Հայերը՝ Ռուսաստանում
Մարզական ժամանցն ու սպորտային իրադարձությունները Հայաստանի տարածքում հազվադեպ երևույթներ են: Միայն ֆուտբոլի ազգային հավաքականի սեփական դաշտում խաղերն են հավաքում միանգամից մի քանի հազար մարզասերի: Այնպես որ Հայաստանում «մարզական սով» է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կանոնավոր առաջնություններ ու մարզական իրադարձություններ:
Վարկաբեկված ֆուտբոլի ներքին առաջնությունից բացի, որին հաճախում են միայն ակումբների ամենանվիրված երկրպագուներն ու, լավագույն դեպքում, դաշտում խաղացող ֆուտբոլիստների մերձավորներն ու ընկերները, Հայաստանում այլ կանոնավոր անցկացվող առաջնություն չկա:
Այս մարզական քաղցի պայմաններում էլ որոշում է կայացվել վերաստեղծել խորհրդային շրջանում գոյություն ունեցած «Ուրարտու» բասկետբոլային ակումբը: Անջրդի անապատի մեջ օազիսի տեսքով «ծաղկեց» Ուրարտու բասկետբոլային ակումբը, որն ամիսներ առաջ արդեն հայտարարություն էր տարածել հոկտեմբերին Ռուսաստանի բասկետբոլի ներքին առաջնությանը՝ Սուպերլիգա 1-ին մասնակցության մասին:
Իհարկե, Հայաստանում որոշ պարբերականությամբ անց են կացվում սիրողական բնույթի բասկետբոլի ներքին առաջնություններ, սակայն տվյալ դեպքում դրվեց նպատակ «Ուրարտուին» մասնակից դարձնելու ոչ թե տեղական, այլ Ռուսաստանի բասկետբոլի ներքին առաջնությանը՝ Սուպերլիգա 1-ին:
Այս տարի բասկետբոլին հաջողվեց մեծ աժիոտաժ ստեղծել իր շուրջ: Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը, որը ձևավորվեց հիմնականում արտերկրում հանդես եկող հայազգի բասկետբոլիստների մասնակցությամբ, հաղթեց Եվրոպայի փոքր պետությունների առաջնությունում:
Հաղթանակը հաղթանակով, սակայն բասկետբոլի հայ պատասխանատուները ոգևորության ֆոնը կորցնել չէին ուզում, ցանկանում էին զարգացնել հաջողությունն ու հետագայում մասնակցել բասկետբոլի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերին: Հավաքականի կորիզը պահպանելու նպատակով էլ դրա հիման վրա վերաստեղծվեց խորհրդային շրջանում գոյություն ունեցած հայկական «Ուրարտու» բասկետբոլային ակումբը:
Ուրախանալու առիթից զատ այս նախաձեռնությունում մտահոգության առիթներ ևս կային ու շարունակում են մնալ: Դրանցից մեկը համապատասխան միջազգային մակարդակի մարզադահլիճի բացակայությունն է: Ակումբի պատասխանատուներն անմիջապես սկսեցին աշխատել այդ ուղղությամբ, սակայն ժամանակը չբավարարեց բարեփոխված դահլիճը տեսնելու հենց մեկնարկային երկու տուրերում, որոնք կայացան Երևանում: Այն պետք է որ կարողանա ընդունել երկրպագուներին «Ուրարտուի» սեփական հարկի տակ գոնե երրորդ խաղում:
Մտագոհության երկրորդ առիթը ռուսական կողմի անվստահությունն է: Նախորդ տարվա փորձը, նույն Սուպերլիգայում ղազախական Ալմաթիի «Լեգիոն» ակումբի օրինակով ցույց տվեց, որ այլ երկրների ակումբները շատ հաճախ «փուչիկներ» են լինում ու առաջնության կեսից կարող են պայթել ֆինանսական և այլն խնդիրների ի հայտ գալու արդյունքում:
Բայց և զրոյից ստեղծել պրոֆեսիոնալ բասկետբոլային առաջնություն մարտունակ ակումբներով բազմաթիվ երկրներ ուղղակի չեն կարող, որոնց թվում և Հայաստանը:
Ռուս բասկետբոլասերները ցանկանում են սակայն Ռուսաստանի ներքին առաջնությունը՝ Սուպերլիգան, տեսնել մաքուր ռուսական՝ պատճառաբանությամբ, որ արտերկրյա ակումբների համար կա «Միասնական Լիգա ՎէՏէԲէ-ն», ուր և հանդես են գալիս նաև ոչ ռուսական ակումբները:
Բայց հայկական «Ուրարտուի» համար ֆինանսավորման ներկայիս հնարավորություններով, Լիգա ՎէՏէԲէ-ն անհասանելի նշաձող է թվում: Ինչ խոսք, «Ուրարտուի» ղեկավարությունը պահում է այն, որպես ակումբի հեռանկար, սակայն պարզ է, որ այդ մասին դեռևս վաղ է խոսել:
Պետք է հիշել նաև, որ մաքուր ռուսական առաջնությունում անհավանական չեն նաև մրցավարական ու կազմակերպչական կողմնապահությունները: Նմանատիպ դեպք արդեն հասցրել է գրանցվել առաջին տուրի խաղում, երբ «Ուրարտուն» խաղի մեկնարկից րոպեներ առաջ զրկվեց երեք առաջատար բասկետբոլիստներից:
Խաղի տեսուչները դա պատճառաբանեցին խաղացողների մոտ հայտավորման խնդիրներով, սակայն ակումբի ղեկավարությանն այդ պնդումները կասկածելի թվացին:
Հայկական բասկետբոլային ակումբի համար Ռուսաստանի առաջնությունը ծանր սկիզբ ունեցավ: Մեկնարկային չորս խաղերում «Ուրարտուն» միայն պարտություններ է կրել, չնայած մոտ էր հաղթանակին հենց առաջին խաղում ընդդեմ Ռյազանի համանուն թիմի:
Թվարկված խնդիրներն այս կամ այն կերպ «Ուրարտուն» պետք է լուծի կամ անտեսի, իսկ հաջող ընթացքն ապահովելու համար թիմին անհրաժեշտ է հասնել առաջին հաղթանակին և հետագայում պատվով հանդես գալ Սուպերլիգա 1-ի 2016/17 մրցաշրջանում: Այս նախագծի շարունակականության մեջ է թաքնված հայկական բասկետբոլի վերածնունդն ու հետագա հաջողությունները:
Հրապարակվել է՝ 26.10.2016