Հայացք Կրեմլին
Ո՞ւմ է Կրեմլը համարում իր ընկերը և ում՝ իր ընդդիմախոսը: Ո՞ւմ են շատ ուշադրություն դարձնում, ում՝ քիչ:
Այս թեմայով վերջերս հետազոտություններ է հրապարակել «Եվրոպական արժեքներ» չեխական վերլուծական կենտրոնը: Դա ռուսական ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունք է, որը կենտրոնն անցկացրել է 2014-2016թթ-ին «Հայացք Կրեմլին» (KremlinWatch) ծրագրի շրջանակում:
Հետազոտության մանրամասների մասին Գրոմադսկիին պատմել է Յակուբ Յանդան՝ կենտրոնի տնօրենը:
— Յակուբ, որո՞նք են ձեր հետազոտության գլխավոր արդյունքները:
Հիմնական արդյունքներն այն են, որ ռուսական պրոպագանդան մանիպուլյացիայի է ենթարկում որոշ եվրոպական առաջնորդների մասին տեղեկատվությունը՝ նրանց Կրեմլին հարմար լույսի ներքո ներկայացնելու համար: Մենք խոսում ենք հենց պրոպագանդայի մասին, չէ՞ որ Ռուսաստանում այնքան էլ շատ չեն իրական լրատվամիջոցները, քանի որ դրանց մեծ մասն ուղղակիորեն կառավարվում է Կրեմլի կողմից:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ռուսական պրոպագանդան ներկայացնում է որպես Վլադիմիր Պուտինի ընդդդիմախոս: Սակայն կան նաև այլ քաղաքական գործիչներ, օրինակ, կենտրոնական Եվրոպայի երկրների առաջնորդները, ասենք՝ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կամ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, ում ներկայացնում են որպես Կրեմլին ավելի բարյացակամ վերաբերվողների:
Եվ այստեղ նույնպես ռուսական պրոպագանդան ուռճացնում է նրանց ազդեցությունը: Այդ պատճառով էլ, նրանց երկրների չափերի համեմատ, կարելի է ասել, որ նրանց հանդեպ ուշադրությունն ակնհայտորեն չափազանցված է. նրանք ռուսական պրոպագանդայում ավելի շատ են ներառված, քան այլ եվրոպական երկրների առաջնորդներից շատերը, ովքեր այնքան բարյացակամ չեն Կրեմլի հանդեպ:
— Երբ խոսում եք այն մասին, որ որոշ եվրոպական առաջնորդներ ռուսական պրոպագանդայի անհամաչափ ավելի պակաս ուշադրությանն են արժանանում, իսկ մնացածը՝ անհամաչափ ավելի շատ, ինչպե՞ս եք գնահատում այդ անհավասարակշռության պատճառները:
Մենք գիտենք, որ Ռուսաստանում դժվար է անկախ մեդիա ունենալը: Այդ պատճառով էլ հրապարակվող նյութերի մեծ մասը այսպես թե այնպես որոշվում, ուղղորդվում և «ոգեշնչվում» է Կրեմլի կողմից:
Հնարավոր է, որ նման կերպ Կրեմլն ուզում է հստակ բաժանարար գիծ քաշել եվրոպական այն առաջնորդների միջև, ովքեր իր ընդդիմախոսներն են, և նրանց, ում նա ներկայացնում է որպես իրեն ավելի բարեկամաբար վերաբերվող, Եվրոպայում Պուտինի պոտենցիալ դաշնակիցներ:
Այսպիսով, Կրեմլը փորձում է ռուսական լսարանի համար մի պատկեր ներկայացնել, համաձայն որի ողջ աշխարհը, համենայն դեպս՝ Արևմուտքը փորձում է ոչնչացնել Ռուսաստանին, սակայն ռուսական առաջնորդը, իբր այնքան հզոր է, որ նույնիսկ նման իրավիճակում ընկերներ ունի:
Եվ հենց այդ պատճառով, օրինակ, ռուսական լրատվամիջոցներն այդքան ուշադրություն են հատկացնում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին: Ամեն անգամ, երբ նա ինչ-որ բան ասում կամ անում է, ինչն ուղղված է Չեխիայի արևմտյան դաշնակիցների, օրինակ, ԱՄՆ-ի, Գերմանիայի կամ ընդհանրապես ԵՄ դեմ, ռուսական լրատվամիջոցներն ու պրոպագանդան անսպասելիորեն ակտիվ լուսաբանում են նրա խոսքերը: Մի խոսքով, Կրեմլն օգտագործում է այդ անձանց բոլորովին հստակ մտադրությամբ, մասնավորապես՝ հենց Ռուսաստանում պրոպագանդայի համար:
— Արդյո՞ք դա նշանակում է, որ ռուսական պրոպագանդան հստակ տարանջատում է եվրոպական առաջնորդներին՝ որոշներին Կրեմլի ընկերներ անվանելով, մյուսներին թշնամի ներկայացնելով: Եվ եթե այո, ապա ո՞ր քաղաքական գործիչներին է այն թշնամի համարում:
Սովորաբար «թշնամի» հասկացությունը ռուսական լրատվամիջոցներում չի օգտագործվում: Սակայն դուք հստակ կարող եք տեսնել, թե ինչպես է մեդիան նրանց վերաբերվում, քանի որ այդ քաղաքական գործիչների լուսաբանումը շատ բացասական տոնայնություն է ունենում:
