Հայացք սահմանագծից
Սուրբ Ծնունդին եկեղեցին լիքն է մարդկանցով. դռների մոտ, ինչպես միշտ, հավաքվում են կարիքավորները՝ հուսալով, որ տոնական այս օրը հավատացյալներն ավելի առատաձեռն են, և նրանք այսօր ուտելու բան կունենան կամ պարտքերը կմարեն:
Հինգ որդիներից կրտսերը
Բարակ բաճկոնով երիտասարդը, ցրտից կծկվելով, քաղաքավարի, բայց համառ դիմում է ներս մտնողներին. «Խնդրում եմ, օգնեք, ով՝ ինչով կարող է, խնդրում եմ»: Նա 23 տարեկան է, անունը Սերգեյ է: Այստեղ նա ամեն օր չի անցկացնում, քանի որ փորձում է հացի, տան և կույր մոր համար դեղերի փող վաստակել: Մայրը նստած է հենց այստեղ՝ աստիճաններին, ստվարաթղթի վրա:
Սերգեյի մայրը՝ Տատյանա Ֆոմենկոն 63 տարեկան է, սակայն հիվանդություններից և հավանաբար ծանր կյանքից ավելի մեծ է երևում: Իր պատմությունը պատմելիս արցունքները չի կարողանում զսպել: Երեք տարի առաջ է կուրացել շաքարախտից: Նա ևս մեկ տղա ունի. փոքրն է: «Նախկինում Քյուրդամիրում էինք ապրում, սակայն մեր տունն այրվեց, դրա հետ մեկտեղ էլ՝ բոլոր փաստաթղթերը… Ես միայնակ էի, ամուսինս խմում էր, մահացավ, ինքս եմ 5 երեխաներիս մեծացրել: Հետո տեղափոխվեցինք այստեղ»: Երեխաներին ճակատագիրը ցրել է քաղաքով մեկ, որդիներից մեկը մահացել է, մյուսը խմում է, աղջիկներից մեկը՝ նույնպես, միայն Սերգեյն աշխատանք ունի և չի հրաժարվում հոգ տանել մոր մասին, ով կուրության պատճառով բոլորովին անօգնական է դարձել:
Սերգեյը ուժ ու եռանդ չի խնայում գումար վաստակելու համար. «Ես ամեն աշխատանք կարող եմ անել, բեռներ կրել, օգնել՝ ում պետք է, մաքրություն անել, մեքենա լվանալ, սակայն աշխատանք շատ չի լինում: Մայրս թոշակ է ստանում, բայց դեռ պետք է տան վարձը տալ՝ ամսական 150 մանաթ կամ օրական 5 մանաթ: Այժմ պարտք ենք տանտիրոջը և մեզ սպառնում են դուրս անել տնից», — պատմում է Սերգեյը: Ճգնաժամի պատճառով կյանքն ավելի է դժվարացել, ավելի դժվար է գումար վաստակել, հավաքելը՝ նույնպես: «Ամբողջ օրվա ընթացքում այսօր ընդամենը 2 մանաթ ենք հավաքել, դեռ հաց էլ չենք կերել, բայց պետք է տուն հասնենք ու բնակարանի վարձը տանք», — ասում է Սերգեյը:
«Երկար ժամանակ փորձում էի բուժել աչքերս, տարբեր հիվանդանոցներ եմ գնացել, բայց ինձ ասում են, որ ոչինչ հնարավոր չէ անել, — ասում է Տատյանան: Շաքարախտից գլաուկոմա է առաջացել: — Բժիշկները դեղ են դուրս գրել, որը 20 մանաթ արժե: Մենք այդքան փող չունենք: Խնդրում եմ, որ մեզ պարզապես մեկը մթերքով օգնի…»:
Եկեղեցում սովորաբար օգնում են նրանց, ովքեր խնդիրներ ունեն, բայց ձյան վրա սառած Սերգեյն այնքան էլ գոհ չէ. «Նախկինում այստեղի տեր հայրն ուրիշ էր, նա բարի էր, միշտ եկեղեցու բակում չունևորների համար սեղան էր գցում: Իսկ այս մեկը ոչ մի բանով չի օգնում…»:
Հավատացյալներից մեկը, եկեղեցուց դուրս գալիս, դռան մոտ հավաքվածներին տաք կարկանդակներ է բաժանում և նրանք մեծ ախորժակով ուտում են:
Օրվա մեջ 12 ժամ, ամեն օր, ամբողջ կյանքի ընթացքում
«Դու երջանիկ ես, որովհետև երիտասարդ ես ու տեսնում ես, տե՛ս, թե ինչ բարձր ես խոսում, — դիմում է Տատյանան իր տարիքի համար շատ լուրջ դեմքով նիհար մի աղջկա: Նա բարձրահասակ է, գունատ դեմքին պեպեններ կան, զրնգուն ձայնով դիմում է եկեղեցի մտնողներին ու դուրս եկողներին՝ «Խնդրում եմ, գոնե 20 կոպեկ տվեք: Շատ շնորհակալություն, Աստված ձեզ պահապան»»: Հեռվում՝ ճանապարհի մյուս կողմում, մայրն է կանգնած՝ կոմունալ տնտեսության աշխատակցի վառ նարնջագույն համազգեստով: Նա այսօր չի աշխատում, բայց նախընտրում է հեռվից հետևել: Ժամանակ առ ժամանակ աղջիկը նրա գրպաններն է լցնում հավաքած գումարը:
Իրինան՝ աղջկա մայրը, 44 տարեկան է: Նա փողոցներն է ավլում առանց հանգստյան օրերի, օրը 12 ժամ՝ առավոտյան 7-ից մինչև երեկոյան 7-ը: Տոնական օրը եկեղեցի գալու համար նա ոչ միայն խնդրել է ղեկավարին բաց թողնել իրեն, այլ նաև կաշառել է նրան. «Եթե տեղ ունես գնալու, մի բան պետք է տաս՝ կամ ծխախոտ, կամ հեռախոսը լիցքավորես…»: Նա ենթարկվում է քաղաքային կոմունալ տնտեսությանը, այնպես որ տարածքն էլ է մեծ, ավլում է ոչ թե խաղաղ բակերն, այլ մարդաշատ փողոցները: Աշխատավարձը 250 մանաթ է, բայց ոչ մի բանի չի հերիքում, հաշվի առնելով, որ գումար է ծախսում աղջկան դպրոց ուղարկելու, դասագրքեր, համազգեստ գնելու համար:
Աղջիկը՝ Ալյոնան, չնայած իր տարիքին, — տասը տարեկան է, — դեռ 2-րդ դասարանում է սովորում: Մայրն այսպես է բացատրում. «Նա փաստաթղթեր չուներ, այդ պատճառով էլ դպրոց չէր գնում: Ես նրան փողոցում եմ ունեցել: Շատ մի դժվար բան է ծննդաբերելը»: Իրինան ոչ հնարավորություն է ունեցել հաշվառվել հղիներին խորհրդատվություն ստանալու համար, ոչ ֆիզարձակուրդ գնալ. պետք էր աշխատել: Մինչև 6 տարեկանը Իրինան դստերը թողնում էր ծեր մոր մոտ: Բայց երբ նա մահացավ, ստիպված էր հետը աշխատանքի տանել, ամբողջ օրը դուրսն էին անցկացնում՝ արևին ու ցրտին:
Պատահաբար Իրինայի բախտը բերում է. նա հանդիպում է մի աղջկա, ով օգնում է Ալյոնայի փաստաթղթերը դասավորել: «Սկզբում նրան չէին ուզում դպրոց ընդունել, ասում էին, թե տեղ չկա, հետամնաց է ու նմանատիպ այլ բաներ: Սակայն հետո Ալյոնան մտավ տնօրենի կաբինետ, ինչ-որ բան ասաց նրան, ինքս չգիտեմ մինչև հիմա, թե ինչ: Նա դուրս եկավ ու ասաց, որ Ալյոնան դպրոց գա ու ցանկացած դասարան ընտրի»:
Այսօր Ալյոնան սովորում է և թերարժեքության զգացում չունի, նույնիսկ համադասարանցիների հետ տարիքային տարբերությունը չի զգում: Այն հարցին, թե արդյոք անհարմար չի զգում իրեն այստեղ, մանկական անմիջականությամբ ասում է, որ սովորել է արդեն:
Չնայած դժվարություններին՝ Իրինան չի բողոքում. «Ես միայն մի բան կուզեի, որ մարդիկ ավելի բարի լինեին և օգնեին միմյանց»:
Ճգնաժամը՝ չքավորների համար
Բաքվի՝ Միքայել Հրեշտակապետի տաճարի սոցիալական ծառայության ղեկավար Ալեքսանդր Անտրոպովի խոսքով, անտունների ու չքավորների համար կյանքն իրոք հիմա բարդացել է, և նրանք առաջինն իրենց վրա են զգացել ճգնաժամի ազդեցությունը. «Նախկինում նրանց 20 կոպեկ էին տալիս, իսկ հիմա՝ 10, եթե իհարկե տալիս են: Ինչ-որ մի բան պետք է անեն: Ամբողջ օրը կանգնում են փողոցում, հետո մի բան ուտում, հետո գնում մի տեղ քնում: Մեկ մանաթ ես վճարում համապատասխան վայրերին և կարող ես գիշերել: Իհարկե, ոչ մի պայման չկա, անկողինը հատակին է հենց փռված, բայց գոնե բաց երկնքի տակ չեն»:
