Փաշինյանը որոշել է հանդիպել «կաթողիկոսի թյուր ընթացքը» քննադատող հոգևորականների հետ
Հայ հոգևորականներն ընդդեմ կաթողիկոսի․ հայտարարություն
Հայաստանի իշխանամետ ԶԼՄ-ներում և իշխող ուժի ներկայացուցիչների էջերում տարածվել է մի խումբ բարձրաստիճան հոգևորականների հայտարարությունը, որում նրանք պնդում են՝ Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին, այն է՝ առաջնորդել հայ եկեղեցին։
Հայտարարության համաձայն՝ «կաթողիկոսը ամեն գնով փորձում է կոծկել Արշակ Սրբազանի սրբապիղծ արարքը, դրանով իսկ դառնալով սրբապղծության հովանավոր»։
Խոսքը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մասին է։ Նրան վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութը տևական ժամանակ է, ինչ քննարկվում է հանրային տիրույթում։ Օրեր առաջ կաթողիկոսի կողմից ստեղծված հանձնախումբը Գարեգին Բ-ին առաջարկել էր որոշ ժամանակով կասեցնել դիվանապետի հոգևոր ծառայությունը։
«Կաթողիկոսը առ ոչինչ է համարել իր իսկ կողմից ստեղծված հանձնախմբի ներկայացրած փորձաքննության արդյունքները»,- հայտարարել են հոգևորականները։
Հայտարարության տեքստն ու հոգևորականների ստորագրությունները հրապարակվել են որպես առանձին լուսանկարներ։ Կաթողիկոսի գործելակերպը դատապարտող եկեղեցականները դեռևս հանդես չեն եկել մեկնաբանություններով և չեն հաստատել հայտարարության իսկությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, հասցրել է «վճռականությամբ և հաստատակամությամբ» ողջունել այն։
«Այդ հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, որոնք նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում։ Ես, իհարկե, սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որպեսզի հայտարարությունից բխող նրանց դիրքորոշումները, մոտեցումները ավելի մանրամասն հասկանամ»,- ճեպազրույցում ընդգծել է նա՝ հավելելով, որ մինչև հոգևորականների հետ հանդիպումը զերծ կմնա հավելյալ մեկնաբանություններից։
Այս պահին հայտնի տեղեկությունները, մեկնաբանություններ
- «Ամենայն հայոց կաթողիկոսի հեռանալուն այլընտրանք չկա»․ կարծիք
- «Մայր Աթոռի ազատագրման մեկնարկ». Փաշինյանի մասնակցությամբ պատարագն առանց միջադեպերի չանցավ
- «Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
Հայտարարություն Մայր Աթոռը «սրբապիղծ հոգևորականից և նրա մեղքը կիսողներից մաքրելու» մասին
Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ բարձրաստիճան հոգևորականների ստորագրած հայտարարության մեջ խոսվում է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և նրա շուրջ բռնկված սկանդալի մասին։ Մասնավորապես՝ նշվում է, որ կաթողիկոսի կողմից ստեղծված հանձնախումբը օրենքով սահմանված կարգով դիմել է ՀՀ քննչական կոմիտե Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձագիտական քննություն իրականացնելու և դրանց իսկությունը պարզելու համար։
«Ամսի [նոյեմբերի] 25-ին կոմիտեի կողմից հանձնախմբին են տրամադրվել հիշյալ փորձաքննության արդյունքները, որոնք հաստատում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ փորձաքննության արդյունքները նույն օրն են ներկայացվել հայրապետին, սակայն նա դրանք համարել է «առ ոչինչ»։
Հոգևորականների բնորոշմամբ՝ Գարեգին Բ-ի որդեգրած մոտեցումը «խիստ տարակուսելի և ծայրաստիճան անհանգստացնող» է։ Ասում են՝ գործ ունենք չափազանց զգայուն հարցի հետ, որը վնասում է եկեղեցու հեղինակությանը։ Նրանց փոխանցմամբ՝ ինչպես հանձնախումբը, այնպես էլ անհատ եպիսկոպոսներ բազմիցս խնդրի վրա հրավիրել են կաթողիկոսի ուշադրությունը։
Եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները կարծում են՝ կաթողիկոսը «ամեն գնով փորձում է կոծկել Արշակ Սրբազանի սրբապիղծ արարքը, դրանով իսկ դառնալով սրբապղծության հովանավոր» և շեշտում՝
- «Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին՝ «ուղիղ վարդապետությամբ» Հայ Եկեղեցին առաջնորդելու,
- կաթողիկոսի վարքագիծը անհամատեղելի է Հայ Եկեղեցու կանոնական իրավունքին և վարդապետությանը, որը հղի է եկեղեցու ծոցում հերձված առաջացնելու վտանգով»։
