Կարծիք Հայաստանից․ ինչո՞ւ են ադրբեջանական լրատվամիջոցները «սենսացիաներ» հրապարակում Ղարաբաղի մասին
Ադրբեջանական մամուլում մեկը մյուսի հետևից «սենսացիոն» նյութեր են հայտնվում այն մասին, որ Իրաքյան Քրդստանից Իրանի տարածքով Հայաստան և Ղարաբաղ են տեղափոխվում «հազարավոր քուրդ զինյալներ»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյրութի պայթյունից հետո Լիբանանից Արցախ են տեղափոխվում «հազարավոր հայեր՝ տարածաշրջանի ժողովրդագրական քարտեզը փոխելու համար»։
Այս աբսուրդը հաստատող փաստերի, ինչպես նաև միջազգային միջնորդների և տարածաշրջանի երկրների համապատասխան արձագանքի բացակայությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը զուտ տեղեկատվական արշավ է ձեռնարկել։
Ղարաբաղ տեղափոխվող հազարավոր լիբանանահայերի մասին հարցը տրվել է նաև Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային։
«Մենք լսել ենք Լիբանանը լքած հայերին վերահսկողության տակ գտնվող տարածքներում վերաբնակեցնելու մասին Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների մտադրության մասին։ Տեղեկատվություն կա այն մասին, որ երկու լիբանանյան ընտանիք ցանկություն է հայտնել Ղարաբաղ տեղափոխվել։ Լեռնային Ղարաբաղ և դրա հարակից տարածքներ լիբանանցի փախստականների հոսքի մասին ստուգված տվյալներ մենք չունենք», – նշել է նա ճեպազրույցի ժամանակ։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի օգոստոսի ընթացքում այստեղ է տեղափոխվել 11 լիբանանահայ ընտանիք։ Եվ Ղարաբաղում այս իրարանցումը, որն Ադրբեջանում առաջացրել է մի քանի հայ ընտանիքների վերաբնակեցումը, տարակուսանք է առաջացրել։
Ղարաբաղում հայերի բնակվելը ոչ ոքի համար գաղտնիք չէ, և լիբանանահայերի այնտեղ տեղափոխվելը չի կարող փոխել ժողովրդագրական իրավիճակը։
Ինչո՞ւ են Բաքվում խոսում Իրանի ու Իրաքյան Քրդստանի մասին
Բաքվում նաև խոսում են, թե Ղարաբաղ վերաբնակեցման անվան տակ զինյալների են տեղափոխում։ Սակայն այդ տեղակատվության դետալները հուշում են Բաքվի իրական նպատակները։
1. Քրդեր
Նախևառաջ, խոսքը ոչ թե ընդհանրապես զինյալների, այլ քրդերի մասին է, որոնց, ինչպես հայտնի է, չի սիրում Թուրքիան։
Վերջերս թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն Անկարայում համաժողով են անցկացրել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատու Հիքմեթ Հաջիևի գլխավորությամբ: Համաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ տեղեկատվական արշավների շուրջ։
Եվ առաջին արշավն, ըստ ամենայնի, ձեռնարկվել է քրդերի դեմ։
Թուրքիան այժմ քրդերի հետ բախվում է ոչ միայն սիրիական Իդլիբում, այլև Իրաքում։ Եվ քրդերն արդեն ՄԱԿ ամբիոնից պահանջում են կասեցնել Իրաքում Թուրքիայի էքսպանսիան։
Անկարան, ըստ ամենայնի, դեմ չէ օգտագործել ադրբեջանական տեղեկատվական հարթակները քրդերին «վարկաբեկելու» համար՝ պնդելով, թե իբր նրանք պատրաստ են ադրբեջանցիների դեմ կռվել՝ հայերի կողմից։
Արցախում քուրդ զինյալների տեղակայման մասին լուրը բացարձակ ապատեղեկատվություն է, հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
«Այսպիսի տեղեկություններ տարածելով՝ Ադրբեջանը փորձում է դրանք հակադրել արդեն հաստատված տեղեկություններին այն մասին, որ իր բանակը համալրվում է սիրիացի վարձկաններով, ինչի մասին է գրում նաև արտասահմանյան մամուլը։ Կարող եմ ասել, որ սա բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում», — կարծում է Պողոսյանը։
«Իրաքյան Քրդստանը նավթի գների շուրջ ընթացող գործընթացների համատեքստում ավելացնում է աշխարհաքաղաքական կշիռը։ Թուրքիան ու Ադրբեջանն անհանգստացած են տնտեսական հարթությունում Հայաստանի և Քրդստանի մերձեցմամբ», — կարծում է Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
2. Իրան
Ադրբեջանի լրատվամիջոցներում արշավն ուղղված է նաև Իրանի դեմ, որտեղով իբր անցնում է «տեղափոխման երթուղին»։ Պաշտոնական Թեհրանը դեռևս չի արձագանքել այս նյութերին, քանի որ դրանք պաշտոնական մակարդակով չեն հայտարարվել։
Ինչ վերաբերում է Իրաքյան Քրդստանին, ապա այստեղ հազիվ թե նկատած լինեն այս զրպարտությունները։
• Հուլիսյան սրացումը «սառեցրել է» բանակցային գործընթացը։ Հայ փորձագետներն՝ Ադրբեջանի հետ սահմանին կատարված իրադարձությունների մասին
Ադրբեջանը նոր սադրանքների՞ է պատրաստվում
2020 թվականի սեպտեմբերին Հայաստանում հայտարարեցին աշխարհազորի ստեղծման մասին, որը պետք է ծառայի «հավանական հակառակորդին դիմակայելու համար»։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ի պատասխան հայտարարեց, թե Հայաստանը պատերազմի է պատրաստվում։
Հայաստանի և Ղարաբաղի փորձագետները չեն բացառում, որ Ադրբեջանը ֆոն է նախապատրաստում ինչ-որ սադրիչ գործողությունների համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս խոսել է բանակցային գործընթացի փաստացի դադարեցման մասին։ Հավանական է, այս հայտարարություններով նա ստիպված է արդարանալ այն բանի համար, որ հողերն ազատագրված չեն, իսկ բանակցությունները տապալվել են։
Եվ հայ փորձագետները չեն բացառում, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում Ղարաբաղ ներխուժելու համար։
Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Հասանովը հանձնարարել է հստակեցնել մարտական հաշվարկներն ու համապատասխան կառույցների միջոցով պահուստային ռեսուրսների հավաք կազմամկերպել։
«Տեղեկատվական նախապատրաստություն է կաըարվում․․․Եվ եթե մի բան էլ լինի, «մեղավորներն» ու «պատերազմի վերսկսման համար հիմքերն» արդեն կան։ Ադրբեջանից հնչող հայտարարությունները խոսում են այն մասին, որ մոտ ժամանակներս սահմանին սադրանքների ռիսկը մեծապես կպահպանվի», — կարծում է Աբրահամյանը։
Թուրքիան ռազմաբազաներ է ստեղծում Ադրբեջանո՞ւմ
Հայկական «Լրագիր» պարբերականը չի բացառում, որ արշավն ադրբեջանական մամուլում կապված է այն հաղորդագրությունների հետ, որ Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազաներ է ստեղծում և Սիրայից զինյալներ է տեղափոխում, մասնավորապես, Նախիջևան։
Այս տեղեկությունների ստուգման մասին Կահիրեում Եգիպտոս կատարած այցի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
2020 թ․հուլիսի 12-16-ը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած սրացումից հետո Թուրքիան փորձում է ավելի ակտիվ դիրք զբաղեցնել ոչ միայն ղարաբաղյան կարգավորման հարցում, այլև ողջ տարածաշրջանում։
Մինչ օրս քրդերին և մյուս «երրորդ կողմերին» ղարաբաղյան հակամարտւթյան հարցում «չէին ներգրավում»։ Սակայն այժմ Թուրքիայի թեթև ձեռքով Բաքուն փորձում է հակամարտությանը լայն տարածաշրջանային համատեքստ հաղորդել։
Այնուամենայնիվ, առաջին փորձերը, դատելով լուրջ միջազգային արձագանքի բացակայությունից, հաջողությամբ չեն պսակվում։ Կողքից տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական լրատվամիջոցների վերլուծական մտքի թռիչքին անգամ Ադրբեջանում են թերահավատորեն վերաբերվում։