Մեր «Հայացք Կրեմլին» ծրագիրն ու Semantic Visions ընկերությունը վերջին երեք տարում տվյալներ են հավաքագրել: Եվ այստեղ տենդենցն այն է, որ ռուսական լրատվամիջոցները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին համարում են առաջնորդն, ով որոշում է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների քաղաքականությունը: Եվ իհարկե շատ ռուսական լրատվամիջոցներ Եվրոպային ներկայացնում են որպես փախստականներով լի մի աշխարհամաս, որը կարծես ինչ-որ Արմագեդոնի նախօրեին լինի: Եվ դրանում մեղադրում են Անգելա Մերկելին:
Փոխարենը այլ առաջնորդներ այլ համատեքստում են ներկայացվում:
Օրինակ, իտալաիայի վարչապես Մատեո Ռենցին կամ Չեխիայի նախագահ Զեմանը ներկայացվում են որպես մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանել իրենց ինքնիշխան ազգերը, հեռու պահելով նրանց անկախությունը ԵՄ-ի կամ ԱՄՆ ճնշումներից: Այդ առաջնորդներից ոմանք, օրինակ, նույն Չեխիայի նախագահ Զեմանը, իրենք են խոսում այդ մասին:
Այլ կերպ ասած, առաջնորդներ կան, ում ռուսական պրոպագանդան «ԱՄՆ յուրօրինակ ստրուկներ» է ներկայացնում, ովքեր անում են միայն այն, ինչ իրենց հրամայում է Ամերիկան: Ռուսական պրոպագանդան այդ առաջնորդների թվին է դասում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Փոխարենը կան նաև դեմքեր, ում ներկայացնում են որպես Վլադիմիր Պուտինի բարեկամ: Եվ այդ առաջնորդները որպես անկախ և ինքնիշխան են պատկերվում:
— Արդյո՞ք նկատել եք ինչ-որ հատուկ միֆեր ԵՄ այս կամ այն երկրի առաջնորդի մասին: Եթե այո, ապա այդ միֆերից որոնք է ռուսական պրոպագանդան հանրայնացնում և ուռճացնում:
Դրանք տասնյակ են: Եթե դիտենք ռուսական Առաջին ալիքը կամ RT-ն, շատ պատմություններ կլսեք այն մասին, թե ինչպես են եվրոպական առաջնորդները գաղտնի պլաններ գծում, և այդ պլաններն ուղղված են եվրոպական ժողովրդի դեմ: Այսպիսով, այդ ռուսական ալիքները փորձում են կռիվ գցել եվրոպական առաջնորդների, ասենք Անգելա Մերկելի, ու նրանց ժողովուրդների միջև:
Այդ պրոպագանդան փորձում է տպավորություն ստեղծել, որ թշնամին ու հակառակորդը ԱՄՆ-ն է: Սակայն նշում է, որ որոշ եվրոպական առաջնորդներ շատ ավելի բարեկամաբար են վերաբերվում Ռուսաստանին, և նրանք պարզապես ամերիկյան քաղաքականության գերի են դարձել: Եվ որոշ եվրոպական ազգեր իբր նույնպես ավելի բարյացակամ են Ռուսաստանի հանդեպ, այդ պատճառով էլ նրանք չպետք է ամերիկյան բռնապետության զոհ դառնան:
— Արդյո՞ք ռուսական լրատվամիջոցները մեծ ուշադրություն են հատկացնում ԵՄ ինստիտուտի առաջնորդներին: Արդյո՞ք նրանք ռուսական պրոպագանդայում մեծ դեր են խաղում:
Մեր հետազոտության մեջ մենք փորձել են ցույց տալ, թե ինչպես է ռուսական պրոպագանդան ներկայացնում եվրոպական առաջնորդներից յուրաքանչյուրին, ում որ հետազոտել ենք:
Օրինակ, դուք կարող եք տվյալներ տեսնել Ռասմուսենի կամ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ի նախկին ու ներկա ղեկավարների մասին: Փոխարենը Եվրահանձնաժողովի նախագահ Յունկերին ներկայացնում են ուկրաինական ճգնաժամի և միգրացիայի հետ կապված:
Սակայն, օրինակ, Եվրոպական արտաքին գործունեության ծառայության ղեկավար Մոգերինիին ներկայացնում են այնպիսի թեմաների համատեքստում, ինչպիսիք են պատժամիջոցները կամ ուկրաինական ճգնաժամը, սակայն բնավ ոչ միգրացիան:
Դա իհարկե նշանակություն ունի, քանի որ այդ մարդիկ հենց այդ հարցերով էլ զբաղվում են: Սակայն մեկ այլ տեսանկյունից նկատելի է, որ պատժամիջոցների թեմայում հիմնական ուշադրությունը հատկացվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Եվ ռուսական լրատվամիջոցներում շեշտը դրվում է այն բանի վրա, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ետևում հենց Մերկելն է կանգնած: Հենց դրա հետ է կապված այն բացասական տոնայնությունը, որով նա լուսաբանվում է: Եվ Յունկերի և Մոգերինիի նման առաջնորդներին այդ թեմայով ոչ այնքան մեծ ուշադրություն է դարձվում, որքան Մերկելին:
Հրապարակվել է 11.08.2016