Հայ–թուրքական բանակցություններ․ ի՞նչ են մտածում երևանցիները
Հայ–թուրքական բանակցություններ․ ի՞նչ են մտածում երևանցիները
Մոսկվայում տեղի ունեցած հայ–թուրքական խորհրդակցությունները սկիզբ դրեցին երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար ուղիների որոնմանը։ Սա քաղաքական մակարդակում։
Իսկ հասարակության մեծ մասի մոտ մտավախություններ են հայտնվել։ Մարդիկ կարծում են, որ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման պարագայում Թուրքիան իր ապրանքներով «կհեղեղի» հայկական շուկան՝ դուրս մղելով տեղական արտադրողներին։
Բարձր է նաև հարևան երկրի վարած քաղաքականության նկատմամբ անվստահության աստիճանը։
Այս հարցախույզն իրականացվել է որպես լրագրողական աշխատանք և չի հավակնում սոցիոլոգիական ճշգրտության։ Մենք ընդամենը ներկայացնում ենք Հայաստանի մայրաքաղաքի որոշ բնակիչների կարծիքներն և փաստարկները։
- Իմ մանկության երկաթգիծը, որը կյանքի փակ ճանապարհների լուռ խորհրդանիշ է ու վկա
- Ամեն ինչ այդքան էլ այնպես չէ, ինչպես երազում էին․ ադրբեջանցի բռնի տեղահանվածների վերադարձը տուն
Պատմաբան Էլեն Նազարյան․
«Պատմական այս փուլում հայ–թուրքական բանակցությունները հայանպաստ որևէ արդյունք չեն ունենալու։ Պատճառը երկու կողմերի՝ խիստ անհավասար մեկնարկային պայմաններում գտնվելու հանգամանքն է։
Հայ–թուրքական երկխոսության, բանակցությունների կամ սահմանների բացման մասին խոսվել է ՀՀ բոլոր իշխանությունների օրոք, բայց կարծում եմ, որ դրանց համար ամենանպաստավոր պայմանները եղել են 1990–ականներին, Խորհրդային Միության փլուզումից և անկախացումից անմիջապես հետո։
Այդ ժամանակակ Թուրքիան ինքն էր շահագրգռված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, մինչդեռ այսօր՝ հատկապես 44–օրյա պատերազմի հետևանքների համատեքստում, կասկածում եմ, որ Հայաստանը կարողանա ներկայանալ որպես դիրքորոշում պնդող կողմ։ Ըստ էության, այս փուլում, խոսքը ոչ թե բանակցությունների, այլ մի կողմի ասելու և մյուս կողմի համաձայնելու մասին է»։
Էլենը կարծում է՝ այս բանակցությունների ընթացքում Հայոց ցեղասպանության հարցը չի քննարկվելու, քանի որ դա չի բխում կողմերից որևէ մեկի շահերից․
«Այսօր Հայաստանն այն դիրքերում չէ, որ Ցեղասպանության ընդունում պնդի, իսկ Թուրքիան ուղղակի չի ցանկանա միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այս հարցի վրա սևեռել, քանի որ գիտի՝ հարցը թուրքանպաստ վերջնական լուծում դժվար թե ստանա։ Կարծում եմ՝ այս բանակցություններում Ցեղասպանության թեման ուղղակի կլռեցվի», – ասում է պատմաբանը։
Միևնույն ժամանակ, սակայն, Էլեն Նազարյանը վստահ է՝ ինչ էլ բանակցվի, Հայաստանը դրանց արդյունքում նոր կորուստներ է ունենալու՝ թե տարածքների, թե տնտեսական անկախության, գուցե նաև ինքնիշխանություն տեսքով։
Ուսուցիչ Սարիբեկ Միրզոյան․
«Տնտեսական կարճաժամկետ օգուտները, որոնք Հայաստանը կարող է ունենալ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման արդյունքում, ի վերջո, դառնալու են շանտաժի առարկա՝ Հայաստանին զիջումներ պարտադրելու համար։
Թուրքիայի հետ ազատ շուկայական հարաբերությունները, կոմունիկացիաների ստեղծումը, իհարկե, կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսական վիճակի վրա, բայց դրանք կարճաժամկետ են լինելու։
Երկարաժամկետ պլանավորման իմաստով դրանք դառնալու են գործիք՝ Թուրքիայի համար իր պանթուրքական նպատակներին հասնելու համար։
Կարծում եմ՝ Թուրքիան օգտագործելու է իրենից տնտեսական կախվածության մեջ հայտնվելու հանգամանքը՝ Հայաստանին թե՛ տարածքային, թե՛ բարոյական զիջումներ պարտադրելու համար՝ օրինակ դեպի Նախիջևան մուտքի կամ Ցեղասպանության թեմայից հրաժարման տեսքով»։
Ըստ նրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորումը որևէ երաշխիք չի կարող տալ նաև անվտանգային իմաստով․
«Անվտանգային երաշխիքներից խոսելիս՝ պետք է հստակ հիշել Թուրքայի անթաքույց մասնակցությունը 44–օրյա պատերազմին, ինչպես նաև՝ Անկարայի՝ պանթուրքական քաղաքականությունը։
Անվտանգային երաշխիքներ կարող են լինել հավազարազօր կողմերի միջև, մինչդեռ այսօր պարզ է, որ Թուրքիան հանդես է գալիս հաղթողի դերից, որը ցանկացած պահի կարող է փոխել իր դիրքորոշումը իրենից թույլ հարևանի նկատմամբ։
Այս փուլում Թուրքիայից տնտեսական կախվածության մեջ հայտնվելու վտանգը մեծ է, հատկապես՝ հաշվի առնելով տարածաշրջանում այդ երկրի աճող տնտեսական ազդեցությունը։ Իսկ հաշվի առնելով աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, դա Հայաստանի համար կարող է կործանարար լինել»։
Ձեռնարկատոր Ստելլա Բագարյան
Ստելլա Բագարյանը հագուստի երկու փոքրիկ խանութ ունի՝ երևանյան առևտրի կենտրոններից մեկում։ Բիզնեսը հիմնադրել է 12 տարի առաջ։ Խոստովանում է՝ վերջին 2 տարիները բիզնեսի համար ամենադժվարն են եղել․ առևտուր, գրեթե չի եղել, իսկ գնաճը երկնիշ է։
«Ամեն ինչ թանկացել է, այդ թվում՝ տարածքի վարձակալության գումարը, որը, գրեթե կրկնապատկվել է։ Հիմնականում, ապրանքը ներկրում էինք Չինաստանից։ Մեր տարբերությունն այն է, որ մենք ներկրում էինք միջինից մի քիչ թանկ, բայց շատ որակյալ հագուստ, և տարիների ընթացքում կարողացել էինք ստեղծել հաճախորդների կայուն ցանց»։
Կորոնավիրուսի պատճառով սահմանների փակումից հետո Ստելլայի բիզնեսը հայտնվել է կոլապսային վիճակում։ Նա սկսել է համացանցով պատվերներ ձևակերպել, բայց սա էլ իր խնդիրներն ուներ։
Ձեռնարկատերը կարծում է՝ Երևան–Ստամբուլ ուղիղ չվերթների մեկնարկը, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների հաստատումը կարող են որոշակիորեն մեղմել առևտրով զբաղվողների վիճակը․
«Այո, թուրքական ապրանք Հայաստանում շատ կա, որովհետև այն ավելի մատչելի է, քան, օրինակ, տեղական արտադրանքը։ Մենք երբեք Թուրքիայից հագուստ չենք բերել, բայց ստեղծված պայմաններում դա կարող է մեզ համար այլընտրանք դառնալ, այլապես՝ չգիտեմ, թե որքան կարող ենք դիմանալ։
Բիզնեսը Հայաստանում շատ անկայուն վիճակում է։ Իհարկե, կարելի է 2-3 ամսով փակել խանութը, չտալ վարձավճար, մի կերպ դիմանալ, բայց այդ ընթացքում քո խանութի փոխարեն մեկ ուրիշը կբացվի, և դու ուղղակի դուրս կմնաս շուկայից»։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։