Անտրոպովի խոսքով, անտունները տարբեր կերպ են ելք գտնում: Պարաններից լվացք են գողանում, հետո շատ էժան գներով վաճառում: Շշեր և օգտակար բաներ են գտնում աղբանոցում: Օգնում են մեքենա լվանալ, մեքենաներ բեռնաթափել:
Անտուն երեխաներն ու դեռահասները ցուրտ օրերին ինտերնետ-ակումբներում են ժամանակ անցկացնում՝ կամ համակարգչի մոտ են, կամ քնում են: Երբեմն ուտելիք են հայթայթում, եթե գիտեն, թե որտեղ կարելի է դա անել. որոշակի օրերին սուպերմարկետների մոտ սպասում են, թե երբ են ժամկետանց ապրանք դուրս բերելու: Աշխատակիցներին օգնում են բեռնել մեքենան, ինչի դիմաց նրանց մի քանի տուփ ժամկետանց ապրանք են տալիս:
Տարօրինակ զույգ
Միասին նրանք անհեթեթ տեսք ունեն. ձեռնաայտի վրա հենված կուզ մորուքավոր ծերունին և մի փոքր հեռու կանգնած տձև վերարկուով ակնոցավոր գեր կինը: Ժամանակ առ ժամանակ նա մոտենում է ծերունուն և լայն վերարկուի գրպանն է լցնում հավաքած գումարը: Երբեմն ինչ-որ բան է ասում նրան խիստ ձայնով, երբեմն շորերն է ուղղում:
Որոշ ժամանակ առաջ այս զույգի մասին համացանցում տեղեկատվություն տարածվեց. իբր կինը շահագործում է ծերունուն, ծեծում նրան, հետո ողջ գումարը վերցնում, բացի այդ, նա մի քանի նման «աշխատողներ ունի»:
Ցուրտ օրերին փողոցում երկար չես կարող կանգնել, հատկապես եթե տարիքդ և ուժերդ թույլ չեն տալիս: «Ահմեդլի» մետրոկայանի մուտքի մոտ մի փոքր կանգնելուց հետո զույգը շարժվում է դեպի անցումը, հետո միտքը փոխում և կրին վերադառնում:
Ելքի մոտ հավաքված առևտրականներն ասում են, որ հաճախ են նրանց տեսնում. “Այս ծերունին կարծես կպչել է նրան, իսկ նա հրամաններ է արձակում: Բայց ավելի լավ է այս գործին չխառնվել…: Կինը, ում անունը, կարծես, Զոյա է, հանգիստ է վերաբերվում տեսախցիկին, պատմում է մանրամասն ու մեծ պատրաստակամությամբ:
“Սա իմ օրինավոր ամուսինն է՝ Լյոնյան, նա 75 տարեկան է, երկրորդ կարգի հաշմանդամ: Տեսնո՞ւմ եք՝ ոտքը ինչ հաստ է: Նա տրոֆիկական խոց, երկկողմանի ճողվածք ունի և ուղիղ չի կարող կանգնել: Թոշակ է ստանում, բայց դրանով չես ապրի, — պատմում է կինը:
Տան վարձի, սնվելու և անհրաժեշտ դեղերի գումար վաստակելու համար նրանք ստիպված են փողոցում կանգնել: “Մենք նախկինում բնակարան ունեինք, սակայն վաճառեցինք, որ Լյոնյային վիրահատենք, — պատմում է նա: — Բացի այդ դեղերի գումար է անհրաժեշտ. նա շաքարախտ ունի, իսկ ոտքի համար ամեն օր պետք է դեղեր, բամբակ ու վիրակապ գնել: Ահա այդ պատճառով էլ կանգնած ենք փողոցում, մինչև անհրաժեշտ գումարը չհավաքենք:
Նրա խոսքով, երկար չեն կանգնում՝ օրվա մեջ կես ժամ: Ոստիկանության հետ անախորժություններ դեռևս չեն ունեցել, հեռու են մնում. “Եթե լսում ենք, որ մի տեղ ստուգումներ են, տնից դուրս չենք գալիս: Այդ պատճառով էլ նույն տեղում չեն կանգնում, շրջում են քաղաքի տարբեր թաղամասերով, հիմնականում՝ ծայրամասային:
