Հայաստան ու Վրաստան. Համագործակցության 5 պատճառ
Լուսանկարը՝ Դիանա Պետրիաշվիլիի
Երբ Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը, թվաց, թե Կովկասում քաղաքական իրավիճակն անդառնալիորեն փոխվեց և ընդմիշտ անհետացան տնտեսական հեռանկարները: Սակայն, պայմանագրի ստորագրումից որոշ ժամանակ անց շատերը հասկացան, որ բազմաբևեռ Կովկասը, թերեւս, սարսափելի չէ եւ նույնիսկ շատ էլ հետաքրքիր:
Առաջարկում ենք քննարկել հինգ փաստարկ, որոնք ապացուցում են, որ Հայաստանը եւ Վրաստանը կհամագործակցեն, չնայած քաղաքական եւ ռազմավարական տարբերություններին: Փաստարկների հեղինակներն են Գեորգի Թարխան-Մոուրավին՝ Հասարակական քաղաքականության ինստիտուտի համատնօրեն (Թբիլիսի), եւ Դավիթ Հովհաննիսյանը՝ ԵՊՀ քաղաքակրթական ու մշակութային հետազոտական կենտրոնի տնօրեն (Երեւան):
Առաջին փաստարկ
Հայաստանն ու Վրաստանը «բացարձակապես պատրաստ չեն» միմյանց հետ հարաբերություններ փչացնել: «Ինչպես ցույց է տալիս պատմությունը, չնայած տարբեր ժամանակահատվածներում ունեցած վայրիվերումներին, Վրաստանն ու Հայաստանն, այնուամենայնիվ, նույն ուղղությամբ են գնում: Եվ դա արևմտյան քաղաքականությունն է: Հենց այդ ուղղությամբ էլ գնում ենք», — ասում է Հասարակական քաղաքականության ինստիտուտի համատնօրեն Գիորգի Թարխան-Մոուրավին:
Երկրորդ փաստարկ
«Երկու երկրները բազմադարյա համակեցության ու երկարամյա համագործակցության մեծ փորձ ունեն, չնայած որ այն մերթընդմերթ խախտվում էր կատաղության նոպաներով», — այդ պատմական համագործակցությունն այսպես բնորոշեց ԵՊՀ քաղաքակրթական ու մշակութային հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը: Նա համարում է, որ Հայաստանն ու Վրաստանը միշտ շատ ուշադիր ու զգուշորեն են վերաբերվում հարաբերությունների հարցին: Ցանկացած իշխանություն այդ պարագայում գործում է չվնասելու սկզբունքով: «Այդ հիմքի վրա կարելի է ձգտել կառուցել ավելի արդյունավետ, ավելի լուրջ, ավելի մշտական ու միմյանց լրացնող հարաբերություններ», — ասաց Դավիթ Հովհաննիսյանը:
Երրորդ փաստարկ
Ի դեպ, Հայաստանի ու Վրաստանի տարբեր քաղաքական նախընտրությունները չեն անդրադառնում այլ ոլորտներում նրանց համագործակցության վրա: Այսպես, դեռևս 1995թ.-ից մեր երկրների միջև ազատ առևտրի մասին պայմանագիր է գործում: Բացի այդ, Հայաստանը բնավ չի պատրաստավում խաչ քաշել Արևմուտքի հետ իր համագործակցության վրա: «Մենք Հյուսիսատլանտյան դաշինքի հետ խորը համագործակցություն ենք վարում. Հայաստանը ներգրավված է մի շարք ծրագրերում: Դա ինչ-որ առումով նյարդայնացնում է Ռուսաստանին, սակայն դրանք հնարավորություններ են, որոնք անպայման պետք է օգտագործել», — նշեց Հովհաննիսյանը:
Չորրորդ փաստարկ
Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունները մի փոքր ասիմետրիկ են. Հայաստանն ավելի շատ է հետաքրքրված այդ համագործակցությամբ, և դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ Վրաստանը կարևոր է որպես միջանցիկ տարածք ու շատ գրավիչ է որպես սևծովյան հանգստավայր: Հայաստանը Վրաստանի համար պակաս հետաքրքիր է, սակայն համագործակցության ներուժն այնքան լավն է, որ վաղ թե ուշ այն գերակշռելու է ասիմետրիկությանը: Օրինակ, ոլորտներ կան, որտեղ Հայաստանը հաջողակ է (ասենք, տեղեկատվական տեխնոլոգիաները), իսկ Վրաստանը դրանցից կաղում է: Այսինքն համագործակցության հեռանկարներն իրական են ու պակաս շահավետություն չեն ենթադրում:
Հինգերորդ փաստարկ
Շահավետության մասին ավելի մանրամասն: Հայերն ու վրացիները գործակցելու, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, նոր շուկաներ դուրս գալու և լավ վաստակելու հիանալի հնարավորություն ունեն: Սակայն այդ համագործակցության համար ներկա պահին երկու կարևոր բաղադրիչ է պակասում՝ կամքն ու հետաքրքրվածությունը:
Պետք է, որ մարդիկ հետաքրքրված լինեն, որ միմյանց մասին նոր բաներ իմանան՝ լինեն նորություններ, թե՝ պատմական գնահատականներ: «Վրաստանում ոչ մի վրացերենով դասագիրք չկա, որում գրված լինի, թե ինչ երկիր է Հայաստանն այսօր: Բացի այդ, Վրաստանում ու Հայաստանում պատմության համաձայնեցված ընկալում չկա:
Եթե ինչ-որ տհաճ բան կա, պատմաբանները նախընտրում են չխոսել այդ մասին: Օրինակ, ոչ ոք չի հիշատակում 1918թ. հայ-վրացական պատերազմը: Ինչո՞ւ են այս թեման տաբու դարձնում: Առանց հստակ հասկանալու այդ իրադարձությունների պատճառները, հնարավոր չէ փոխադարձ վստահության գալ», — ասաց Գիորգի Թարխան-Մոուրավին: