Հայաստանի՝ կալանքից ազատված նախկին նախագահը հրաժարվել է Սահմանադրական դատարանում իր գործի քննությունից
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են կանչել Սահմանադրական դատարանի իրենց դիմումները, որոնք ներկայացրել էին դեռ մեկ տարի առաջ։ Նրանք վիճարկում էին սահմանադրական կարգի տապալման մասին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի համապատասխանությունը։ Հենց այդ հոդվածով է մեղադրվում նախկին նախագահը։
Խոսքը 20018 թ–ին մարտին ցուցարարների հանրահավաքը ցրելու մասին է, որոնք համաձայն չէին նախագահական ընտրությունների արդյունքներին։ Այն ժամանակ Երևանում մարտական զենք էր կիրառվել, տասը մարդ էր մահացել։
Քոչարյանը կալանավորվել էր 2018 թ–ի հուլիսի 28–ին, երեք անգամ նրա փաստաբանները հաջողացրել էին փոխել նրա խափանման միջոցը։ Վերջին անգամ նա գրավով կալանքից ազատ է արձակվել 2020 թ–ի հունիսի 19–ին։
Փաստաբանների խոսքով՝ Սահմանադրական դատարանից իրենց դիմումները հետ կանչելու որոշումն ընդունել է Ռոբերտ Քոչարյանը։ Բանն այն է, որ ընդդիմությունը մտադիր է Սահմանադրական դատարանում վիճարկել Սահմանադրության՝ խորհրդարանի ընդունած փոփոխությունները։ Սակայն ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ՍԴ են դիմելու նախկին նախագահի գործի քննությունից հետո, որը նախանշված էր հուլիսի 7–ին։
Ըստ նախկին նախագահի փաստաբանների՝ նա այդ որոշումն ընդունել է, որպեսզի չխանգարի ընդդիմությանը բարձրագույն դատարան դիմել։
- Հայաստանի խորհրդարանը նախաձեռնել է դատական համակարգի ճգնաժամն ինքնուրույն՝ առանց հանրաքվեի լուծելու գործընթաց
- Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը՝ որպես քրեական գործով մեղադրայլ
- Ինչի՞ համար է մեղադրվում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Ի՞նչ հարց է մտադիր վիճարկել ընդդիմությունը
Հունիսի 22–ին Հայաստանի խորհրդարանը սահմանադրական փոփոխությունների նախագիծ է ընդունել։ Ըստ այդ փոփոխությունների՝ Սահմանադրական դատարանի դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարի, պետք է դադարեցնեն իրենց լիազորությունները։ Նրանց շարքերից, ում լիազորությունները կպահպանվեն, գերագույն դատարանի նոր ղեկավար կընտրվի։
Ընդդիմադիր երկու խմբակցությունները հրաժարվել են մասնակցել խորհրդարանի այդ նիստին։ Նրանք կարծում են, որ խորհրդարանը երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու լիազորություն չունի։ Սակայն նախագիծը միաձայն հաստատել են իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները։ Նրանք որոշում կայացնելու համար բավականաչափ ձայն ունեն։
Փոփոխությունների էությունն այն է, որ ՍԴ–ն «մաքրվի» դատավորներից, մասնավորապես դրա նախագահից, որոնք ընտրվել են նախորդ իշխանության օրոք։ Գործող կառավարությունը, որն իշխանության է եկել 2018 թ–ի «թավշյա» հեղափոխությունից հետո, նրանց անընդունակ է համարում «նոր» Հայաստանում արդար որոշումներ կայացնել։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ պատրաստվում է ՍԴ դիմել, որպեսզի պարզի խորհրդարանի որոշման սահմանադրականությունը։ Գերագույն դատարան դիմելու համար նվազագույնը 27 ստորագրություն է պետք՝ խորհրդարանի պատգամավորների մեկ հինգերորդ մասի ձայնը։ «Բարգավաճ Հայաստանը» 25 պատգամավոր ունի։
Հարկ եղած ստորագրությունները հավաքելու համար խմբակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը կոչ է արել միանալ իր դիմումին։
Դրա ղեկավարությունը հայտարարել է, որ կուսակցությունը ՍԴ կդիմի Քոչարյանի գործի քննության ավարտից հետո՝ հարցի քաղաքականացումից խուսափելու համար։
Մինչ ընդդիմադիր խմբակցությունները պարզում են, թե ինչպես են բողոքարկելու ընդունված փոփոխությունները, հունիսի 25–ին խորհրդարանի խոսնակն արդեն հրապարակել է ընդունված սահմանադրական փոփոխությունները։ Դա նշանակում է, որ դրանք ուժի մեջ են մտնում հաջորդ իսկ օրը։
Նախկին նախագահի փաստաբաններ Արամ Վարդևանյանն ու Արամ Օրբելյանը ճեպազրույցի ժամանակ պարզաբանել են իրենց վստահորդի ընդունած որոշման էությունը։
«Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտը քննարկում ունեցանք, նախագահը հստակ դիրքորոշում հայտնեց, որ եթե իր գործի պատճառով պարլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պիտի առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները հետ վերցնեն հայցը․․․և թող ոչ ոքի մտքով չանցնի ասել․ «Դուք չլինեիք, պատգամավորները կդիմեին, ՍԴ–ն որոշում կկայացներ, և սահմանադրական կարգը չէր տապալվի»։ Եվ խնդրում եմ բոլոր պատգամավորներին էս գործընթացը քննարկելու մեջ մոռանալ Ռոբերտ Քոչարյան, Արամ Օրբելյան, Արամ Վարդևանյան, Քոչարյանի փաստաբաններ և այլ ձևակերպումները», — ասել է Օրբելյանը։
«Լուսավոր Հայաստանի» պատասխանը
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ուզում են իրավաբանական գործընթացը քաղաքականի վերածել, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը նրանց ճեպազրույցից կես ժամ անց։
«Նրանց կողմից դիմումի հետ վերցնելը չի նշանակում, որ գործը չի քննվելու հուլիսի 7-ին, քանի որ Քոչարյանի պաշտպաններից զատ նույն հարցով ՍԴ է դիմել նաև առաջին ատյանի դատարանը։ Մենք կրկնում ենք, որ ՍԴ ենք դիմելու այդ գործի քննությունից հետո», — ասել է Մարուքյանը։
Նրա խոսքով՝ նախորդ իշխանությունն ուզում է ընդդիմության տեղը զբաղեցնել և դրա համար ամեն ինչ անում է՝ չեզոքացնելու համար «Լուսավոր Հայաստանին»։
«Բարգավաճ Հայաստանի» պատասխանը
«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է «Լուսավոր Հայաստանի» որոշմանը․
«Չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունենալու հուլիսի 7–ից հետո, քանի որ մեր խմբակցությունում նման քննարկում չի եղել։ Չեմ կարծում, որ մենք պետք է Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ սահմանադրական հեղաշրջումը կապեինք նրա հետ, թե հուլիսի 1-ին, հուլիսի 7-ին, չգիտեմ օգոստոսի 6-ին ում և ինչ գործ պիտի քննարկվեր Սահմանադրական դատարանում։ Այդուհանդերձ, այդպիսին է մեր գործընկերների դիրքորոշումը, մենք իրենց դիրքորոշումը ընդունել ենք ի գիտություն։ Մնացյալի վերաբերյալ, թե ինչ կանենք հուլիսի 7-ից հետո միասին, բնականաբար, մենք ժամանակ ունենք այդ հարցը դեռևս քննարկելու»։
Վարչապետի արձագանքը
Այն բանից հետո, երբ խորհրդարանն ընդունել է սահմանադրական փոփոխությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հպարտանում է իր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությունով․
«Ազգային ժողովը ընդունեց Սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք անդամներ ուղարկվում են թոշակի»։
Ինչ վերաբերում ընդհանուր առմամբ երկրի դատական համակարգի բարեփոխմանն, ապա վարչապետը հայտարարել է․
«Գնալու ենք բարեփոխումների։ Հայաստանում դատարանների հարցը լուծված չէ մի պատճառով, որ իշխանությունը չի ցանկանում «խամաճիկային» համակարգը փոխարինել «խամաճիկային» նոր համակարգով: Մենք ուզում ենք, որ երկրում լինի իրական անկախ դատարան: Այն դատավորը, որ իր համոզմունքով և խղճով և առանց կողմնակի ազդեցությունների և առանց հին կոռուպցիոն նոստալգիայի կկայացնի որոշում, այդ դատավորը «մեր գլխի վրա տեղ ունի», այդ դատավորը այս երկրի հենասյունն է, և մենք ամեն ինչ անելու ենք այդ մարդկանց պաշտպանելու համար: Եվ մենք ամեն ինչ անելու ենք մյուսներին դատական համակարգից դուրս շպրտելու համար, և մեզ ոչ մի բան չի կանգնեցնի»։