Հայաստանը լքո՞ւմ է ՀԱՊԿ ռազմական դաշինքը. կարծիք Երևանից
Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններ
Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել։ Տեղեկությունը հաստատել է արտաքին գերատեսչության խոսնակ Վահան Հունանյանը։ Որոշման պատճառները նա չի մեկնաբանել։
Տարեսկզբից ի վեր սա ՀԱՊԿ-ի հետ կապված հայկական կողմի երկրորդ աղմկահարույց որոշումն է։ Հունվարի 10-ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում զորավարժությունների անցկացումից։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ կարևոր է հասկանալ՝ գոյություն ունեցո՞ղ, թե՞ նոր դժգոհությունների արդյունք է որոշումը։ Չի բացառում նաև, որ այն պայմանավորված լինի նրանով, որ Հայաստանը, ինչպես կառույցի անդամ շատ երկրներ, ռուս-ուկրաինական պատերազմի որևէ կողմում դիրքավորվելու ցանկություն չունի։
Վերլուծաբանի մեկնաբանությունը՝ հնարավոր պատճառների և հետևանքների մասին։
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան
«Գործ ունենք ոչ մակերեսային, բարդ խնդիրների հետ»
Բադալյանը հակված չէ հարցը դիտարկել պարզ հարթությունում՝ «եթե բավարարված չենք, դուռը շրխկացնում ենք»։ Ասում է՝ համատեքստն ավելի լայն է։ Նրա խոսքով՝ փլուզվող աշխարհակարգի պայմաններում էապես փոխվում են անվտանգային համակարգերը, իսկ ՀԱՊԿ-ն «առանց այդ էլ ամուր, գաղափարական, ընդհանուր շահերի վրա հիմնված» դաշինք չէր։
«Անդամ երկրների մեծ մասը ցանկություն չունի որևէ կերպ ռուս-ուկրաինական պատերազմում դիրքավորվել որևէ կողմում։ Այստեղ ևս առաջանում են ներքին խնդիրներ, լարումներ, որոնք արտահայտվում են տարբեր ձևերով, այդ թվում՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերության համատեքստում»,- JAMnews-ի հետ զրույցում ընդգծել է նա։
Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ բացի Ուկրաինայում ընթացող պատերազմում ունեցած ներգրավվածությունից, մեկ այլ հռետորական հարց է նաև այն, թե «որքանո՞վ են ՀԱՊԿ անդամ կենտրոնասիական երկրները պատրաստ գործնական պատասխանատվություն ստանձնել Հայաստանի հանդեպ», որը նույնն է, թե՝ Ադրբեջանի դեմ։
Բադալյանը չի կարծում, թե գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու որոշումը Հայաստանի համար «մեծ գին է արժենալու»։ Բացի այդ, նկատում է՝ պետք է հասկանալ՝ արդյո՞ք այն ունի մեծ նշանակություն ՀԱՊԿ անդամ մյուս երկրների համար, թե՞ խորքային խնդիրների համեմատ փոքր կշիռ ունի։
Խնդիրներն, ըստ նրա, բարդ են, ոչ մակերեսային, բայց կարևոր է գտնել հարցերի պատասխաններն ու հասկանալ՝ «ինչպիսի անվտանգային ճարտարապետության հեռանկարներ ենք ձևավորում մեզ համար»։
«Ամբողջությամբ հեռու մնալ չի ստացվի»
Հիշեցնում է՝ շաբաթներ առաջ Բելառուսի նախագահն ընդունել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, խոսել այն մասին, որ կազմակերպության անդամները պետք է միասնական դիրքորոշում ձևավորեն Ուկրաինայի հարցում ու հավելել՝ հնարավոր չէ անվերջ խուսափել այդ դիրքորոշումից։
Նկատում է՝ միութենական պետության մեխանիզմի շրջանակներում Ռուսաստանը Բելառուսը դիտարկում է որպես «պատերազմական հավանական սցենարների ռեսուրս»։ Ըստ Բադալյանի՝ Լուկաշենկոն պատերազմում ներգրավվելու ցանկություն չունի, ուստի փորձում է ՀԱՊԿ երկրների միջոցով ստանալ «հավաքական դիմադրություն», ձևավորել «մանևրի դաշտ»․
«Հնարավոր է՝ Երևանը պարզապես փորձում է զերծ մնալ այսօրինակ քննարկումներում թեկուզ գլխավոր քարտուղարի տեղակալի մակարդակով ներկայացվածություն ունենալուց, խուսափել անմիջական կամ անուղղակի պատասխանատվությունից։ Ամբողջությամբ այդ ամենից հեռու մնալ, իհարկե, չի ստացվի, քանի որ ՀԱՊԿ անդամ ենք։ Եվ եթե հարցը գա կազմակերպություն, այս կամ այն կերպ մեզ առնչվելու է»։
«Ծայրահեղ սցենար է»․ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Քաղաքական մեկնաբանի դիտարկմամբ՝ բոլոր դժգոհություններով հանդերձ հայկական կողմը հայտարարում է, որ չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Նրա բնորոշմամբ՝ ծայրահեղ և ռացիոնալության տեսանկյունից կասկածահարույց է մտածել, որ Հայաստանը կլքի կառույցը կամ նույնն է, թե՝ կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Եթե մենք մարտահրավերներն ու ռիսկերը դիմակայելու առումով կարողություն չունենք ՀԱՊԿ անդամի կարգավիճակում, ապա այդ կարգավիճակը թողնելով հազիվ թե որևէ էական խնդիր լուծելու հնարավորություն ստանանք»,- նշել է նա։
Կարծում է՝ «մոլորություն կամ դիտավորյալ մանիպուլյատիվ գնահատական» են այն պնդումները, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կստանա ռազմական աջակցություն Արևմուտքից։
«Մեր անվտանգության հարցում պատասխանատվության շատ հստակ նշաձող է սահմանվել Արևմուտքից՝ կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Եղած ռիսկային գործոններով՝ որևէ մեկը մեր հանդեպ չի ստանձնի այն ծավալի պատասխանատվություն, որը չստանալու պատճառով դժգոհություն ենք հայտնում ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից»,- նկատում է վերլուծաբանը։
Հայաստանի անվտանգության ապահովման հարցում ՀԱՊԿ գործուն մասնակցություն, սակայն, չի ակնկալում։ Ասում է՝ այդ պատրանքները վաղուց են ցրվել։
«Ստեղծված իրավիճակը ձեռնտու է բոլորին»
Հակոբ Բադալյանի խոսքով՝ ներկայիս իրավիճակում Հայաստանը, Ռուսաստանը կարողանում են ինչ-որ հարցեր լուծել, ինչ-ինչ խնդիրներից էլ ձեռնպահ մնալ։ Ասում է՝ խոսքը ոչ թե կուլիսային պայմանավորվածությունների, այլ «չբարձրաձայնված փոխհամաձայնության» մասին է․
«Երևանն արտահայտում է իր դժգոհությունն ու գոհ է դրանից։ ՌԴ-ն չի միջամտում, ՀԱՊԿ գործիքը չի կիրառում, և խնդիրներ չեն առաջանում Ադրբեջանի հետ։ Գոհ են նաև անդամ մյուս երկրները, որոնք դարձյալ չեն մտնում Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ, որովհետև դա իրենց շահերից չի բխում»։
Այս պատկերի խորքում, ըստ նրա, ընկած է աշխարհակարգային ճգնաժամը, անվտանգային համակարգերի փլուզումը, որն իր վրա զգում է նաև կուռ համակարգ չհանդիսացող ՀԱՊԿ-ը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններ