«Ձևական բնույթ ունի». Բաքվում Վագիֆ Խաչատրյանի վճռի բողոքարկման մասին
Գերիների մասին
«Այս ճանապարհով փորձում են իմիտացնել, թե Ադրբեջանում գոյություն ունեն ներպետական պաշտպանության միջոցներ, այդ մեխանիզմներն արդյունավետ են»,- Վագիֆ Խաչատրյանի դատավճռի բողոքարկման մասին նման կարծիք է հայտնել իրավապաշտպան, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:
Նրա կարծիքով՝ բողոքարկման իրական նպատակը արդարության վերականգնումը չէ կամ դատական սխալների բացառումը: «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն» թեմայով քննարկման ընթացքում նա շեշտել է, որ այդ քայլը պետք է դիտարկել «ձևական պաշտպանության շրջանակներում»:
Վագիֆ Խաչատրյանը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերից մեկն էր: Ադրբեջանցի սահմանապահների կողմից առևանգվել է 2023 թ.-ի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտ, երբ սրտի հրատապ վիրահատության նպատակով «Կարմիր խաչի» միջնորդությամբ տեղափոխվում էր Երևան:
Բաքուն Խաչատրյանին մեղադրում է «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում 1991 թվականի դեկտեմբերին իրականացված ադրբեջանցիների ցեղասպանությանը մասնակցելու» մեջ: Խաչատրյանը հերքել է այդ մեղադրանքները դատավարության ընթացքում: Սակայն նրան դատապարտել են առավելագույն պատժի՝ 15 տարվա ազատազրկման:
Հղում անելով նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովային՝ ադրբեջանական լրատվամիջոցներն օրերս հաղորդեցին, որ կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել:
- «ԿԽՄԿ-ի պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը ռազմական հանցագործություն է»․ ՀՀ դիրքորոշումը
- Ադրբեջանական բանակի սպան դիմել է Վագիֆ Խաչատրյանի ընտանիքին
Բողոքարկումը չի կարող արդյունավետ լինել
Իրավապաշտպանի խոսքով՝ մինչ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունն էլ Ադրբեջանում գրանցվել են դեպքեր, երբ ռազմագերիների հանրային պաշտպանները ֆորմալ առումով բողոքարկել են դատական ակտերը: Նշում է՝ դրանք որևէ արդյունք չեն տվել, սահմանված պատժաչափերը մնացել են անփոփոխ։
Չի ակնկալում, որ Խաչատրյանի նկատմամբ կայացված ապօրինի դատավճռի դեմ վերաքննիչ դատարան ներկայացված բողոքն արդյունավետ կլինի։
«Հիմնական նպատակը միջազգային դատարաններում ընթացիկ գործընթացներում ապացույցներ գեներացնելն է, երկրի շահերի պաշտպանությունը կազմակերպելն է միջազգային ատյաններում»,— Բաքվի նպատակների մասին ասել է Սիրանուշ Սահակյանը:
«Բաքվում պահվող որևէ հայ չի կարող զերծ մնալ ապօրինի դատական գործընթացներից»
Սիրանուշ Սահակյանը համոզված է՝ հայ գերիների որևէ մեկը չի կարող խուսափել «ապօրինի դատական գործընթացներից»: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի իրավական գործընթացների նպատակներից մեկը «Ալիևի ռեժիմի պաշտպանությունն է»: Մյուս նպատակը գերեվարված անձանց միջոցով ՀՀ իշխանությունների վրա ազդեցություն գործելն է:
«Միջազգային մարդասիրական իրավունքը հստակ է սահմանում՝ անհապաղ ազատ արձակել ակտիվ հակամարտության դադարից հետո։ Մյուս կողմից ունենք միջազգային քրեական իրավունք, որը պատերազմական հանցագործություն է որակում գերեվարված անձանց անհապաղ ազատ չարձակելը։ Եթե Ադրբեջանն այս շինծու գործերով նրանց պահելու իրավական հիմքեր չստեղծի, ապա կմեծանան պատերազմական հանցագործությունների առնչությամբ մեղադրանքները»,— բացատրել է նա:
Նշում է՝ Բաքուն փորձում է գերեվարված անձանց Ադրբեջանում գտնվելը պայմանավորել դատական գործընթացով կամ պատժի կրման հանգամանքներով՝ ցույց տալով, թե այն «իրավական է և օբյեկտիվ»:
Օրինակ է բերում ադրբեջանցիների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի դեպքը: Նախ, ադրբեջանական կողմը նրան մեղադրում էր սահմանն ապօրինի հատելու մեջ, իսկ ավելի ուշ՝ «Խոջալուում ցեղասպանություն» իրականացնելու: Դա, ըստ նրա, վկայում է այն մասին, որ ձերբակալելու պահին պետությունը նրա դեմ որևէ փաստական տվյալ չի ունեցել:
«Ադրբեջանցիներն ուսումնասիրել են Ռաշիդ Բեգլարյանի օգտահաշիվը և տարիքային, բնակության ու այլ գործոններով պայմանավորված՝ համարել են հարմար թեկնածու իրենց ցեղասպանական վարկածը հիմնավորելու համար»,- կարծում է Սահակյանը:
Ադրբեջանում պաշտոնապես չհաստատված 80 հայ գերի կա
Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ՝ ներկա պահին Բաքվում պաշտոնապես պահվում է 55 հայ գերի: Շեշտում է՝ խոսքը ոչ միայն ռազմագերիների, այլև քաղաքացիական անձանց և քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալների մասին է:
«Մենք ունենք 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 բարձրաստիճան քաղաքական և զինվորական նախկին գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ»,- պարզաբանել է նա:
Փորձագետի տեղեկություններով՝ այդ անձանցից բացի Ադրբեջանում պահվում են առնվազն 80 հայ գերիներ: Այդ փաստը, սակայն, Բաքուն պաշտոնապես չի հաստատում։
Պետք է լրացուցիչ հետաքննել գերիների պահման պայմանները
Միջազգային իրավունքի մասնագետը կարևորում է հատկապես հոգեբանական խոշտանգման հանգամանքների ուսումնասիրությունը:
«Գերիներն այս ամբողջ ժամանակահատվածում չեն կարողացել հանդիպումներ ունենալ խոշտանգումների կանխարգելման որևէ անկախ մեխանիզմի հետ»,- հայտարարել է Սահակյանը:
Նրա փոխանցմամբ՝ այցելություններ է իրականացրել միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, շատ դեպքերում առաջին այցը եղել է երկու-երեք շաբաթ անց: Դա, ըստ նրա, մարդու իրավունքների տեսանկյունից համարվում է «ուշացած»:
Շեշտում է՝ խոշտանգումների կանխարգելման հարցում դերակատարում կարող էին ունենալ նաև անկախ փաստաբանների կողմից գործը ներկայացնելու հնարավորությունները, որոնք այս դեպքում նույնպես բացառված են:
Գերեվարման ընթացքում վատ վերաբերմունքի և խոշտանգումների ենթարկվելու մասին են բարձրաձայնել հայրենադարձված բոլոր ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք:
«Խոշտանգումները կանխող մեխանիզմներ Ադրբեջանում չկան և միջազգային այցելությունների բացակայության պայմաններում այս անձինք ենթարկվում են վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումների։ Կախված զարգացումներից՝ դրանք առանձին դեպքերում կարող են ունենալ խոշտանգման դրվագներ, իսկ մնացյալ պայմաններում հիմնականում անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքն է դոմինանտ»,- ամփոփել է իրավապաշտպանը:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Գերիների մասին