«ԱՄՆ հետ զորավարժությունները նպաստում են ՀՀ սուբյեկտայնության ավելացմանը». կարծիք
Հայ-ամերիկյան զորավարժություններ 2024
Այսօր՝ հուլիսի 15-ին, Հայաստանում մեկնարկեցին «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Ներգրավված են ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Պաշտոնական Երևանի հաղորդմամբ՝ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
Ռուսաստանը, սակայն, պնդում է, թե ինչ խաղաղապահ նպատակների մասին էլ հայտարարի Արևմուտքը, «ակնհայտ է, որ գլխավոր խնդիրն աշխարհաքաղաքական նախագծերի համար հարթակ ստեղծելն է»։ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե «ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում միայն կսրի տարածաշրջանային հակամարտությունների ներուժը և և կստեղծի նոր բաժանարար գծեր»:
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ ռուսական կողմից պարբերաբար հնչում են հայտարարություններ, որոնք ներկայիս իրողությունների հետ որևէ կապ չունեն:
«Անկախ նրանից՝ Հայաստանը կշարունակի՞ ՌԴ հետ համագործակցել, ի՞նչ ձևաչափով, ի՞նչ չափով կգործակցի, ՀՀ-Արևմուտք հարաբերությունները զարգանալու են՝ նույնիսկ հաշվի առնելով նախագահի պաշտոնում Թրամփի հնարավոր ընտրությունը»,- JAMnews-ի հետ զրույցում նկատել է նա:
Ղևոնդյանի դիտարկմամբ՝ լավ կլիներ, որ Մոսկվայում փորձեին նոր մոտեցումներ մշակել, ոչ թե վերադարձնել այն, ինչ «անվերադարձ կորսված» է:
«Արծիվ գործընկեր» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ Հայաստանում անց էին կացվել նաև նախորդ տարի՝ սեպտեմբերի 11-20-ը: Մասնակցել էին 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։
Ի՞նչ է հայտնի զորավարժությունների մասին
Հայաստանի պաշտպանական գերատեսչության փոխանցած տեղեկությունների համաձայն՝ հայ-ամերիկյան զորավարժությունները շարունակվելու են մինչև հուլիսի 24-ը: Դրանց նպատակն է՝
- բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում,
- իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում,
- բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը:
ՊՆ-ն հիշեցրել է, որ զորավարժություններն արվում են միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում, կրում են պարբերական բնույթ, վարժանքներ են իրականացվում նաև գործընկեր երկրներում:
Տեղեկություններ է հրապարակել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ հայտնելով, որ զորավարժությունը երկու պետությունների զինծառայողներին հնարավորություն կտա ծանոթանալ միմյանց գույքի և տեխնիկայի հետ.
«Հայկական և ամերիկյան կողմերը կզարգացնեն խաղաղապահ գործողություններ անցկացնելու իրենց կարողությունները՝ իրականացնելով կրակային և կայունության ապահովմանն ուղղված պատրաստության, զենքերի հետ ծանոթացման և հրաձգարանի ղեկավարման միջոցառումներ»:
Դեսպանատնից հիշեցրել են, որ Կանզասի Ազգային գվարդիան Հայաստանի հետ արդյունավետ կերպով փոխգործակցում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Նահանգային գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում՝ սկսած 2003 թ․-ից: Նկատել են՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունը միտված է ԱՄՆ-ՀՀ երկարամյա համագործակցության ամրապնդմանը:
Մոսկվան ափսոսանք է հայտնել
Զորավարժությունների մեկնարկից օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, թեմային անդրադարձել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Շեշտել է՝ Երևանի նման քայլերը «խաթարում են անվտանգության ոլորտում Հայաստան-Ռուսաստան փոխգործակցության հաստատված մեխանիզմների գործարկման հեռանկարները»:
«Այդ զորավարժություններն ափսոսանքից բացի ոչինչ չեն առաջացնում, հատկապես այն ֆոնին, երբ Երևանը փաստացի սառեցնում է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում և հասարակական հարձակումներ է կատարում կառույցի դեմ»,- հայտարարել է նա:
Զախարովայի խոսքով՝ Արևմուտքը Հայաստանին «ներքաշում է փոխգործակցության տարբեր ձևաչափերի» մեջ, որոնք, առաջին հերթին, ուղղված են Ռուսաստանի դեմ:
Ասում է՝ նման զորավարժությունների միջոցով Արևմուտքը ՀՀ-ին պարտադրում է անցնել զինված ուժերի ՆԱՏՕ-ի չափանիշների, ինչը հանգեցնելու է Հայաստանի անվտանգության ողջ համակարգի վերաձևակերպմանը։ Ըստ նրա՝ դա Արևմուտքին լրացուցիչ լծակներ կտա ազդելու Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը
«Հայ-ամերիկյան զորավարժությունները պետք է դիտարկել Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռման տրամաբանության մեջ: Դրանք նպաստում են աշխարհում Հայաստանի քաղաքական վարկանիշի բարձրացմանը, սուբյեկտայնության ավելացմանը, ինչպես նաև հնարավորություն են տալիս մեր բանակի բարեփոխումների համատեքստում որոշակի զարգացում ապահովել:
Արդեն երևում է, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ հավաքական Արևմուտքը այս պահին Կովկասում իրենց ներկայությունը առավելապես ՀՀ միջոցով են տեսնում։
Առավել ևս, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ընդունվեց, և այդ երկիրը խնդիրներ ունի Արևմուտքի հետ:
Բայց պետք է նշել նաև, որ իրավիճակը կարող է փոխվել: ԱՄՆ-ում ընտրություններ են սպասվում։ Եվ կա մեծ հավանականություն, որ վարչակազմը կփոխվի, Թրամփը կընտրվի նախագահ։ Ինչը նշանակում է, որ կվերանայվի տարբեր տարածաշրջաններում Նահանգների քաղաքականությունը:
Թրամփը հայտնի է իր արտաքին քաղաքականության հատուկ տեսլականով, որը ես անվանում եմ մեկուսացման քաղաքականություն: Դա դարձել է նաև միջազգային տերմին, օգտագործվում է Թրամփի գործունեությունը բնութագրելու համար: Էությունն այն է, որ ԱՄՆ-ն զսպող դերակատարում պետք է ունենա միայն աշխարհի այն հատվածներում, որտեղ ունի տնտեսական օգուտներ, իսկ մյուսներում շատ ավելի մեծ ազդեցություն պիտի ունենան տարածաշրջանային խաղացողները:
Այդ խաղացողները ԱՄՆ շահերի չոտնահարման դեպքերում կարող են որոշումներ կայացնել առանց Նահանգների հետ համաձայնեցման: Սրա արտահայտումն էր, օրինակ՝ 44-օրյա պատերազմը, ռուս-թուրքական գործարքը, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը կիսվեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Լինելով ԱՄՆ նախագահ՝ Թրամփը որևէ էական մասնակցություն չունեցավ:
Եթե Թրամփը վերադարձնի մեկուսացման քաղաքականությունը, ապա շատ հավանական է, որ ՀՀ համար հնարավորությունների այս պատուհանը ժամանակավորապես փակվի կամ կիսափակվի։ Եվրոպայի հետ հարաբերությունները կշարունակեն զարգանալ:
Սա նշանակում է, որ Հայաստանին անհրաժեշտ է առաջիկա 4-5 ամիսների ընթացքում հնարավոր առավելագույնը քաղել ՀՀ-ԱՄՆ փոխհարաբերություններից:
Անելիքներից գլխավորը կլինի Հայաստանի և ԱՄՆ միջև փաստաթղթերի ստորագրումը, եթե դա հնարավոր լինի: Այստեղ բազմաթիվ գործոններ կան, որոնք պետք է հաշվի առնել։ Դրանցից շատերը գուցե հաղթահարելի չլինեն հայկական կողմի համար: Բայց կան ոլորտներ, որտեղ կան հնարավորություններ՝ տքնաջան աշխատելու դեպքում ստանալու նման փաստաթղթեր։ Օրինակ՝ նոր ատոմակայաններ ձևավորելու իմաստով հայ-ամերիկյան միջուկային ծրագրերը:
Եթե հնարավոր լինի այդ ոլորտում փաստաթղթեր ստորագրել, անկախ նրանից՝ ով կընտրվի նախագահ, դրանք շարունակություն կունենան: Նման իրավիճակներ կան նաև ռազմական համագործակցության ոլորտում:
Գիտենք, որ ոչ միայն համատեղ զորավարժություններ են տեղի ունենում, այլև կան ամերիկացի հրահանգիչներ, ովքեր օգնում են ՀՀ բանակի բարեփոխումներին:
Եթե այստեղ ևս ամեն բան դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, հնարավոր լինի պայմանագրեր ստորագրել, դրանք կլինեն ՀՀ հաջողության գրավականը նաև Թրամփի հնարավոր նախագահության շրջանում:
Իհարկե, մարտահրավերներ լինելու են, ՀՀ որոշ «բարեկամներից» և հակառակորդներից մենք հակազդեցության փորձեր տեսնելու ենք: Բայց դրանց դիմակայելու կամ դրանք չեզոքացնելու միակ հնարավորությունը Հայաստանի դիմադրողականության և կարողությունների ամրապնդումն է, այդ թվում՝ օգտագործելով ԱՄՆ, Եվրոպայի, այլ ուժային կենտրոնների միջոցները»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայ-ամերիկյան զորավարժություններ 2024