Հայաստան․ մարդկանց տեղաշարժի սահմանափակումն ուժի մեջ է մտել, ոստիկանությունը հետևում է նոր պահանջների կատարմանը
Մարտի 25–ը Հայաստանում առաջին օրն է, երբ չի կարելի տնից դուրս գալ առանց անհրաժեշտության։ Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար արտակարգ դրությունը սահմանվել է մարտի 16–ին։ Քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումն ուժի մեջ է մտել մարտի 24–ին 23:59–ին և գործելու է մինչև մարտի 31–ի նույն ժամը։
Այժմ Հայաստանում չի կարելի տնից դուրս գալ առանց անձնագրի կամ նույնականացման քարտի և «տեղաշարժման ձևաթղթի»։ Յուրաքանչյուրն ինքը պետք է դրանում նշի նպատակը, հասցեները՝ ուր է գնում և որտեղից, ելքի և ենթադրյալ վերադարձի ժամերը։
Նոր պահանջների կատարմանը հետևելու է ոստիկանությունը։
Մարտի 25–ի առավոտյան Հայաստանում հաղորդվել է 265 հիվանդի մասին, որոնցից 16–ն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։
Երևան, տեսանյութ․ առանց անհրաժեշտության տնից դուրս գալու արգելքին նախորդող վերջին օրը
Կորոնավիրուսի համաճարակը Կովկասում․ փաստեր և թվեր տարածաշրջանի վերաբերյալ
Ինչպե՞ս է ընթանում պարեկությունը քաղաքային փողոցներում
Ոստիկանությունն իր աշխատանքը սկսել է մարտի 24–ի երեկոյից՝ երկրի քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակման կիրառման մասին հայտարարությունից անմիջապես հետո։
Ոստիկանները երթևեկում էին Երևանի փողոցներով՝ մտնելով բակեր, և լրացուցիչ իրազեկելով քաղաքացիներին կարանտինի նոր կանոնների մասին։
Մարտի 25–ին ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը հաղորդել է, որ առավոտից ոստիկանները գրանցել են կարանտինի պահանջների խախտման 92 դեպք։ Այսուհետ ավտոմեքենայում ուղևորների թիվը պետք է երկուսից ավելին չլինի՝ ներառյալ վարորդը։ Բոլոր 92 վարորդները խախտել են հենց այս արգելքը, նրանց «ավելորդ» ուղևորները մեքենաներից իջեցվել են։
Եվ դա միայն «նախազգուշացնող միջոցառում» է եղել։ Ժամը 16:00–ից, ինչպես հաղորդել է Մհրյանը, պարեկության կանոնները խստացվում են՝ սահմանված ռեժիմի համաձայն։
Լրացուցիչ սահմանափակումներ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն արտակարգ դրության ժամանակահատվածում պարետ է նշանակված, օրվա երկրորդ կեսին հայտարարել է, որ չի բացառվում սահմանափակումների խստացման հնարավորությունը։ Կառավարությունում դրանք արդեն քննարկվում են․
« Մենք մինչև մարտի 31-ը հնարավորինս պետք է փորձենք նվազեցնել մարդկանց տեղաշարժը և շարունակենք արդյունավետ կերպով կանխարգելել, գտնել վարակման շղթաները և կարողանալ վիրուսի հետքը մեր տեսադաշտում պահել, որպեսզի կարողանանք արդյունավետ պայքարել հետագա տարածման դեմ»։
Ըստ պարետի՝ մարտի 25–ից բոլոր նրանք, ովքեր երկրի տարածքում են, ունեն ինքնամեկուսացվածի կարգավիճակ՝ բացառությամբ նրանց, ովքեր, ըստ կառավարության որոշման, աշխատանքի գնալու իրավունք են ստացել։ Այն ոլորտների ցանկը, որոնք շարունակելու են իրենց գործունեությունը տեղաշարժի սահմանափակման ռեժիմում, հրապարակվել է մարտի 24–ին։
Ո՞վ կարող է աշխատել Հայաստանում տեղաշարժի սահմանափակման օրերին, և ո՞վ պետք է տանը մնա
Բոլոր կարգազանցները կտուգանվեն՝ ըստ Վարչական օրենսգրքի։ Դրանում և Քրեական օրենսգրքում փոփոխությունները շտապ կատարվել են մարտի 23–ին։ Շտապողականությունը բացատրվում էր նրանով, որ արտակարգ դրության հաստատումից հետո սահմանափակումները գործում էին, սակայն դրանց խախտման համար պատժամիջոցներ չկային։
Ինչի՞ համար և ինչպե՞ս կարող են պատժվել Հայաստանում արտակարգ դրության պահանջները խախտողները