Հայաստան-Վրաստան․ «մածնային» կրքեր
Սկանդալ մածունի և մացոնիի շուրջ
Կաթնաթթվային արտադրանքի շուրջ սկանդալը բռնկվել է սոցցանցերի վրացական և հայկական տիրույթներում այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Վրաստանն արգելել է իր տարածքով «մածուն» անվանմամբ հայկական արտադրանքի արտահանումը Ռուսաստան։
Արգելքը սահմանվել է այն պատճառով, որ Վրաստանը «մացոնի» արտադրանքը գրանցել է որպես իր աշխարհագրական նշում։
Ինչո՞ւ է Վրաստանն «արտաքսել» հայկական մածունը
Ուղիղ 10 տարի առաջ՝ 2012 թ-ի հունվարի վերջին, Վրաստանը «մացոնին» գրանցել է որպես աշխարհագրական նշում։ Այլ կերպ ասած՝ «մացոնի» անվանումը պատենտավորվել է։ Սա նշանակում է, որ որևէ այլ երկիր չի կարող նույն կամ համանման անվանմամբ մթերք արտահանել այն երկրների տարածք, որտեղ վրացական աշխարհագրական նշումները (պատենտավորված անվանումները) պահպանվում են փոխադարձ համաձայնությամբ։ Այդպիսի համաձայնագիր Վրաստանն ունի Եվրամիության, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի հետ։
«Մացոնին վրացական աշխարհագրական նշում է։ Սա նշանակում է, որ այս սննդամթերքի առանձնահատկություններն ու հեղինակությունը կապված են այդ աշխարհագրական դիրքի (Վրաստանի տարածքի) և մարդկային գործոնի հետ», – ասված է Վրաստանի ինտելեկտուալ սեփականության ազգային կենտրոնի հայտարարությունում։
Թե ինչու է վրացական կողմն արգելել Հայաստանի բեռնատարի մուտքը Վրաստան, «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանել է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության և պարենի վարչության պետ Թենգիզ Քալանդաձեն․
«Մաքսատունը հաղորդել է, որ սահմանին կանգնած է այնպիսի արտադրանքով բեռնատար, որի անվանումը նման է Վրաստանում պատենտավորված անվանմանը։ «Ինտելեկտուալ սեփականության մասին օրենքն» ասում է, որ չի կարելի օգտագործել անվանումը, որը նման է պատենտավորված ապրանքին, և քանի որ հայկական «մածուն» բառը շատ էր նման վրացական «մացոնիին», մենք վերադարձրել ենք այդ բեռնատարը»։
● Վրացական գինի․ ի՞նչ է կանգնած հաջողության հետևում
● Թե ինչպես են Հայաստանում վերականգնում ձիերի տեղական ցեղատեսակը․ տեսաբլոգ
● «Բլոգ ճամփորդությունների մասին․ մոտենալ արմատներին»։ Տեսանյութ Հայաստանից
Ըստ Թենգիզ Քալանդաձեի՝ այդ նույն ժամանակահատվածում Հայաստանը փորձել է Վրաստանի տարածքով Ռուսաստան արտահանել «Չուրչխելա» անվանումով արտադրատեսակ, որը նույնպես վրացական պատենտ ունի։ «Չուրչխելան», ինչպես «Մածունը», վրացական կողմը մաքսատնից վերադարձրել է Հայաստան։
Մացոնիից բացի՝ Վրաստանի աշխարհագրական նշումների ցանկում տասնյակ այլ անվանումներ կան։ Դրանց թվում են, օրինակ, ճաճան, թենիլին, սուլուգունին, գուդան, իմերեթական պանիրը, քութայիսյան խոտաբույսերը, Նինոծմինդայի մեղրը, սափորը, Խեթա գյուղի մանդարինը, Խվանճկարան, Մուկուզանին, Տուշուրի Գուդան, Կինձմարաուլին և այլն։
«Մացոնիի» շուրջ սկանդալը քաղաքական երանգ է ստացել այն բանից հետո, երբ վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը, որը սյուժե է պատրաստել «մացոնիի» և «մածունի» թեմայով, օգտագործել է տարայի լուսանկար, որի վրա հայերենով գրված է եղել․ «Ղարաբաղն Ադրբեջան է, և տոլման նույնպես ադրբեջանական է»։
Այն բանից հետո, երբ սոցցանցերում սկանդալ է բռնկվել այդ գրառման պատճառով, հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել։ «Իմեդիի» հայտարարությունում ասված է, որ լուսանկարը Google-ում գտել է «Իմեդիի» աշխատակիցը, որը հայերենին չի տիրապետում։
«Սյուժեի այդ հատվածը կջնջվի հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից», – ասված է հեռուստաընկերության հայտարարությունում։
