«Թուրքիան երբեք չի ստորադասի Ադրբեջանի շահերը»․ կարծիք
Հայ-թուրքական կարգավորման գործընթաց
Հայաստանյան մեդիա տիրույթում շրջանառվում են լուրեր մինչև տարեվերջ Թուրքիա-Հայաստան օդային ուղիղ բեռնափոխադրումների մեկնարկի մասին։ Տեղեկությունը հրապարակել է թուրքական Hurriyet Daily News-ը՝ հղում անելով անանուն աղբյուրների, որոնք, ըստ թերթի, թուրք պաշտոնյաներ են։
Պաշտոնական Երևանը այս մասին որևէ լուր չի հաղորդել։ Անդրադառնալով տեխնիկական պատվիրակությունների նախորդ ամսվա հանդիպմանը՝ Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակն ասել է՝ քննարկել են «պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր»։
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի կարծիքով՝ նման հայտարարություններ էլի կլինեն, բայց Անկարան գործնական քայլեր չի ձեռնարկի, քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված չեն։
Անկարայից և Երևանից հնչող հայտարարությունները, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Այսօր Hurriyet Daily News-ը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ մեկնարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «երկրորդ փուլը»։ Աղբյուրն, ըստ Hurriyet-ի, թուրք պաշտոնյաներ են, որոնք ցանկացել են անանուն մնալ։
«Մինչև տարեվերջ Թուրքիան և Հայաստանը կարող են մեկնարկել ուղիղ օդային բեռնափոխադրումներ»,- ասված է հրապարակման մեջ։
Թերթի փոխանցմամբ՝ կարգավորման «երկրորդ փուլը» ներառելու է նաև Ալիջան-Մարգարա սահմանային անցակետի բացումը (փակ է 1993 թ.-ից)։ Դրա համար անհրաժեշտ է նորոգել Արաքս գետի երկու ափերն իրար կապող 128 մետրանոց կամուրջը։ Հաղորդվում է, որ այդ կամրջի վերանորոգման շուրջ բանակցությունները մեկնարկել են շաբաթներ առաջ։
Թուրքական Hurriyet-ը խոսել է նաև կարգավորման հաջորդ՝ երրորդ փուլի մասին՝ ասելով, որ «տեխնիկական աշխատանքներ են տարվում» երկու երկրների միջև ուղիղ առևտուր սկսելու ուղղությամբ։
«Քննարկվել են սահմանի ապաշրջափակման հետ կապված հարցեր»․ Ռուբինյան
Հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունները հանդիպել էին նոյեմբերի սկզբին։ Ո՛չ Երևանը, ո՛չ Անկարան պաշտոնական հաղորդագրություններով հանդես չէին եկել։ Խոսելով այդ հանդիպման մասին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը նշել էր, որ մեկնարկել է կոնկրետ աշխատանք, «քննարկվել են Հայաստան-Թուրքիա սահմանի ապաշրջափակման հետ կապված հարցեր»։
Ամսվա ավարտին կարգավորման գործընթացում «դրական տեղաշարժի» մասին էր խոսել Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա հայտնել էր, որ նոյեմբերյան հանդիպման ժամանակ երկու երկրների ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմում ու նույնիսկ ճաշել Հայաստանի տարածքում։
«Քննարկվել են այն աշխատանքները, որոնք իրականացվելու են սահմանների բացման ժամանակ, կամրջի վերանորոգման, սահմանի վերահսկման, անցակետերի հետ կապված հարցեր»,— ասել էր Քալընը։
Ի պատասխան Թուրքիայից հնչող հայտարարությունների՝ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել էր հանդիպման մասին լուրերը՝ նշելով, որ քննարկվել են «պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր»։ Վահան Հունանյանն ասել էր, որ քննարկումները շարունակվելու են՝ առանց հստակեցնելու, թե որտեղ և ինչ ձևաչափով։
Հայտնի է, որ պատվիրակության կազմում եղել են պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Թե ովքեր՝ Հայաստանի արտաքին գերատեսչությունը չի հայտնել։
Երևանի ու Անկարայի միջև կարգավորման նոր գործընթացը մեկնարկել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը մինչ օրս չորս հանդիպում են անցկացրել՝ առաջինը՝ Մոսկվայում, մյուսները` Վիեննայում։
Վերջին հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել էին հայ-թուրքական սահմանը մասնակի բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումներ: Այս պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկություն դեռևս չկա։
Հայ-թուրքական սահմանի բացման հարցը Էրդողանն ու Փաշինյանը քննարկել էին հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ իրենց առաջին հանդիպման ժամանակ։
Փորձագիտական կարծիք
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի կարծիքով՝ նման հայտարարություններ էլի կլինեն, բայց գործնական քայլեր Անկարան դեռևս չի ձեռնարկի։ Ասում է՝ հայ-թուրքական հարաբերությունները «լիարժեք կակտիվանան» այն ժամանակ, երբ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։
«Երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթուղթ ստորագրվի, միայն այդ ժամանակ կարելի կլինի խոսել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Հիշեցնում է՝ ամիսներ առաջ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել սահմանը երրորդ երկրի քաղաքացիների համար բացելու մասին, մինչ այս պահը, սակայն, որևէ տեղաշարժ չկա։ Նկատում է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում միակ արդյունքը Երևան-Ստամբուլ չվերթների իրագործումն է, թեև նախքան 44-օրյա պատերազմն էլ չվերթներ կային։
Թուրքագետի գնահատմամբ՝ ներկայիս իրավիճակը բավականին անորոշ է․
«Բանակցությունների ընթացքի մասին ոչինչ չգիտենք, կողմերը միայն կցկտուր պաշտոնական հաղորդագրություններ են հրապարակում»։
Խուդավերդյանի խոսքով՝ կան մի շարք խնդիրներ, որոնց շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գալ։ Դրանք են՝
- սահմանագծումն ու սահմանազատումը,
- «Զանգեզուրի միջանցքը»,
- «անկլավները» և ոչ միայն։
«Բազմաթիվ չլուծված հարցեր կան։ Առանց դրանց լուծման Թուրքիան որևէ զիջման չի գնա, երբեք չի ստորադասի Ադրբեջանի շահերը Հայաստանի շահերին»,- ամփոփել է թուրքագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայ-թուրքական կարգավորման գործընթաց