«Դիմում ենք եպիսկոպոս մեր եղբայրներին, եկեղեցու հավատացյալ և նվիրյալ զավակներին՝ միանալու աշխարհասփյուռ հայության սրբություն սրբոց Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը սրբապիղծ հոգևորականից և նրա մեղքը կիսողներից մաքրելու կենսական անհրաժեշտության գործին՝ խստագույնս դատապարտելով Գարեգին Բ կաթողիկոսի թյուր ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ։
«Կարող են մասնակցել բոլորը, բացի կաթողիկոսից»․ Փաշինյանը՝ եկեղեցու բարենորոգման օրակարգի մասին
Հայաստանի վարչապետը տևական ժամանակ է, ինչ պնդում է՝ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, զավակ ունի, ուստի պետք է հեռանա Մայր Աթոռից։ Լրագրողները Փաշինյանին հարց ուղղելիս նշել են, որ մամուլում տեղեկություններ կան նաև հայտարարությունը ստորագրած հոգևորականների՝ կուսակրոնության ուխտը խախտելու մասին և հարցրել, թե որքանով է վարչապետի համար ընդունելի Մայր Աթոռն ազատագրել այդ հոգևորականների միջոցով։
«Ասել եմ, որ մեր սրբության սրբոցն ազատագրելու գործին կարող է մասնակցել մեր եկեղեցու ցանկացած հետևորդ, ով մկրտված է։ Դա վերաբերում է բոլոր քաղաքացիներին»,- հայտարարել է Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը շեշտել է՝ եկեղեցու բարենորոգման օրակարգը պետք է իրականացվի: Նա ողջունել է այդ ճանապարհով անցնելու «ցանկացածի պատրաստակամությունը»։
«Եթե հարցնեք՝ հիմա Կտրիճ Ներսիսյա՞նն էլ [կաթողիկոսի աշխարհիկ անունը] կարող է մասնակցել այդ բարենորոգմանը։ Կարծում եմ՝ նա իր մասնակցության բոլոր շանսերը սպառել է։ Նա պետք է ուղղակի ազատի մեր սրբության սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»։
Ըստ Փաշինյանի՝ եկեղեցու բարենորոգման առանցքային նպատակներից մեկը պետք է լինի բարեվարքության ապահովման մեխանիզմների ներդնումը։
«Մենք մի վարչության պետք ենք նշանակում, բարեվարքության ստուգում է անցնում։ Բա կաթողիկոսի թեկնածուն բարեվարքության ստուգում պիտի չանցնի՞։ Մի հոգու բարեվարքության մասին չեմ խոսում։ Խոսում եմ բարեվարքության մասին՝ որպես ինստիուտի, որն այսօր Հայ Առաքելական եկեղեցում, ցավոք, ներդրված չէ»,- հայտարարել է նա։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նկատել է․
«Իշխանության և եկեղեցու բարձրաստիճան անձանց հակամարտությունը կհանգուցալուծվի հոգևորականների պարտությամբ, քանի որ ներկայում իշխանության լեգիտիմությունը կամ վարկանիշը ավելի բարձր է: Դրանում իր մեղքն ունի անձամբ Գարեգին երկրորդը, քանի որ 26 տարիների ընթացքում իր վարքագծով մեծ վնաս է հասցրել եկեղեցու նկատմամբ մարդկանց դրական վերաբերմունքին:
Վերջին շրջանում համառորեն լուրեր էին պտտվում, թե Ռուսաստանում քննարկում են Գարեգին երկրորդին Հայաստանից տեղափոխելու հարցը: Վերջերս էլ Հայաստանի ընդդիմադիրներից մեկը պնդում էր, թե կաթողիկոսը պիտի դիմադրի, քանի որ սա միայն իր հարցը չէ: Հետաքրքիր է, թե էլ ո՞ւմ հարցն է, գուցե Ռուսաստանում նրան սպասողների՞:
Արդեն այսօր արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների կողմից ստորագրված փաստաթուղթը կասկածի տեղիք չի տալիս` ՀԱԵ ներսում առողջ ուժերը միացել են հավատացյալների պահանջին: Ցանկացած կառույցում ներքին ճաքերը, ի վերջո, բերում են արմատական փոփոխությունների: Հետևաբար հեռու չէ այն օրը, երբ կիմանանք ամենայն հայոց 133-րդ վեհափառի անունը, իսկ Հայ առաքելական եկեղեցին ձեռք ձեռքի` իշխանությունների հետ կպայքարի Հայաստանի զարգացման ու հզորացման համար»։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը գրել է․
«Կուսակրոնության ուխտը խախտելու մեղադրանքով Գարեգին Բ-ին կաթողիկոս չհամարող Նիկոլ Փաշինյանը հանդիպման է հրավիրել կաթողիկոսի դեմ հայտարարություն տարածած սրբազաններին, այդ թվում՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քյարամյանին։ Իր նախկին թիմակից Արգիշտի Քյարամյանի հորը։
Նավասարդ Կճոյանի հետ, ով ևս ստորագրել է վերոնշյալ հայտարարության տակ, կարող են եկեղեցին սրբապղծությունից պաշտպանելու սիմվոլները դառնալ։ Հայաստանում նույնիսկ բարեպաշտությունն է ընտրողական»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայ հոգևորականներն ընդդեմ կաթողիկոսի․ հայտարարություն