Հայկական երկաթուղին կառավարող ռուսական ընկերությունը տեղի աշխատակիցներին փոխարինել է Ռուսաստանից հրավիրվածներով
Գյումրիի՝ Հայաստանի երկրորդ քաղաքի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները դիմել են Ազգային անվտանգության ծառայություն, դատախազություն և ոստիկանություն։ Նրանք այդ քայլին են գնացել այն բանից հետո, երբ աշխատանքի են եկել և հայտնաբերել, որ իրենց փոխարեն աշխատում են Ռուսաստանից հրավիրված մեքենավարներ։
«Հարավկովկասյան երկաթուղին» «Ռուսական երկաթուղիներ» ընկերության 100-տոկոսանոց դուստր ընկերություն է։ 2008թ-ի սկզբից Հայաստանը պայմանագիր է կնքել «Հայկական երկաթուղիներ» փակ բաժնետիրական պետական ընկերությունը 30 տարով «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնելու վերաբերյալ։
Կոնցեսիոն պայմանագիրը նշանակում է պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկության վերակառուցում ներդրողի միջոցների հաշվին։ Ներդրող ընկերությունը հնարավորություն է ստանում շահագործել ձեռնարկությունն ու եկամուտ ստանալ՝ պետությանը հարկեր վճարելով։
Երկաթուղու հայ մեքենավարներին չեն թույլ տվել գնացքները վարել, մինչ այդ նրանց այս կապակցությամբ ոչինչ չի նախազգուշացրել։ Իսկ ռուս գործընկերներն, ըստ տեղի մեքենավարների, աշխատանքի են անցել Հայաստան ժամանելուց անմիջապես հետո։ Նրանք փորձաշրջան չեն անցել և անգամ չեն ծանոթացել տեխնիկային և տարածքին։
• Մոսկվա-Սուխում-Թբիլիսի-Երևան
Ի՞նչ է տեղի ունեցել։ Մանրամասներ
Ինչպես հաղորդում է առցանց «Հայկական ժամանակ» պարբերականը, մեքենավարները նոյեմբերի 19-ի առավոտյան սովորականի նման եկել են աշխատանքի: Սակայն պարզվել է, որ նրանց փոխարեն աշխատանքի են դուրս եկել Ռուսաստանից ժամանած մեքենավարներ։ Նրանց պարզապես գնացքները վարելու թույլտվություն չի տրվել:
«Երեկ միամիտ մեր տղեքին ըսել են, որ ռեզերվ գնացեք, գնացքը բդի ռուսը տանի: Հեչ մե ձևիմ ծանուցում չի եղել, հեչ մե զգուշացումըմ, հենց հմի մենք ունինք նարյադ, հենց էս պահի դրությամբ, բայց եկել եմ իմ անունիս դեմը գրած է «օտդիխ», իմ հաշվիս հանգիստ: Բայց ընչի, չեն ըսել: Ընձի գրել են հանգիստ, իմ տեղս ռուսը կաշխատի», — հայտնել է հայ մեքենավարներից մեկը։
Տեղի աշխատակիցները համարում են, որ ռուսական ընկերության գործողություններն ուղղված են Հայաստանի ազգային անվտանգության դեմ։ Ուժային կառույցներին ուղղված նամակում նրանք խնդրում են ստուգել ռուս մեքենավարների անձնական տվյալներն, ինչպես նաև Հայաստանի տարածքում գնացքներ վարելու իրավունքի առկայությունը։
«Անունը դրել են փորձի փոխանակում ու էդ ռուսներին բերել են մեր տեղը կաշխատցնեն․․․ Չկա ըդպես իրավունք: Ոչ գծերին են ծանոթ, ոչ գնացքներին ու դրանց հնարավորություններին, ոչ գիտեն ինչ արագություն ունին էդ գնացքները, ստեղ ինչ արագությամբ կքշեն, հեչ բան», — ասել է մեքենավարներից մեկը։
Ի դեպ, ռուս մեքենավարների շնորհիվ երկու գնացք արդեն շարքից դուրս են եկել։ Տեղացիների խոսքով՝ դա տեղի է ունեցել հենց այն պատճառով, որ հրավիրված մասնագետները նման գնացքներ չեն կարողանում վարել։
Հնարավոր պատճառներն՝ ըստ մեքենավարների
Հայ մեքենավարները վստահ են, որ այդ «փոխարինումը» տեղի է ունեցել որպես իրենց եռօրյա գործադուլի հետևանք։ Իրենք հոկտեմբերին էին գործադուլ հայտարարել՝ աշխատավարձերի 30 տոկոս բարձրացման պահանջով։
«Էն ժամանակ մենք, ըսպես ըսած, իրանց վատ վիճակի մեջ դրեցինք, հմի կփորձեն պատասխան տալ մեզի ըսպես: Հարցրել ենք ինչի համար սպես կենենք, ըսել են լավ կենենք», — ասել է մեքենավարներից մեկը «Հայկական ժամանակ» պարբերականի լրագրողին:
Հոկտեմբերի 22-ին երկաթուղու աշխատակիցների գործադուլի պատճառով դադարեցվել էր գնացքների երթևեկությունն, այդ թվում՝ նավթամթերքի և հացահատիկի տեղափոխումը։ Հայաստանը դրանք արտահանում է, և մատակարարման խաթարումը կարող էր լուրջ տուգանքների հանգեցնել։ Այդ պատճառով էլ գործադուլի երրորդ օրը երկաթուղու ղեկավարությունը հանդիպել էր աշխատակիցներին և զիջումների գնացել։
Հանդիպումից հետո «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել։ Դրանում ասվում էր, որ 2019թ-ի ինն ամիսներին բեռնա- և ուղևորափոխադրումների ծավալը զգալիորեն ավելացել է, և դա թույլ է տալիս մեքենավարների աշխատավարձերը բարձրացնել միջինում 19 տոկոսով։
Որոշում է կայացվել նաև 2019թ-ի նոյեմբերի 1-ից բոլոր աշխատակիցների աշխատավարձերի 10 տոկոս բարձրացման մասին նորմատիվային ակտ մշակել։
Այդ նույն հաղորդագրությունում ասվում էր, որ մեքենավարների աշխատավարձերը 2019թ-ին արդեն բարձրացվել են և կազմել 354 հազար դրամ։ Իսկ լոկոմոտիվային դեպոյի մեքենավարների աշխատավարձի և Հայաստանում միջին աշխատավարձի հարաբերակցությունը կազմում է 198,6 տոկոս, այսինքն՝ երկաթուղու աշխատակիցներին գրեթե կրկնակի ավելին են վճարում։
Ի՞նչ է լինելու
Մեքենավարները դեռևս շարունակելու են աշխատանքի գնալ՝ ըստ ժամանակացույցի։ Նրանք դեռ գրավոր ծանուցում չներկայանալու մասին չեն ստացել։
Մեքենավարները վրդովված են, որ իրենց բացատրություն չեն տալիս, թե ինչի հետ է կապված այս իրավիճակը։ Նրանք սպառնում են նույնիսկ ծայրահեղ քայլերի դիմել՝ ընտանիքների, երեխաների հետ միասին նստել գծերի վրա՝ ռուս մեքենավարներին թույլ չտալու համար այս երթուղով գնացք վարել։
Ռուսական ընկերության հետ հարաբերությունները լարված են
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել։ Ընկերության գրասենյակում այս տարվա օգոստոսին խուզարկություններ անցկացվեցին հարկերի չվճարման կասկածանքով։ Հայաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նաև տրանսպորտի նախկին փոխնախարարի դեմ։ Կասկածանք կա, որ նա թաքցրել է Հարավկովկասյան երկաթուղում բացահայտված խախտումները։
Քննչական կոմիտեն շարունակում է ստուգել ընկերության տասը տարվա գործունեությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում պայմանագրով խոստացված ներդրումների արդյունավետությանը։ Ընկերության կողմից իր վրա վերցրած ներդրումային պարտավորությունների ընդհանուր ծավալը կազմում է 572 մլն դոլար։
Այս ամենը, հավանաբար, իր դերը խաղացել է ստեղծված իրավիճակում։ Պաշտոնական հաղորդագրություններ և պարզաբանումներ ոչ երկաթուղային ընկերությունից, ոչ Հայաստանի իշխանությոններից, դեռ չկան։