Հայաստան. Սևանա լիճը սկսել է սառցակալել՝ վտանգված է կենդանական աշխարհը
Այս տարվա ցրտաշունչ ձմեռը անդրադարձել է նաև Հայաստանի Սևանա լճի վրա, որը սկսել է սառցակալել: Նախ երևույթը գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը գեղեկցության տեսանկյունից, սակայն տևական սառցակալումը և վերջինիս ընդլայնումը առաջացրեց նաև հետևանքները և վտանգները գնահատելու անհրաժեշտությունը:
«Սևան Ազգային պարկի» պահպանության բաժնի տեսուչ Արտակ Սարգսյանն ասում է, որ Սևանա լճի սառցակալումը լճի թռչնաշխարհի համար աղետալի իրավիճակ է ստեղծել: Տեղում մնացող տեսակները այնումենայնիվ հեռացել են ավելի ապահով վայրեր, իսկ այն տեսակները, որոնք չեն կարողացել հեռանալ՝ ոչնչացել են մեծաքանակ խմբերով:
Լճի սառցակալումը դժվարեցնում է թռչունների սնունդ հայթայթելը, ինչի հետևանքով կամ հեռանում են տարածքից, կամ սովի մատնվում: Դա կարող է տեսակային կազմի լուրջ խնդիրների հանգեցնել, քանի որ թռչուններն ընդմիշտ Հայաստանի տարածքից կհեռանան:
«Սիվիլվոյս» հասարակական կազմակերպության փորձագետ, բնապահպան Սիլվա Ադամյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ այս պահին խնդիրը կարելի է լուծել երկու եղանակով՝ կամ սառցակալած լճում տեխնիկայով բացել որոշակի տարածքներ, որպեսզի թռչունները կարողանան կերակրվել, կամ բնապահպանները և կենդանաբանները պետք է ուղղակի անձամբ կերակրեն թռչուններին:
ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով էապես փոխվել է լճի ջերմային ռեժիմը՝ ջերմության պաշարները նվազել են, որը զգալիորեն ազդել է լճի սառցային ռեժիմի վրա, և 1948թ. հետո լիճը ծածկվել է սառույցով 1-7 տարին մեկ անգամ: 2017 թ.-ին համատարած սառցածածկ Մեծ Սևանում ձևավորվել է փետրվարի 3-ից, իսկ Փոքր Սևանը սառցապատել է մասամբ (80-90%), սառցի հաստությունը հասնում է 10-15 սմ:
Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ լճի համատարած սառցակալումը ջրավազանի համար ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Դրականն այն է, որ սառցածածկի պայմաններում գրեթե բացակայում է գոլորշացումը, որը փետրվար ամսին օրական միջին հաշվով կազմում է 1,1 մլն խոր.մ ջուր: Իսկ բացասական կողմերից նշվում է այն, որ լճի վրա առաջացած մակերևութային սառույցի պատճառով պակասում է թթվածնի քանակությունը:
![Sevan lake](https://jam-news.net/app/uploads/2017/03/big_301b144af.jpg)
![Sevan lake](https://jam-news.net/app/uploads/2017/03/big_c3dcf41d3.jpg)
![Sevan lake](https://jam-news.net/app/uploads/2017/03/big_e68fa3b1d.jpg)
![Sevan lake](https://jam-news.net/app/uploads/2017/03/big_9640700c4.jpg)
![Sevan lake](https://jam-news.net/app/uploads/2017/03/big_f55b4447e.jpg)
![Sevan lake](https://jam-news.net/app/uploads/2017/03/big_af4732711.jpg)
![Sevan lake](https://jam-news.net/app/uploads/2017/03/big_067556925.jpg)
![Sevan lake](https://jam-news.net/app/uploads/2017/03/big_3347efd59.jpg)
![Sevan lake](https://jam-news.net/app/uploads/2017/03/big_121712ac2.jpg)
![Sevan lake](https://jam-news.net/app/uploads/2017/03/big_840b2c22e.jpg)
![Sevan lake](https://jam-news.net/app/uploads/2017/03/big_83f97f482.jpg)
![Sevan lake](https://jam-news.net/app/uploads/2017/03/big_85ea282c4.jpg)
![Sevan lake](https://jam-news.net/app/uploads/2017/03/big_8761de889.jpg)
![Sevan lake](https://jam-news.net/app/uploads/2017/03/big_802cb8aed.jpg)
![Sevan lake](https://jam-news.net/app/uploads/2017/03/big_4ad9f7e1c.jpg)
![Sevan lake](https://jam-news.net/app/uploads/2017/03/big_4bd19af17.jpg)