Հաշմանդամության նպաստ ստանալու հնարավորություն, ըստ Զոյայի, նրանք չունեն: Փող կուզեն, բացի այդ ուժ չկա այդքան գրասենյակներ գնալու, բողոքելու, կռիվ անելու: “Մենք երկար չենք կանգնում՝ կես ժամ ընդամենը, — ասում է Զոյան, — տուն էինք արդեն պատրաստվում գնալ, բայց Լյոնյան ասաց, որ քիչ ենք հավաքել դեռ, ստիպված վերադարձանք: Կինը 60 տարեկան է: “Թոշակի հույս ունեի, սակայն ինձ ասացին, որ թոշակ ստանալու տարիքը 57-ից բարձրացրել են 60:
“Ոչինչ ես մարդկանցից չեմ ուզում, ուղղակի թող մեզ հանգիստ թողնեն, — ասում է նա: — Գիտեմ, որ մեր մասին ասում են, թե իբր ես նրան շահագործում եմ, ծեծում, բայց դա այդպես չէ: Մենք էլ պետք է մի բանով ապրենք: Իսկ օգնություն ո՞ւմից սպասենք: Մի քանի տարի առաջ մեզ մի աղջիկ մոտեցավ, հարցրեց՝ ինչով օգնի: Ես ասացի, որ դեղեր և ուտելիք է մեզ անհրաժեշտ: Խոստացավ գալ և օգնել, բայց մինչև հիմա գալիս է…:
Մենք նրանց մասին ոչինչ չգիտենք
Ոչ մի վիճակագրություն անտունների և բնակչության սոցիալկապես անապահով խմբերի մասին Ադրբեջանում չկա: Ավելին, չկան պետական կառույցներ, որոնք անօթևանների և չքավորների խնդիրներով են զբաղվում: Չնայած 2012-ի խիստ ձմռանը աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարարությունը նրանց համար ժամանակավոր շարժական կացարաններ էր կազմակերպել, որտեղ սնունդ էր առաջարկվում, կարելի էր գիշերել և ստանալ տարրական բժշկական օգնություն: Սակայն ձյունը հալվեց, դրա հետ մեկտեղ նաև՝ նախաձեռնությունը:
“Օգնություն անօթևան և չքավոր բաքվեցիների իրավունքների պաշտպանությանը հասարակական կազմակերպության նախագահ Էլդար Ալիզադեի խոսքով, անօթևանները զրկված են ոչ միայն ինչ-որ զուտ ֆիզիոլոգիական առավելություններից, կայուն գիշերակացից ու սնդդից, այլ նաև ցանկացած իրավաբանական օգնությունից:
2012թ. վիճակագրության տվյալներով, երկրում (մոտավոր հաշվարկներով) մոտ 50 հազ. անօթևան կար: Սակայն անօթևանների խնդրով զբաղվող տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներով, իրական թիվն ավելի մեծ է:
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության պաշտոնական կառույցները տեղեկացված չեն անօթևանների համար որևէ մշտական կացարանների կառուցման մասին: Օրենքով նույնպես դա նախատեսված չէ: Տարվա ցուրտ եղանակին ժամանակ առ ժամանակ փողոցում սառած մարդկանց դիակներ են հայտնաբերում: Շտապօգնությունում զանգեր չեն գրանցվում, հավանաբար անօթևանները դա անիմաստ են համարում:
Հոգեթերապևտ Դայանաթ Ռզաևն այսպես է մեկնաբանում. “Չնայած որ շատ երկրներում գոյություն ունեն անօթևանների համար կացարաններ, Ադրբեջանում նման պրակտիկա չկա: Դրա պատճառը մեր խորհրդային անցյալում պետք է փնտրել. այն ժամանակ դեպի կոմունիզմ գնացող երկրում անօթևանների առկայությունը պաշտոնապես չէր ընդունվում, իսկ առանձին “էլեմենտներ համարվում էին ասոցիալական և ոչ բարոյական սուբյեկտներ: Մենք ժառանգել ենք այս մտածելակերպը, օրենքը անօթևաններին ու չքավորների համար օգնություն չի նախատեսում, քանի որ նրանց գոյության մասին փաստացի տվյալներ չկան: