակայն անգամ այդքան մարդու համար է դժվար աշխատանք գտնել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հաղորդում են, որ ընդհանուր առմամբ, իրականացվելու է 256 ծրագիր, որոնք 2000 աշխատատեղ կապահովեն։
«Շինարարական ընկերություններն ինքնուրույն են շինարարների ընտրելու ընդհանուր բազայից։ Բարդ է ասել, թե քանի մարդ աշխատանքի կտեղավորվի։ Սակայն Հայաստանում շինարարական աշխատանքների քանակը վերջին երկու տարում զգալիորեն ավելացել է։ Եվ մեր հայրենակիցները նույնիսկ առանց այդ հարթակի կարող են աշխատանք գտնել», — կարծում է նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը։
Սակայն շատերը դեռ Ռուսաստանի կողմն են նայում։ Ոմանք չեն կարողանում տեղում աշխատանք գտնել, մյուսները չեն ուզում հրաժարվել սովորական դարձած երթուղուց։ Մարդկանց չի կանգնեցնում անգամ ռուբլու ցածր փոխարժեքն ու Ռուսաստանի ծանր տնտեսական դրությունը։ Սակայն Հայաստանը, որտեղ նոր վարակվածների օրական թիվը դեռևս մի քանի հարյուր մարդ է կազմում, հնարավոր է, մինչև տարեվերջ սահմանները չբացի։
«Մեդիացանցի աջակցությամբ»