Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է․ «ուրացման» կեղծ թեզերի հետքերով
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը. կեղծ թեզերի մասին
Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։ Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս հազարավոր հայեր այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին։

Վերջին ամիսներին այս հուշահամալիրը հանրության ուշադրության կենտրոնում է։ ԿԳՄՍ նախարարությունը հիմնանորոգում է այն, ինչը դարձել է քաղաքական շահարկումների առարկա։
Ընդդիմադիր ուժերը պնդում էին, թե վերանորոգման անվան տակ «հուշահամալիրը քանդում են, ապամոնտաժում»: Երբ այդ լուրերը հերքվեցին և հաղորդվեց նորոգման աշխատանքների առաջին փուլի ավարտի մասին, ապատեղեկատվություն տարածողները սկսեցին պնդել, թե «հուշահամալիրի անխնա փլուզումն ու ոչնչացումը, վանդալիզմը կասեցվել և փոխարինվել է իրական վերանորոգմամբ», ինչը տեղի է ունեցել «հանրային ճնշման արդյունքում»:

Օրեր առաջ էլ տարածվել էր տեղեկատվություն թե, իբր, Հայաստանի կառավարությունը հիշատակի օրվա միջոցառումները չեղարկելու հանձնարարություններ է տվել։ Նման որոշում, սակայն, չէր ընդունվել։
Փաստերի ստուգման Fip.am հարթակն ուսումնասիրել է տարածվող լուրերն ու արձանագրել՝ Հայոց ցեղասպանության «ժխտման» թեման շահարկելով կեղծ թեզեր են տարածել հայաստանյան ԶԼՄ-ներն ու գործիչները, ինչպես նաև թուրքական քարոզչական հարթակները:
«Բաց աղբյուրները, պաշտոնական տեղեկությունների վերլուծությունն ու իրողությունները չեն հաստատում ո՛չ հիշատակի միջոցառումների չեղարկման, ո՛չ էլ հուշահամալիրի վերանորոգման առիթով տարածված դավադրապաշտական թեզերը»,- ասված է Fip.am-ի հրապարակման մեջ:
Վերջին զարգացումների մասին՝ ամփոփ, ինչպես նաև մեկնաբանություններ սոցցանցերից
- «Ակնարկ դժգոհության մասին»․ ՀՀ ԱԳ նախարարը չի մեկնել Թուրքիա
- Շրջայց ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետում․ ինչ սպասել
- «Թշնամանքի էջը երկուստեք փակել ենք»․ ՀՀ ԱԺ նախագահի արձագանքը Ֆիդանին
Կեղծ թեզեր
«Էրդողանի պահանջով հուշահամալիրն ապամոնտաժում են»
Մի քանի ամիս է, ինչ հայաստանյան մամուլում և սոցցանցերում քննարկվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ընթացող շինարարական աշխատանքները: Հանրային մտահոգություններին զուգահեռ տարածվում են կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ, դավադրապաշտական թեզեր։
Fip.am-ը մատնանշել է դրանցից մի քանիսը: Մասնավորապես՝
- «Արմենիա» և «5-րդ ալիք» հեռուստաալիքների պատրաստած ռեպորտաժներում հնչել է հարցադրում՝ «ապամոնտաժվում / քանդվում, թե՞ վերանորոգվում է» հուշահամալիրը,
- մի շարք քաղաքական գործիչներ սկսել են պնդումներ անել, թե վերանորոգման անվան տակ «հուշահամալիրը քանդվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի պահանջով»:
Հուշահամալիրի քանդման մասին ահազանգել էր «Միասնության թևեր» կուսակցության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«Թուրքիայի երկարամյա պահանջներից մեկը եղել է Ցեղասպանության ուրացումը, և դրա գործնական արտահայտությունն առաջին քայլով կարող է լինել Ծիծեռնակաբերդի ապամոնտաժումը: Շինարարության եռուզեռի նկարներն ու պատկերները կարող են ներկայացվել Էրդողանին որպես քաղաքական հաշվետվություն, իսկ ներսում հանրությանը մատուցվել որպես «վերանորոգման աշխատանքներ»»,- շեշտել էր նա:
«Չեն ավարտելու շինարարությունը»
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներից Արմենակ Դանիելյանը հայտարարել էր՝ իշխանությունները չեն ավարտելու շինարարությունը, որպեսզի ապրիլի 24-ին մարդիկ չայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրա այս պնդումները տեղ էին գտել նաև Հայկական 2-րդ հեռուստաալիքի ռեպորտաժում:
«Կամաց-կամաց սովորեցնելու են էս հուշահամալիրի բացակայությանը»,- հայտարարել էր Դանիելյանը։
Կեղծ թեզերը տարածվել են ինչպես հայկական, այնպես էլ թուրքական ԶԼՄ-ներով, մասնավորապես՝ Veryansintv.com քարոզչական կայքով: Այս կայքի հիմնադիրներն ու հոդվածագիրներն ունեն քեմալական հայացքներ, հարթակը հայտնի է մանիպուլյատիվ լուրերի տարածմամբ։
Թուրք լրագրող Օքայ Դեփրեմը պնդել էր, թե ՀՀ կառավարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառումները չեղարկելու, ինչպես նաև պատմության դասագրքերում իրադարձությունները վերախմբագրելու հանձնարարություններ է տվել։
Փաստեր ստուգող լրագրողները պարզել են, որ հոդվածի հեղինակը բնակվում է Լուգանսկում և զբաղվում է ռուսամետ քարոզչությամբ:
Օքայ Դեփրեմի տարածած լուրերը պաշտոնապես չեն հաստատվել: Ավելին, դրանք փաստացի հերքվել են, քանի որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում միջոցառումներն ընթանում են այնպես, ինչպես ամեն տարի:
Վերանորոգում մի քանի փուլով. ի՞նչ է կատարվում իրականում
Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում ոչ միայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, այլև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Դրանք արվելու են մի քանի փուլով և ամփոփվելու են 2028 թվականին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարբերաբար այցելում է հուշահամալիր և ներկայացնում շինարարական աշխատանքների ընթացքը: Հիշատակի օրվա նախաշեմին՝ ապրիլի 18-ին նախարարը Ծիծեռնակաբերդ էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Այս փուլի աշխատանքներն ավարտված են։ Հուշահամալիրն, ընդհանուր առմամբ, պատրաստ է ապրիլի 24-ին և առաջիկա արարողակարգային միջոցառումներին»,- շրջայցից հետո հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել էր՝ առաջին փուլում հիմնանորոգվել են հուշակոթողի 4 աստիճանավանդակներն ու 3 մույթերը:
Բացի այդ, իրականացվել է մույթերի և հուշապատի հիմքերի ջրամեկուսացում, անցկացվել է ջրահեռացման նոր համակարգ, հուշապատի երկայնքով նոր ճեմուղի է կառուցվել:
Անդրեասյանը վստահեցրել էր՝ աշխատանքներն իրականացնելիս պարբերաբար մասնագիտական քննարկումներ են անցկացվում՝ սկսած քարի ընտրությունից։
«Առանց բացառության յուրաքանչյուր քար, որ տեսնում եք տեղադրված, մասնագետները նայել են, հաստատել են, որ տվյալ քարը կարող է դրվել, դրանից հետո դրվել է»:
Տեղեկացրել էր՝ հիշատակի միջոցառումներից հետո էլ հուշահամալիրում աշխատանքները շարունակվելու են:
«Հաշվի առնելով ապրիլի 24-ին ընդառաջ սպասվող մարդկային մեծ հոսքը՝ մենք այնպես ենք աշխատանքները կազմակերպում, որ յուրաքանչյուր փուլով ամփոփում ունենանք մինչև սպասվող արարողությունները»,- հայտնել էր նախարարը:
Մեկնաբանություններ սոցցանցերից
Քաղաքացիները սոցցանցերի հայկական տիրույթում մեկնաբանել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի քանդման մասին տեղեկություններն ու նման լուրեր տարածողներին անվանել «պետականաքանդ ստախոսներ»: Ներկայացնում ենք մի քանի մեկնաբանություն․
«Սենց էլ թարս բան կլինե՞ր՝ հուշահամալիրի նորոգման այս փուլն ավարտված է։ Իսկ հիմա ինչո՞վ են զբաղվելու Ցեղասպանությունը ուրանալու թեզի վրա քաղաքական կապիտալ կառուցողները»:
«Ես 3 ամիս առաջ գնացել եմ Ցեղասպանության հուշահամալիր, որոշ հատվածներ փակ էին, չկարողացա շատ մոտենալ, հարցրեցի, մարդիկ ասացին՝ վերանորոգվում է։ Լավ զգացի, քանի որ 1 տարի առաջ տեսել եմ, որ քարերի վիճակը տխուր էր: Սոցցանցում ասացի, որ վերանորոգվում է, մի շարասյուն չմարդիկ հարձակվեցին վրաս, թե բա՝ քանդում են, վերացնում են… Վախից ջնջեցի գրածս, որ քաղաքական հարձակումից խուսափեմ։ Ի դժբախտություն ռուսամետների՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգումն ավարտված է»:
«Ոնց կարող էին այս «թրքամետ» իշխանությունները ոչ թե ավիրեին մեր այս ազգային արժեքը, այլ սենց լավ վերանորոգեին։ Այն էլ՝ ժամանակին, որ հասցնեն ապրիլի 24-ի տարելիցին։ Չէ, հաստատ արհեստական բանականությունով սարքած նկարներ են։ Աչքներովդ էլ տեսնեք՝ չհավատաք»:
«Բոլորդ էլ հիշում էիք, թե որոշ կեղծիք տարածողներ ինչպես էին իրենց լրատվամիջոցներով գուժում, թե Նիկոլը հուշահամալիրը քանդում է: Տասնյակ պետականաքանդ ստախոսներ խոսում էին այդ մասին: Եթե իրենք իրենց մի քիչ մարդ են զգում, ապա պիտի հանրությունից ներողոություն խնդրեն իրենց ստախոսության համար նույն այն ԶԼՄ-ներով, որոնցով այդ ստերը տարածել են»:
«Հիշում եք չէ՞, որ «էս կառավարությունը թուրքերի հրամանով, վերանորոգելու պատրվակով անցած տարի քանդել էր հուշահամալիրը» ու էլ չէր սարքելու, որպեսզի ապրիլի 24-ին քանդած լինի, մենք չգնանք հուշահամալիր, թուրքերը չնեղանան։ Մի խոսքով՝ ամեն ինչը սենց ջնջելու էր, վերացներ։ Չէ, մի տեսակ չեմ ուզում հավատալ, որ մեր ազնիվ ընդդիմադիր լրատվականները մեզ էշի տեղ էին ուզում դնել։ Ես իրենցից տենց բան չեմ սպասում։ Մանավանդ ռուսամետ ուժերի ուժեղ լրատվականներից։ Չէ, իրանք երբեք սուտ չեն խոսում։ Ինձ թվում ա՝ ՔՊ-ն ուղղակի վախեցել ա «ուժեղ» մարդկանցից ու արհեստական բանականությունով սուտ լուսանկարներ գեներացրել»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը. կեղծ թեզերի մասին