Հայրենական օրգիաների առանձնահատկությունները
Ֆլեշմոբը չի մահացել
Քանի որ չի կարող մահանալ այն, ինչ ի սկզբանե մահացած էր: Սակայն սկզբում՝ մի փոքր այդ երևույթի մասին:
Ֆլեշմոբը սրընթաց ակցիա է, որի նպատակն անցորդների մոտ տարակուսանք առաջացնելն է: Յուրաքանչյուր մասնակից մինչև իքս պահը չպետք է որևէ կասկածի տեղիք տա, այնուհետև պետք է արագ իր «դերը խաղա» և աննկատ հեռանա: Ֆլեշմոբների հիմնական սկզբունքները.
[yes_list]
- սրընթացություն և հանկարծակիություն
- ոչ մի գովազդ կամ ֆինանսական շահույթ
- անձը ոչինչ է, թիմն ամեն ինչ է
- Մարդու այսպես ասած ապաանձնավորում
- Ապաքաղաքականություն
[/yes_list]
Ինչպես և ցանկացած շարժում, ֆլեշմոբն Ադրբեջանում հայտնվել է այն փուլում, երբ դրա տարածվածությունն Արևմուտքում դանդաղ բայց հաստատուն կերպով մարում էր: Մեր երկրում նման բան թերևս տեղի է ունենում ցանկացած թրենդային երևույթի դեպքում: Եվ սկզբում ջանում էին, գրքեր էին կարդում փողոցում, Կույսի աշտարակի մոտ զանգվածային ինքնասպանություն էին պատկերում: Ոստիկանությունը տարակուսում էր: «Այդ ինչպե՞ս ստացվեց, որ բոլորը միանգամից սկսեցին կարդալ: Այստեղ մի բան այն չէ», — մտածում էին իրավապահները և ցրում էին բոլորին: Դա լավ, կրեատիվ տարիներ էին:
Ինչն, ի դեպ, ինձ չէր խանգարում ատել ֆլեշմոբերը: Եվ պատճառը ֆլեշմոբերի էությունը չէր: Այսպես, հայտնի նեոֆրեյդիստ Էրիխ Ֆրոմը համարում էր, որ մարդուն երկու հակադիր մղումներ են ուղղորդում՝ միայնակ մնալու և ամբոխում տարրալուծվելու: Առաջինը սպառնում է միայնության վերածվել, երկրորդը՝ սեփական «ես»-ի կորստով: Եվ մարդը ստիպված է ոսկե միջին գտնել: Ֆրոմը միասնության պահանջի բավարարման տարրական ձևերից մեկը համարում էր օրգիաները: Կլինեն սեքսուալ, թե թմրամոլական օրգիաները: Կամ նույնիսկ աֆրիկացի ցեղերի պարերը կրակի շուրջ: Պարզ սինքրոն շարժումներ, որոնք մարդկանց օգնում են միավորվել, թեկուզ կարճ ակնթարթով:
Եվ եթե Ֆրոմը հիմա կենդանի լիներ, նա ֆլեշմոբերն օրգիայի տեսակներից մեկին կդասեր, քանի որ այդ շարժման և աֆրիկյան պարերի միջև սկզբունքային տարբերություն չկա: Մեր երիտասարդությունն իրեն անսահման միայնակ էր զգում և նախընտրեց այդ ճանապարհը: Իսկ ես նրանց համար սրտնեղում էի: Որ միայնությունից փախչելու տեղ չունեն այդ վայրի պարերից բացի:
Հետո այդ զգացումը ցասման փոխակերպվեց, քանի որ այն, ինչ մնաց ֆլեշմոբերից, պարերն են: Շատ պարեր: Իսկ ինչո՞ւ ոչ: Մարդիկ ուրախ են, ոստիկանությունը չի դիպչում, Յութուբում բազմաթիվ դիտումներ ունեն: Ինչո՞ւ ձգտել օրիգինալ ինչ-որ բան անել:
Հետո ամեն ինչ ավելի վատացավ: Դանակի տակ ընկան հիմնական սկզբունքները: Ամռանը պետք է անձրևանոցներով ֆլեշմոբ կայանար: Զրոյական կազմակերպվածությունը հանգեցրեց նրան, որ տեղի ունեցածը կարելի է անվանել ինչ պատահի, սակայն հաստատ ոչ «ֆլեշմոբ»: Ժողովուրդը մի ամբողջ ժամ հավաքվում էր Բաքվի ամենաբանուկ հատվածներից մեկում՝ Շատրվանների հրապարակում: Էլ ի՞նչ հանկարծակիություն: Արդյունքում՝ ոստիկանությունը բոլորին ցրեց: Շատերն էին համացանցում վրդովվում, սակայն ես անձամբ միայն ուրախ էի. չեք կարողանում կազմակերպել, մի՛ կազմակերպեք:
Կամ ջրախաղերը, որոնք ամռանը կազմակերպել էին Շեհիդների ծառուղու մոտ: Կազմակերպիչներին իհարկե ձերբակալեցին:
Վերջերս փետրվարի 14-ի հետ կապված ֆլեշմոբ եղավ: Ինչպես լսեցի, տղան աղջկա համար որոշել էր գեղեցիկ առաջարկություն անել: «Հրաշալի է», — մտածեցի ես և սկսեցի սպասել Շատրվանների հրապարակում (էլ որտե՞ղ): Հետո ավելի հետաքրքիր էր, այդ պատճառով էլ կետ առ կետ կգրեմ:
1. Հանկարծակիություն: Հանկարծակի ոչինչ չկար: Ֆլեշմոբից մեկ ժամ առաջ արդեն բոլորը հավաքվել էին, կես ժամ առաջ օդում այնպիսի լարվածություն կար, որ երաժշտության բարձրախոսների ստուգումը ճիշտ տեղին էր, իսկ կես ժամ առաջ հրապարակի հսկայական մի հատված հանկարծ դատարկվեց: Այստեղ հիմարն էլ կհասկանար, թե ինչն ինչոց է:
2. Ֆինանսական շահի բացակայություն: Ինչպես իմացա, մեզ մոտ կարելի է «ֆլեշմոբ» գնել: Հատուկ կազմակերպիչներ կան, գալիս ես նրանց մոտ, պատվիրում ես՝ ինչ ուզում ես: Ամոթ:
3. Շրջապատի մարդկանց տարակուսանքը: Ֆլեշմոբի գլխավոր նպատակը չիրականացավ: Դա ոչ այնքան սինքրոն պարեր էին, որոնք ոչ մի կապ չունեին ոչ Սիրահարների օրվա, ոչ էլ խոստովանության հետ:
Այդ առիթի համար հագնված ազգականները, որոնք աղջկան ծաղիկներով ու նվերներով շնորհավորում էին, վերջին կաթիլն էին: Ընդհանրապես, դատելով աղջկա դիմահարդարումից և պահվածքից, նա նույնպես նախապես տեղեկացված էր:
Նկատեք, որ ես ոչ մի բառ չեմ խոսում հենց առաջարկության մասին: Այն ոչ մի ձև էր, անկեղծ ասած, սակայն դա բնավ իմ գործը չէ: Ավելի լավ կլիներ, եթե տղան ծնկի իջներ հավաքվածների առջև և աղջկան առաջարկեր ամուսնանալ իր հետ: Սակայն ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում:
Կամ ֆլեշմոբի կազմակերպիչներին: