Հայկական Չարլի Չապլին
Ռաֆայել Քոթանջյան.
Արվեստը այն դեպքում է արվեստ, երբ կատարսիսի զգացում ես ապրում, մեջդ ինչ որ բան կուտակվում՝ հետք է թողնում: Դու այն ապրում ես: Արվեստի իմաստը՝ մարդկանց մեջ, եթե ոչ հեղաշրջում, գոնե շարժում առաջացնելն է՝ դեպի լավը, կատարյալը: Այն ֆիլմերը, որոնցում ես նկարահանվեցի թե՛ Ուկրանիայում, թե Ռուսաստանում մինչ այժմ տեսնում եմ էկրաններին: Դրանք լավ աշխատանքներ էին, ասելիք ունեին:
Այն, ինչ կապված է դերասանական արվեստի հետ, վայելել եմ՝ թե՛ ճանաչումը, թե՛ գնահատումը: Երազանքներս թողնում եմ իմ մեջ, բայց բոլոր դեպքերում դրանք իրականացնելու փորձեր եմ անում: Ինչպես մարդիկ աստիճանաբար կառուցում են տասը հարկանի շենքը, այդպես էլ ես եմ հարկ առ հարկ բարձրանում: Ճիշտ է՝ չգիտեմ, թե որ հարկում եմ, բայց դիմացս կան հարկեր, որոնց դեռ պետք է հասնեմ: Ունեմ մի քանի գաղափար, բայց, ինչպես բոլոր դերասանները, այդ թվում ժողովրդական արտիստները, մի քիչ սնահավատ են: Ասում են՝ եթե երազանքիդ մասին շատ խոսես, հնարավոր է, այն չկատարվի:
Ես հավատում եմ, որ եթե մարդ մինչև վերջ տրվում է մի գաղափարի, նա կհասնի իր նպատակին: Ելնելով իմ կյանքի փորձից՝ կարող եմ ասել, որ նույնիսկ դժաբխտությունը հենց այնպես չի գալիս: Այն պատճառաբանված է, ինչ որ մեղքի, սխալի արդյունք է: Հնարավոր է՝ գալիս է քեզ փորձելու՝ արդյո՞ք կկարողանաս պատվով հաղթահարել: Այդ առումով ճակատագրին հավատում եմ: Ամենակարևորը, այն փոքրիկ Աստվածը, որը հոգուդ մեջ է, պետք է այնպես ապրի, որ հետո չափսոսես:
Երջանկությունը հենց այնպես չի լինում, այն ծնվում է բավարարվածությունից: Ես բավարարված եմ մի քանի հանգամանքներից՝ աշխատանքիցս, ընտանիքիցս, իմ ընտանիքի այն անձից, որը վերջերս աշխարհ եկավ՝ թոռնիկիցս:
Երկրորդ անգամ ապրելու կարիքը չունեմ: Եթե կյանքը նորից ապրեի, ապա կանեի այն, ինչ արել եմ: Արժե՞ երկրորդ անգամ ապրել նույնը, ինչն արդեն ապրել ես: Կյանքը չէր ունենա թարմություն:
Աստծո տվածն այնքան շատ է: Պետք է կարողանաս այդ ամենը վայելել և հնարավորություն տաս, որ քո շրջապատի մարդիկ էլ վայելեն: Սարսափելի է, երբ մարդը չի կայանում՝ որպես անձ, որպես արվեստագետ, որպես կին, որպես տղամարդ: Դրանից դժբախտ բան հնարավոր չէ պատկերացնել: Մարդն ապրում է, ամեն ինչ ունի, բայց ոչինչ չունի, քանի որ դժգոհ է ամեն ինչից: Դժգոհ մարդը սարսափելի է: Դժգոհությունը հենց այնպես չի ծագում: Մարդն ինքն է իր ճակատագրի ճարտարապետը:
Որևէ հնարավորություն երկու-երեք անգամից ավել չի տրվում: Եթե պատրաստ չես, հնարավոր է այն բաց թողնես և ամբողջ կյանքում սպասես, բայց էլ չստանաս: Ուսանողներիս սիրում եմ ասել. «Միշտ պատրաստ եղեք, որովհետև մի օր դուռը բացվելու է և ձեզ ասելու են՝ մտեք»: