«Ցուցադրական քայլ»․ հայ գերիների մասնակցությամբ տեսանյութի մասին
Հայ գերիների մասնակցությամբ տեսանյութ Բաքվից
Ադրբեջանը հրապարակել է հայ գերիների մասնակցությամբ տեսանյութ, որում զինծառայողները պատմում են իրենց պահպման պայմանների, առօրյա զբաղմունքների, հարազատներ հետ շփման հնարավորության մասին։ Գերեվարված հայերին ցուցադրում են ժպտալիս, զբոսնելիս և մայրենի լեզվով՝ հայերենով գրքեր ընթերցելիս։
Միջազգային իրավունքի մասնագետ, Ստրասբուրգի դատարանում հայ գերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը տեսանյութը ցուցադրական է որակում։ Ասում է՝ անկեղծություն չկա, այն ստեղծվել է քարոզչական նպատակով։
Հրապարակված տեսանյութի ուշագրավ դրվագները, գերիների վերադարձման վերջին պայմանավորվածությունը, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Ի՞նչ են պատմել հայ գերիները
Տեսանյութում հայ գերիները ներկայացվում են որպես դիվերսանտներ։ Լրագրողը վերջում հայտարարում է, թե «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Ադրբեջանցի լրագրողի հետ զրույցում գերեվարված զինծառայողներն ասում են, թե «հրաման են կատարել», «փշալար և ականներ տեղադրել»։ Հարցազրույց են տվել 5 գերիներ։ Երեքը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Խծաբերդից գերեվարված պահեստազորայիններ են, իսկ երկուսը գերեվարվել են 2021 թ․-ին։
Բաքվի բանտում պահվող հայերը տեսախցիկի առջև հավաստիացնում են, թե իբր նրանց այնտեղ լավ են վերաբերվում․
«Այստեղ ինձ նորմալ պայմաններում պահում են։ Ես բողոքի առիթ չունեմ, դժգոհությոն չունեմ։ Գրեթե ամեն ինչով էլ զբաղվում եմ, բայց հիմնականում գիրք եմ կարդում։ Հեռուստացույց եմ նայում, երաժշտություն եմ լսում, լուրեր»։
«Օրինակ՝ դատի գնալու ժամանակ ադրբեջանցի մարդ է եղել, մեր ձեռքերը կապված են եղել, իր ձեռքով բրդուճ է սարքել, տվել է մեզ, որ ուտենք։ Եթե ինձ դրսում պատմեին, գուցե չհավատայի։ Բայց հիմա այստեղ եմ ու տեսել եմ։ Իմացել եմ, որ ադրբեջանցին այնպիսի մարդ է, ինչպիսին ես։ Դրսում ես այդպիսի պատկերացումներ չունեի Ադրբեջանի մասին»։
«Կարմիր խաչը ամիսը մեկ գալիս է, նամակներ է բերում, խոսում ենք ընտանիքի հետ։ Ուտելու, խմելու կամ հիգիենայի ամեն ինչ ․․․ ապահովում են ինչ-որ բանով։ Դե, էստեղ էլ են տալիս»։
2020 թվականի 44-օրյա պատերազմից անցել է գրեթե երեք տարի։ Բաքուն շարունակում է գերության մեջ պահել տասնյակ հայ զինծառայողների։ Հայ իրավապաշտպանները պնդում են՝ խոսքը մոտ 80 գերու մասին է։ Ադրբեջանական կողմը, սակայն, հաստատում է միայն 33-ի պահման փաստը։
«Ալիևը խախտում է գերիներին ազատ արձակելու պայմանավորվածությունը»
Այս մասին հայտարարություններ պարբերաբար հնչում են Հայաստանի իշխանությունների կողմից։ Օրերս «Հանրային» հեռուստաընկերության եթերում թեմային կրկին անդրադարձել էր Անվտանգության խորհրդի քարտուղարը։
«Անցած տարի ապրիլին էր, երբ Բրյուսելում հանդիպում տեղի ունեցավ, նախագահ Ալիևը Միշելին խոսք էր տվել 10 գերի ազատել: Մեկ տարուց ավելի է անցել և գերիներն ազատ չեն արձակվել: Բնականաբար, հայկական կողմը այս ամբողջ ընթացքում այդ հարցը բարձրացնում է», — հայտարարել էր Արմեն Գրիգորյանը։
Նա ընգդծել էր, որ Հայաստանը հետևողական է բոլոր պայմանավորվածությունների իրագործման հարցում, դա համարում է «հեղինակության հարց»․
«Մեր միջազգային գործընկերները պետք է շատ ուշադիր լինեն այս հարցին, որովհետև դրանով նրանք նաև ցույց են տալիս, թե միջազգային մեխանիզմներն ինչպես են աշխատում, և միջազգային հանրությունն ինչպես է արձագանքում իր վրա վերցված պարտավորություններին»։
Գերիները՝ սակարկության առարկա՞
Գերիների և պահվող անձանց խնդիրներին մայիսի 14-ի բրյուսելյան հանդիպմանն անդրադարձել էր Եվրոպական խորհրդի նախագահը։ Շառլ Միշելը նշել էր, որ «առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ևս մի քանի ձերբակալվածներ»։ Մինչ օրս, սակայն, որևէ նման տեղեկության չի ստացվել։
«Այն զինվորները, որ պարզապես մոլորվել և անցել են մյուս կողմը, կշարունակվեն ազատ արձակվել արագացված ընթացակարգի շրջանակներում»,– հայտարարել էր նա։
Միշելի այս հայտարարությունից երկու շաբաթ էլ չէր անցել, երբ ադրբեջանական կողմը Շիկահողի միջդիրքային հատվածից երկու հայ զինծառայողի առևանգեց ու նրանց ահաբեկիչներ հայտարարեց։ Հայաստանյան փորձագետները սա «հատուկ օպերացիա» են որակում և նշում, որ Ադրբեջանը մտադիր է նրանց փոխանակել ապրիլի սկզբին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցիների հետ, որոնցից մեկը մեղադրվում է նաև մարդասպանության մեջ։
Բաքուն վերջերս ակտիվորեն տեղեկատվություն է հաղորդում Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին, այդ թվում վերջերս առևանգված երկու զինծառայողներին։ Նախօրեին ադրբեջանական աղբյուրները հաղորդեցին, որ նրանց այցելել են մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան և օմբուդսմենի Խոշտանգումների կանխարգելման ազգային կանխարգելիչ խմբի անդամները։ Հայ զինծառայողներն էլ, ըստ այդ հաղորդագրությունների, բողոքներ չեն ներկայացրել։
Մեկնաբանություն
Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն ասում է՝ իրեն չի զարմացրել Բաքվի հրապարակած քարոզչական տեսանյութը․ առաջինը չէր։ Վստահ է՝ հայ գերիներին նկարահանել են սպառնալիքների ներքո։
«Ազատության» հետ զրույցում նա նկատել է՝ տեսանյութում Ադրբեջանը ներկայացվում է որպես մարդասեր կողմ, Հայաստանը՝ «մահացու ականներ տեղադրող»․
«Երբ ցուցադրվում էին Գեղարքունիքում գերեվարված երկու զինծառայողները, ըստ որում, նրանցից 4-ն արդեն իսկ հայրենադարձվել են, նման հետևություն է կատարում լրագրողը, որ ականներ դրած և դրանով ադրբեջանցիների կյանքը վտանգած զինծառայողները խաղաղության են ձգտում իրենց զավակների համար»։
Սահակյանը կարծում է՝ այս տեսանյութով Բաքուն ուզում է փոխել միջազգային կառույցների, այդ թվում՝ Ստրասբուրգի դատարանի վերաբերմունքը, սակայն ցուցադրված «խիստ կոկիկ բանտային պայմանները պարզապես աչք են ծակում»։
Հիշեցնում է՝ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցներում ներկայացված են Ադրբեջանի իրական բանտային պայմանները, դրանք «շատ հեռու են այս ամենից»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայ գերիների մասնակցությամբ տեսանյութ Բաքվից