Օգնում են նրանք, ովքեր իրենք էլ օգնության կարիք ունեն։ Անձնական պատմություններ Հայաստանից
Մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 25-ից Հայաստանում կառավարությունը մարդկանց տեղաշարժի ավելի խիստ սահմանափակումներ մտցրեց: Հասարակական տրանսպորտը կանգնեց, դրա հետ մեկտեղ և մարզերի միջև տրանսպորտային հաղորդակցությունը:
Երեկոյան Դավիթ Պողոսյանը զանգ ստացավ. հայրը հիվանդանոցում է, վիճակը՝ ծանր: Դավիթի ծնողները Կապանում են ապրում՝ Երևանից մոտ 300 կմ հեռու։
«Շտապ պետք է հասնեի Կապան: Միջքաղաքային տրանսպորտ չկա, տաքսիները չեն շարժվում Երևանից, քանի որ հայտարարված կարանտինի պատճառով չի թույլատրվում մեկից ավելի ուղևոր տանել։ Իսկ մի ուղևորին դժվար է վարորդին վճարել այդքան հեռու ճանապարհի համար։ Մի քանի հոգով՝ ուղևորների համար էլ է գինը հարմար, վարորդին էլ», — ասում է Դավիթը:
Երկար որոնումներից հետո նրան հաջողվեց հասնել Կապան՝ ծանոթների ծանոթի հետ: Հոգին հանգստացավ, որ ծնողների կողքին է այս դժվար պահին։ Նաև հայրը սկսեց առողջանալ։
«Փառք աստծո, հայրս վերականգնվում է, բայց բժիշկներն ասում են, որ դեռ 10 օր պետք է հիվանդանոցում մնա: Օրական երկու անգամ այցելում եմ նրան հիվանդանոցում, ուտելիք փոխանցում, կանգնում պատուհանի տակ՝ այդպես ենք շփվում: Հիվանդանոցից վերադառնալիս, սովորաբար, մտնում եմ մեր տան կողքին գտնվող փոքրիկ մթերային խանութը: Չնայած, որ քաղաքում ինձ շատ մարդ չի ճանաչում, բայց մեր թաղամասում արդեն գիտեն իմ մասին:
Խանութում սովորաբար փոքր առևտուր եմ անում՝ հնարավորություններիս չափով: Այսօր, երբ ուզում էի վճարել, խանութի վաճառողուհին ասաց․ «Պահիր փողը, կարող ես չվճարել: Գուցե դեռ պետք գա հիվանդանոցում կամ դեղեր գնելու համար»: Երբ նկատեց զարմանքս, շարունակեց․ «Ես կարող եմ պարտքով էլ տալ, բոլորն են հիմա այդպես ապրում»: Ու ես հանկարծ մտածեցի՝ սովորական վաճառողուհին սովորական մարդկանց պարտքով սնունդ է տալիս՝ աշխարհի վերջին նմանվող այս օրերին», — պատմում է Դավիթը:
Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետևանքներն ամենից շատ զգում են սոցիալապես անապահով խմբի մարդիկ, որոնք աշխատանքն ու վաստակելու հնարավորոթյունը կորցրին։ Ոմանք նաև պայմանագիր չեն ունեցել գործատուի հետ՝ ու հիմա զրկվել են ոչ միան աշխատանքից, այլ նաև այն աջակության ծրագրերից, որոնք կարավարությունը նախաձեռնել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տուժած մարդկանց համար։
Մթերքով և առաջին անհրաժեշտության ապրանքներով շատ քաղաքացիների օգնում են նաև կամավորական խմբերը։ Սակայն, այս ամենը բավարար չէ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար:
Լրագրող Նանա Մարտիրոսյանն ապրում ու աշխատում է Երևանում: Այս օրերին, երբ շատերը կորցրել են աշխատանքը, Նանան օրական մի քանի զանգ է ստանում՝ օգնության խնդրանքով: Շատերի մասին նյութեր է գրում, փորձում է օգնել, որովհետև պատկերացնում է ու լավ գիտի, թե ինչ իրավիճակում են այժմ նրանք հայտնվել.
«90-ականներին Ռուսաստանում էինք ապրում, հայրս էլ «խոպան» էր գնում կողքի քաղաքները։ Մի անգամ ծրագրվածից մի քանի օր ուշ վերադարձավ։ Տանն էլ գումար չէր մնացել։ Վերջին կոպեկներով մաման մեկ սև հաց էր առել ու մի քիչ շաքարավազ: Այդ օրվանից ինձ մոտ սև հացն աղքատության հետ է ասոցացվում։ Մի ողջ օր ինչ–որ խոտերով քաղցր թեյ էինք խմում ու հացն ուտում։ Հաջորդ առավոտյան եղբայրս շուտ էր արթնացել ու ամբողջ մնացած հացը կերել էր։ Մաման ջղային հարցրեց․ «Բա քույրդ ի՞նչ է ուտելու»։ Երբ ասացի, որ սոված չեմ, մաման սկսեց հեկեկալ։
Հաջորդ օրը եղբայրս հիվանդացավ` երևի մրսած էր։ Մաման քացախով թրջված գուլպաներ էր հագցրել ու ճակատին թրջոցներ էր դնում։ Անդադար աղոթում էր, որ հանկարծ ջերմությունն ավելի չբարձրանա ու նորից ցնցումներ չունենա։ Զանգում էինք շտապ օգնություն, իսկ նրանք չէին պատասխանում։
Կեսգիշերն անց մամայի ննջարանից թռցրեցի բլոկնոտն ու հարևանուհու տնից զանգեցի Մոսկվայում ապրող քեռուս։ Խնդրեցի, որ գտնի պապային ու տուն ուղարկի, որովհետև եղբայրս հիվանդ է, իսկ ես ու մաման` սոված։ Առավոտյան քեռին եկավ լիքը դեղերով ու ուտելիքով, իսկ երեկոյան` հայրս», — ասում է Նանան:
Նա խոստովանում է, որ հենց այդ օրն է որոշել, որ պետք է կրթություն ստանա, Հայաստանում ապրի, լավ վաստակի, որպեսզի այլևս երբեք մորը սոված չտեսնի։
«Այսօր խանութի հերթի մեջ մի միջին տարիքի կին էր կանգնած, ու նա էլ էր սև հաց ու շաքար գնել: Այս պատմությունը հիշեցի: Հասկացա, որ այս օրերին էլ կան սոված քնող մարդիկ: Խանութից դուրս գալիս, իր կտորե տոպրակի մեջ աննկատ դրեցի մեր տան համար գնած պանիրը: Երբ հասա տուն, մաման սկսեց նեղվել, որ քիչ բան եմ բերել խանութից։ Պատմեցի, ինչու չկարողացա պանիրը տուն հասցնել: Խոստովանեց, որ ինքն էլ իմ չսիրած հարևանուհուն է օգնում՝ արդեն մի քանի օր»: