Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա։ Հայաստանի օմբուդսմենն՝ ընդդեմ իշխանության դիրքորոշման
Օմբուդսմենը՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին
Ներկայիս պայմաններում չի կարելի հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնել, կարծում է Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը։
Նրա կարծիքով՝ սահմանազատումը կարող է իրավիճակի ավելի լուրջ սրացման պատճառ դառնալ սահմանամերձ շրջանների բնակիչների իրավունքների խախտման տեսանկյունից։
Սակայն որոշ հայ պաշտոնյաներ, ըստ օմբուդսմենի, իրենց այնպիսի հայտարարություններ են թույլ տալիս, որոնք հակասում են Հայաստանի շահերին և դրա բնակիչների իրավունքներին, և այդպիսով նրանք փաստացի աջակցում են ադրբեջանական կողմին։
Բոլոր մանրամասները, թե որն է օմբուդսմենի դժգոհության պատճառը, ինչի համար է նա մեղադրում տեղի ղեկավարներին։
- Նոր հին սահման․ ինչո՞ւ են հայկական գյուղերը հայտնվել Ադրբեջանի տարածքում
- Նոր ընտրություններ, ղարաբաղյան հարց, գերիների վերադարձ․ քաղաքագետը՝ Հայաստանի ապագայի մասին
- Հայացքը Մոսկվային հառած․ Հայաստանը ԵՄ-ից զգալի ֆինանսական օգնություն կստանա
«Սահմանագծումն անհնար է»
Արման Թաթոյանը պնդում է, որ սահմանազատումն ու սահմանագծումն այս փուլում կարող է հանգեցնել իրավիճակի սրացման՝ հենց սահմանամերձ գոտու բնակիչների իրավունքների խախտման տեսանկյունից։
«Նրանց իրավունքները պետք է վերականգնվեն։ Նշված գործընթացները պետք է անցկացվեն Հայաստանի տարածքից ադրբեջանցի զինծառայողներին դուրս բերելուն զուգահեռ», — հայտարարել է օմբուդսմենը։
Արման Թաթոյանն ընդգծել է, որ սահմանագծումն անհնար է, քանի դեռ ադրբեջանցի զինվորներն ապօրինաբար Հայաստանի տարածքում են գտնվում։
Մայիսի 12-ից ադրբեջանական ԶՈւ-ն խախտել է Հայաստանի պետական սահմանն ու մի քանի կիլոմետրով առաջացել դեպի երկրի խորքը, ընդ որում՝ երկու ուղղություններով՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Պետության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքուն սադրանքի է դիմել, սակայն Հայաստանի Զինված ուժերը պատրաստ են ուժային ճանապարհով հակառակորդին ելման դիրքեր հետ շպրտել։ Սակայն հուլիսի 13-ի դրությամբ՝ ադրբեջանցի զինվորականները դեռևս չեն լքել Հայաստանի տարածքը, թեև նահանջել են որոշ հատվածներում։
Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականով՝ պետական սահմանների հետ կապված գործընթացները երկրի իշխանությունը քննարկում է քաղաքական և ռազմական բաղկացուցիչների շրջանակում և այդ տեսանկյունից, այդպիսով լիովին անտեսվում են մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։
Թաթոյանը կարծում է, որ պետությունն ինքն իրեն սահմանափակել է՝ որպես առաջնահերթություն ընտրելով քաղաքական և ռազմական բաղկացուցիչները, և այդ առնչությամբ վտանգավոր միտում է նկատվում, որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը հակասում են միմյանց․
«Իրականում մարդու իրավունքներն ու անվտանգությունը լրացնում են միմյանց, և սա կարևոր թեզ է։ Բացի այդ, կարևոր է հաշվի առնել, որ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում հարցը դիտարկելու դեպքում պետությունն ընդլայնում է իր հնարավորությունները»։
Սահմանների հարցի քննարկումը, հաշվի առնելով միայն ռազմաքաղաքական բաղկացուցիչը, առանց մարդու իրավունքները հաշվի առնելու, շահեկան է ադրբեջանական կողմին, ասում է օմբուդսմենը։ Սակայն հայկական կողմը մեծ բազա ունի, որում հավաքված են այս ոլորտում խախտումների փաստերը, հաղորդել է Թաթոյանը․
«Հայաստանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ է։ Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի իրավիճակը Հայաստանի սահմանին այդ կառույցում քննարկման դրվի, որպեսզի այնտեղ հատուկ զեկուցողներ նշանակեն, որոնք տեղում կծանոթանան իրավիճակին և փաստաթղթեր կնախապատրաստեն»։
Տեղական կառավարման ղեկավարների քննադատություն
«Պաշտոնյաներ կան, որոնք իրենց հայտարարություններով «նվերներ» են մատուցում ադրբեջանական իշխանությանը», — ասել է Արման Թաթոյանը՝ որպես օրինակ բերելով Գեղարքունիքի մարզի դեպքը։
Հուլիսի 5-ին փոխհրաձգություն է եղել զինծառայողների միջև, որի հետևանքով մեկ հայ զինծառայող է վիրավորվել։ Հայաստանի ՊՆ-ն, ըստ օմբուդսմենի, հայտարարություն է տարածել, որը հաստատում է այդ փաստը։ Իսկ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հավաքել է բոլոր տվյալները, որոնց արդյունքում պարզվել է, որ կրակոցները եղել են սահմանի հենց այն հատվածում, ուր ներխուժել են ադրբեջանցի զինվորականները․
«Հետազոտությունները ցույց են տվել, որ եղել են կրակոցներ, ավելին՝ այդ արոտավայրերում կամ սարատեղիներում դրանք ակնհայտ լսվել են։ Նաև ստացել էինք ահազանգեր մարդկանցից։ Սակայն լրատվամիջոցներից մեկը, կարծում եմ՝ ուղղորդված, հարց է տալիս Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավարին, ասում է՝ իսկ ադրբեջանցիները խոչընդոտո՞ւմ են գյուղացիների բնականոն կյանքը։ Վարչական շրջանի ղեկավարը ասում է՝ չէ, ի՞նչ խոչընդոտել, գյուղացիները այդ կողմը չեն էլ գնում։
Ինչպե՞ս կարելի է նման բան ասել […]։ Ադրբեջանական զինվորականները նստած են հենց այն վայրերում, որտեղ մեր արոտավայրերն են և որտեղ գյուղացիները չեն կարողանում օգտվել կամ բնակիչները չեն կարողանում օգտվել իրենց անասնագոմերից»։
Եթե նման հայտարարություն է արվում վարչական շրջանի ղեկավարի կողմից, որն առավել տեղեկացված է համարվում, ապա մարդու իրավունքների պաշտպանն արդեն չի կարող ներկայացնել քաղաքացիների շահերը միջազգային դատարանում, ասել է Թաթոյանը։
Նա կոչ է արել կարգավորել այս ոլորտում պետական մարմինների և օմբուդսմենի գրասենյակի համատեղ աշխատանքը․
«Պաշտոնյաները գալիս և գնում են, իսկ պետությունն ու քաղաքացիների իրավունքները մնում են»։