Ինչ վերաբերում է «մացոնի» բառին և այդ մթերքի ծագմանն, ապա համացանցի վրացական տիրույթում կարծիքները բաժանվել են։ Մի մասը կարծում է, որ դա վրացական անվանում և ազգային մթերք է։ Սակայն վրացի պատմաբանների և լեզվաբանների մի մասը պնդում է, որ վրացերենն այդ բառը փոխառել է հենց հայերենից։
Գրականության թանգարանի տնօրեն Լաշա Բակրաձեն, օրինակ, ներկայացնում է Բաքարա Գիգինեիշվիլիի բառարանի տվյալները, որը, վկայակոչելով լեզվաբան Հրաչյա Աճառյանին, նշում է, որ հայերենում «մածուն» բառը նշանակում է «թթվեցված կաթ»։
Մացոնին կաթնաթթվային մթերք է, որը ստանում են կովի, գոմեշի, այծի, հազվադեպ՝ ոչխարի կաթից կամ դրանց խառնուրդից։
Մացոնին ամենատարածված կաթնամթերքներից մեկն է Վրաստանում։ Այն ուտում են նախաճաշին, անգամ ծծկեր երեխաներին են դրանով կերակրում, օգտագործում են խաչապուրիի խմորի մեջ, ինչպես նաև տարբեր վրացական ապուրներ պարտաստելիս։
Ինչպես է արձագանքել Երևանը
Վրաստանի տարածքով հայկական «մածուն» կաթնաթթվային արտադրանքի արտահանման արգելքն ակտիվորեն քննարկվում է սոցցանցերում և մեդիայում։
Հաղորդվում է, որ արտահանման հետ կապված խնդիրներն առաջացել են «Դուստր Մարիաննա» ընկերության մոտ։
Տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում այդ ընկերության որակի գծով փոխտնօրեն Քրիստինա Կարապետյանը պարզաբանել է խնդիրը։ Նրա խոսքով՝ 2012 թ-ին Վրաստանը «մացոնի» անվանումը գրանցել է, որպես «աշխարհագրական նշում» [ապրանքի նույնականացում Վրաստանի հետ]։
«Ճիշտ է, այդ ընթացքում ոչ մի խնդիր արտահանման հետ կապված չէր առաջանում, բայց, չգիտես ինչու, 2021 թվականի սեպտեմբերին Վրաստանի տարածում կանգնեցվեց մեր ընկերության արտադրանքով բեռնված մեքենան, որն ուղևորվում էր դեպի Ռուսաստան: Այդ ժամանակ էլ մեզ ասացին, որ հետայսու Վրաստանը իր տարածքով արգելելու է «մածուն» անվանմամբ ապրանքների արտահանումը: Մենք ստիպված էինք ստեղծված իրավիճակում արագ կողմնորոշվել. և որոշեցինք ՌԴ արտահանվող մեր մածունը ապրանքանշել որպես «Հայկական սարի յոգուրտ»», — ասել է Քրիստինա Կարապետյանը։
Նա հաղորդել է նաև, որ ձեռնարկության մածունի սպառման ծավալները Ռուսաստանում անվանափոխությունից չեն տուժել։ Այս նպատակով ընկերությունն «օպերատիվ և արդյունավետ տեղեկատվական արշավ է իրականացրել Ռուսաստանում»՝ բացատրելով սպառողներին, որ դա նույն ապրանքն է՝ այլ անվանմամբ:
Սակայն ընկերությունը կարծում է, որ ապրանքատեսակի ճիշտ անվանման հետ կապված խնդիր կա․ իրենք արտադրում են հենց «մածուն», ոչ թե յոգուրտ կամ մեկ այլ բան:
«Ուստի մենք այս հարցով միանգամից դիմեցինք ՀՀ կառավարությանը` խնդրելով աջակցել խնդրի լուծման հարցում: Մեզ հավաստիացրել են, որ կառավարությունը այս հարցով զբաղվում է, բանակցում վրացական կողմի հետ: Հուսանք՝ խնդիրը շուտափույթ լուծում կստանա», — ասել է Քրիստինա Կարապետյանը։
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ ինչպես Ֆրանսիայում կոնյակի և շամպայնի դեպքում, այնպես էլ Վրաստանում «մացոնի» անվանումը գրանցված է որպես աշխարհագրական նշում․
«Պետությունը կաթնամթերք արտադրող տնտեսավարողներին տեղեկացրել է, որ «մածուն» անվանումը շփոթելու աստիճան նման է Վրաստանի հանրապետությունում գրանցված «մացոնի» անվանմանը և կարող է խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով նման անվանմամբ արտադրանք արտահանելիս»։
Նախարարությունը հայտնում է նաև, որ դեռևս 2011 թվականին «Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության լիազոր մարմինը ներկայացրել է առարկություն «մացոնի» անվանման գրանցման դեմ Եվրամիության և Վրաստանի համապատասխան մարմիններին»։ Հայկական կողմն իր բողոքը հիմնավորել է նրանով, որ այս անվանումը շփոթելու աստիճան նման է ՀՀ-ում արտադրվող մածուն կաթնամթերքի անվանմանը։ Սակայն ներկայացված առարկությունը հաշվի չի առնվել, և այժմ բանակցություններ են տարվում վրացական կողմի հետ։
Առաջացած խնդիրների առնչությամբ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում, որը «հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին իր անունով գրանցելու աշխարհագրական նշումներ։ Ինչպես հաղորդում է էկոնոմիկայի նախարարությունը, ըստ գործող կարգավորման՝ այժմ միայն արտադրողները դրա իրավունքն ունեն։
Օրենքի փոփոխությունը թույլ կտա «մածուն» անվանումը գրանցել Հայաստանում, որպես աշխարհագրական նշում։ Սակայն, վերոնշյալ անվանումով արտադրանքը կարող է արտահանվել այլ երկրներ Վրաստանի տարածքով՝ միայն Վրաստանի հետ համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո։
«Համաձայնագրի դրույթները և երկու երկրներում գրանցված աշխարհագրական նշումների ցանկերն առաջիկայում կքննարկվեն համատեղ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում»,- հաղորդել է նախարարությունը։
Պարենային իրավունքի փորձագետ, սննդագետ Դավիթ Պիպոյանի խոսքով՝ խնդիրը նոր չէ և կապված չէ միայն մածունի հետ: Հիշեցնում է՝ խնդրի մասին բարձրաձայնել է նաև տարիներ առաջ, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից: Փորձագետին հաճախ են դիմել հատկապես Վրաստանի տարածքով գինի արտահանողները:
Ասում է՝ շատերը խնդրի էությունը չեն պատկերացնում, քանի որ չեն հասկանում, թե ինչ են իրենցից ներկայացնում աշխարհագրական մակնշումները.
«Դրանք սննդամթերքի և ալկոհոլային խմիչքների արտադրության հետ կապված նշումներ են, որոնք վերաբերում են սննդամթերքի կամ խմիչքի տեսակներին, որոնք արտադրվում են որոշակի աշխարհագրական տարածաշրջանում և ունեն հատուկ պաշտպանություն»:
Պիպոյանը բերում է Պարմայի պրոշուտոյի, հունական ֆետա պանրի օրինակները:
Փորձագետի խոսքով՝ մակնշումները լինում են երկու մակարդակի: Աշխարհագրական մակնշումը ենթադրում է, որ փուլերից մեկը պետք է տեղի ունենա տվյալ վայրում, իսկ ամենաբարձր մակարդակը՝ տեղանունների պաշտպանությունը ենթադրում է, որ հումքից մինչև փաթեթավորում պետք է տեղի ունենա տվյալ աշխարհագրական տարածքում:
Պարենային իրավունքի փորձագետն ընդգծում է՝ տարիներ շարունակ ագրարային քաղաքականությունը Հայաստանում անտեսված է եղել: Ըստ նրա՝ այդ մասին է վկայում նաև գյուղատնտեսության նախարարության բացակայությունը:
«Եթե դու չունես գյուղատնտեսության նախարարություն, նշանակում է՝ ագրարային քաղաքականությունը քեզ համար ռազմավարական նշանակության ուղղություն չէ», — JAMnews-ի հետ զրույցում նշել է փորձագետը:
Ներկա պահին խնդրով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը: Լրագրողներին նախարարությունից հայտնել են, որ խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, փորձում են լուծումներ գտնել վրացի գործընկերների հետ: Ըստ աղբյուրի՝ որպես լուծման տարբերակ՝ քննարկվում է Վրաստանի հետ աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանության համաձայնագրի կնքումը:
Պիպոյանն ասում է՝ միայն նախարարությունը կարող է քայլեր ձեռնարկել խնդրի լուծման ուղղությամբ, այդ թվում՝ հուշագրի ստորագրման տեսքով, եթե կա դրա անհրաժեշտությունը:
Ի պատասխան նախարարության հայտարարության, թե Հայաստանը դիմել է ԵՄ-ին մացոնի գրանցումից հետո և մերժվել, փորձագետն ասում է՝ թող ցույց տան դիմումը ու նաև պարզաբանեն՝ ինչու մածունի ճանաչման հայտ չեն ներկայացրել ԵՄ (EU geographical indications system)՝ նախքան մացոնիի գրանցումը:
Պիպոյանի խոսքով՝ Հայաստանը կառույցին մեկ անգամ է դիմել՝ ներկայացնելով հայտ Սևանի իշխանի ճանաչման հարցով:
Փորձագետն ընդգծում է՝ թեև բացթողումները Հայաստանինն են, սակայն այս դեպքում գործ ունենք նաև վրացի գործընկերների վերաբերմունքի հետ:
«Մակնշումը տվյալ երկրի խնդիրն է: Եթե ապրանքը տվյալ երկրում չի իրացվում, այլ այն ծառայում է որպես տարանցիկ երկիր, այս դեպքում խնդիրը նաև մեր վրացի գործընկերների վերաբերմունքի հետ է կապված», — շեշտում է Դավիթ Պիպոյանն ու հավելում, որ Ռուսաստանը մածունի հետ կապված որևէ արգելանք չի դրել:
«Հարցը կլուծի հայ-վրացական աշխատանքային խումբը»
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան տեղական լրատվամիջոցների հարցման, հայտնել է, որ դեռևս 2011 թվականին «Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության լիազոր մարմինը ներկայացրել է առարկություն «մացոնի» անվանման գրանցման դեմ Եվրամիության և Վրաստանի համապատասխան մարմիններին»։
Հայկական կողմն իր բողոքը հիմնավորել է նրանով, որ այս անվանումը շփոթելու աստիճան նման է ՀՀ-ում արտադրվող մածուն կաթնամթերքի անվանմանը։ Սակայն ներկայացված առարկությունը հաշվի չի առնվել, և այժմ բանակցություններ են տարվում վրացական կողմի հետ։
Առաջացած խնդիրների առնչությամբ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում, որը «հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին իր անունով գրանցելու աշխարհագրական նշումներ։ Ինչպես հաղորդում է էկոնոմիկայի նախարարությունը, ըստ գործող կարգավորման՝ այժմ միայն արտադրողները դրա իրավունքն ունեն։
Օրենքի փոփոխությունը թույլ կտա «մածուն» անվանումը գրանցել Հայաստանում, որպես աշխարհագրական նշում։ Սակայն, վերոնշյալ անվանումով արտադրանքը կարող է արտահանվել այլ երկրներ Վրաստանի տարածքով՝ միայն Վրաստանի հետ համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո։
«Համաձայնագրի դրույթները և երկու երկրներում գրանցված աշխարհագրական նշումների ցանկերն առաջիկայում կքննարկվեն համատեղ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում», — հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը՝ մեկնաբանելով մացոնիի և մածունի շուրջ սկանդալը։
Վրաստանում ասում են, որ աշխարհագրական նշումների ճանաչման մասին երկկողմանի համաձայնգրի կնքման շուրջ բանակցությունները հայկական կողմի հետ ընթանում են արդեն մի քանի տարի։
Կողմերի միջև բանակցություններ են ընթանում աշխարհագրական նշումների օգտագործման՝ արտադրատեսակների անվանումների պատենտավորման շուրջ, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունից․
«Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում, և մենք կարող ենք Հայաստան այցելել։ Մեզ հետ կապվել է փոխնախարարը, կարող է աշխատանքային խումբ ձևավորվել։ Հայերը պատրաստվում են ապացուցել, որ իրենք էլ ունեն ազգային արտադրանք, և այն տասնյամյակներով կոչվում է «մածուն»։ Եվ եթե նրանք կարողանան գրանցել, պատենտավորել այդ ապրանքը, ԵՄ-ին ապացուցել, որ դա իրենց ավանդական մթերքն է, ապա նրանց կարող են թույլ տալ գրանցել իրենց արտադրանքը։ Այս հարցով բանակցություններ են տարվում ինչպես Եվրամիության, այնպես էլ մեզ հետ», — ասել է Թենգիզ Քալանդաձեն։
Այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է փոխհամաձայնության գալ, որ շուկայում «մացոնիին» զուգահեռ հայտնվի նաև «մածունը», Թենգիզ Քալանդաձեն միայն պատասխանել է․ «Բանակցություններ են ընթանում»։