Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը կհասնի՞ Լորդերի պալատ
Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։ Միացյալ Թագավորությունում Հայ դատի հանձնախումբն այն «Հայ դատի համար պատմական օր» որակեց։
Օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա հաջորդ տարի՝ 2022 թ․ մարտի 18-ին։ Մինչ այդ փորձագիտական շրջանակները քննարկում են՝ ինչո՞ւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը գնաց այդ քայլին, և որքանո՞վ է հավանական, որ օրինագիծն արժանանա այդ երկրի օրենսդիր մարմնի վերին՝ Լորդերի պալատի հավանությանը։
Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը ներկայացրել էր պահպանողական պատգամավոր Թիմ Լոութոնը, որը Միացյալ Թագավորություն-Հայաստան միջխորհրդարանական խմբի նախագահն է:
Երկրորդ ընթերցումը տեղի կունենա հաջորդ տարի՝ 2022 թ․ մարտի 18-ին։ Ընդունվելու դեպքում այն քննարկման կդրվի խորհրդարանի վերին՝ Լորդերի պալատում։ Եթե Լորդերի պալատը հավանության արժանացնի օրինագիծը, այն օրենքի ուժ կստանա։
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի խոսքով՝ անկախ ամեն ինչից, կարևոր քայլ է, որ օրինագիծն առանց առարկությունների, միաձայն օրակարգ է մտել, թեև դժվար է կանխատեսել՝ կընդունվի, թե ոչ։
Մանոյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նույն նպատակներն ունեցող բանաձեւ է ներկայացվել նաև Իսրայելի օրենսդիր մարմնում:
Ասում է՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծել ճանաչման համար, բայց Մեծ Բրիտանիան ու Իսրայելը պետք է որոշեն՝ ինչ անել։
«Չի բացառվում նաև, որ երկու երկրներում էլ որոշեն սա որպես լծակ գործադրել Թուրքիայի նկատմամբ ինչ-որ բան ձեռք բերելու համար, հետո էլ ամեն ինչ անեն, որ այս օրինագծի և բանաձևի ընդունումը տապալվի», — ասել է Մանոյանը։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ՝ Մեծ Բրիտանիան դիվանագիտական ասպարեզում Հայաստանին շատ-շատ վնասներ հասցրած պետություն է։ Արցախի մեծ մասի կորստից հետո այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման-չճանաչման խնդիրն, ըստ թուրքագետի, այս պահին որևէ նշանակություն չունի։
Մելքոնյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Հայոց ցեղասպանության ճանաչմամբ Մեծ Բրիտանիան խնդիր է դրել «ապացուցել ժողովրդավարական արժեքների հանդեպ իր հավատարմությունը»։
«Մի կողմից Մեծ Բրիտանիան աշխարհի կարևորագույն պետություններից մեկն է, և նրա դիրքորոշումը Ցեղասպանության նկատմամբ, ինչ խոսք, կարևոր է։ Մյուս կողմից պետք է փաստենք, որ այդ երկրի շահերը շատ-շատ անգամ համընկնում են թուրք-ադրբեջանական շահերի հետ, և կարելի է ասել, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի ոչ ֆորմալ դաշնակիցն է։ Հակահայկական ամբողջ արշավում այդ երկիրն ունի իր կարևոր դերակատարումը», — ասել է թուրքագետը։
Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը թուրք-բրիտանական հարաբերություններում խնդիրներ չի նկատում, ասում է՝ խնդիրներ կան ամերիկա-թուրքական հարաբերություններում։
Մանուկյանի ենթադրությամբ՝ այս կերպ ԱՄՆ-ն միջնորդավորված ճնշում է գործադրում Թուրքիայի վրա։
«ԱՄՆ-ն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այդ հարցն այլևս չի կարողանում որպես մահակ օգտագործել Թուրքիայի դեմ, և դա փորձում է անել իր ամենամոտ դաշնակցի միջոցով, որը հիմա ունի ԱՄՆ-ի կարիքը», — ասել է ցեղասպանագետը։
Թուրքիայի նկատմամբ ամերիկյան ճնշումներ Սուրեն Մանուկյանը նկատում է ոչ միայն այս, այլև քրդական հարցում։ Հիշեցնում է՝ Միացյալ Նահանգները ահաբեկչական խմբավորումների ցանկից հանել է քրդական մի քանի կազմակերպությունների, որոնք դրանում էին հայտնվել Թուրքիայի հետ ունեցած խնդիրների պատճառով։
Ցեղասպանագետը ԱՄՆ կողմից Թուրքիայի նկատմամբ միջնորդավորված ճնշման ևս մեկ օրինակ է բերել՝ 2005 թ․-ին Լեհաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։
«Սա ճնշման միջոց է, կբանեցնեն այդ ճնշումը, բայց հնարավոր է՝ վերջին պահին չընդունվի», — անդրադառնալով օրինագծի երկրորդ ընթերցմանը՝ նշել է Սուրեն Մանուկյանը։