Ում և ինչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ծրագրերով
Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21 միջոցառում է հաստատել: Դրանք թե սոցիալական, թե տնտեսական բնույթի են: Ծրագրերի մի մասն էլ ուղղված է ստեղծված իրավիճակում զբաղվածության խթանմանը, ուսանողների ուսման վարձերի մասնակի կամ ամբողջական փոխհատուցմանը և կորոնավիրուսի հաղթահարման նորարարական լուծումներ գտնելուն:
Հունիսի սկզբի դրությամբ, հակաճգնաժամային միջոցառումներից օգտված տնտեսվարողների թիվը կազմում է 51 800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1,1 միլիոնը։ Սա պաշտոնական տվյալներ են՝ անձամբ երկրի վարչապետի կողմից։
Մանրամասներ․ ում և ինչ օժանդակություն է տրամադրվում, ինչու են հարուստներն օգտվում դրանից, իսկ կարիքավորները՝ ոչ, աշխատանքային իրավունքների և ծայրահեղ աղքատության վերացման պլանների մասին։
- Հայաստան․ երեք կնոջ պատմություն, որոնք փրկում են իրենց բիզնեսը կորոնաավիրուսից
- Հայաստանի կառավարությունը կօգնի «զրոյից» բիզնես սկսել․ կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ևս մեկ ծրագիր
- Տեսանյութ․ Հայաստանի տնտեսությունը կկարողանա՞ արագ հաղթահարել կորոնավիրուսի համավարակի հետևանքները
Սոցիալական ծրագրերի մասին
Պետությունը հայտարարել է, որ իր մոտեցումն է․ աջակցել այն քաղաքացիներին, ովքեր համավարակի տարածման պատճառով կրել են զգալի նյութական վնասներ, սոցիալապես խոցելի այն ընտանիքներին, որտեղ կան երեխաներ:
- Առաջին ծրագիրը նախատեսված է մինչև 14 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար, որոնք 2020 թ.-ի մարտին, երբ Հայաստանում արտակարգ դրություն հաստատվեց, կորցրել են աշխատանքը: Նրանց ընտանիքում մեծացող յուրաքանչյուր երեխայի համար աջակցությունը կազմում է 100 հազար դրամ:
Այն կստանա 2093 երեխա: Դրա համար նրանց ծնողներն անգամ դիմում գրելու կարիք չունեն: Պետեկամուտների կոմիտեն գործատուներից ստացված հարկային հաշվետվությունների հիման վրա կազմում է շահառուների ցանկը, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն՝ իրականացնում վճարումները:
- Երկրորդ ծրագիրը նախատեսված է մասնավոր սեկտորում աշխատող քաղաքացիների համար, որոնք ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտին: Նրանցից յուրաքանչյուրին պետությունը տրամադրում է աջակցություն՝ նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000 դրամ: Այս ծրագրի շահառուների ընդհանուր թիվը 7,925 է:
- Երրորդ ծրագրի թիրախը հղի կանայք են, որոնց ամուսինները կա՛մ չեն աշխատում, կա՛մ ազատվել են աշխատանքից մարտ ամսին: Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ Հայաստանում այս պահի դրությամբ մոտ 10 հազար հղի կին կա, որոնք կա՛մ միայնակ են և չեն աշխատում, կա՛մ ունեն գործազուրկ ամուսին: Նրանցից յուրաքանչյուրին կառավարությունը տրամադրում է աջակցություն՝ 100 հազար դրամի չափով:
- Չորորդ ծրագիրը նախատեսված է այն քաղաքացիների համար, որոնք աշխատում են տնտեսության առավել տուժած ոլորտներում: Խոսքը հանրային սննդի, զբոսաշրջության, նախակրթարանների, գեղեցկության սրահների, սպորտային դահլիճների և մի շարք այլ ոլորտների մասին է: Այս ծրագրով նախատեսվում է աջակցություն տրամադրել մոտավորապես 96 հազար մարդու:
- Ամենամեծ ծրագիրը նախատեսված է այն երեխաների համար, որոնց ծնոնղները գործազուրկ են: Յուրաքանչյուր երեխայի պետությունը հատկացնում է 26.500 դրամ: Սա աղքատության նվազագույն շեմն է Հայաստանում: Ծրագիրը նախատեսված է ավելի քան 154 հազար երեխայի համար:
Աջակցության մյուս ծրագրերն ուղղված են քաղաքացիների կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցմանը: Դրանցից կօգտվի շուրջ 1 մլն մարդ:
Օգնություն ստացող միլիոնատերերի ու «ստվերում» մնացածների մասին
«Վատ երևույթ է, որ այսօրվա Հայաստանում, այս ճգնաժամային պայմաններում մեկը բանկում 50 միլիոն ավանդ ունի, գալիս գումար [օգնություն] է ստանում․․․ Շատ վատ երևույթ է, որ մտածում են՝ կողքից կասեն, թե՝ լավ, ոչինչ, տարել, տարել են։ Ո՛չ, ոչինչ չի, մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձնեն», — վերջերս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պարզվեց՝ կառավարությունը բացահայտել է, որ սոցիալական աջակցության ծրագրով 26.500 դրամ աջակցություն է ստացել 50 մարդ, որոնց բանկային հաշիվներին եղել է շուրջ 20 մլն դրամ, և 70 մարդ, ովքեր միլիարդից ավելի գումար ունեն:
Այս ծրագրից կարողացել են օգտվել նաև ուժային կառույցների աշխատակիցները, չնայած, որ այն նախատեսված էր բացառապես գործազուրկ անձանց, ամենախոցելի ընտանիքների համար:
Ինչպե՞ս է դա հնարավոր եղել: Բանն այն է, որ այս քաղաքացիները գրանցված չեն հարկ վճարողների տեղեկատվական շտեմարաններում: Ուժային կառույցների ներկայացուցիչների տվյալները գաղտնի են, և չեն անհատականացվում, ուստի նրանց տվյալներն անհնարին է գտնել աշխատող քաղաքացիների ցանկում:
Նիկոլ Փաշինյանի երկրորդ շոկային հայտարարությունն էր․
«Ստվերից դուրս է եկել 87 հազար աշխատող»։
Դա տեղի ունեցավ արտակարգ դրության պայմաններում, երբ իրենց մասին բարձրաձաայնեցին չգրանցված աշխատողները։ Հայկական տնտեսության իրական ստվերի չափը մինչ այս պատկերացնել անգամ հնարավոր չէր: Այս քաղաքացիներն այսօր ամենախոցելին են, նրանց նկատմամբ իրավական պարտավորություն չունի ո՛չ գործատուն, ո՛չ պետությունը:
Ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում աջակցություն ստանալ
- Գրագիտություն, անուշադրություն
Սոցիալական աջակցություն ստանալու համար 55 հազար դիմում մերժվել է՝ քաղաքացիների կողմից իրենց անձնական տվյալները՝ անուն, ազգանունը սխալ նշելու հիմքով:
- Տեղեկատվական շտեմարանների թերիություն
Սոցիալական աջակցության տրամադրումն իրականացվում է բացառապես առցանց տարբերակով: Քաղաքացիների տվյալները համադրվում են մի քանի պետական կառույցների շտեմարանների հետ։ ՊԵԿ-ի կողմից ստուգվում է քաղաքացու հարկատու լինել-չլինելու հանգամանքը, ԱԱԾ-ի կողմից՝ դիմողի Հայաստանում գտնվելու հանգամանքը, ՔԳԱԿ-ի կողմից՝ երեխաների ծննդյան վկայականների ճշտությունը, Առողջապահության նախարարության կողմից՝ կնոջ որպես հղի հաշվառված լինելու հանգամանքը, Բնակչության պետական ռեգիստրի կողմից՝ քաղաքացու հաշվառման առկայությունը: Գերատեսչությունների տվյալների թվայնացումը Հայաստանում նոր երևույթ է, և դրանց համադրումը երբեմն շաբաթներ է տևում:
- Պետություն-քաղաքացի չգրանցված հարաբերություններ
Ստեղծված իրավիճակում բացահայտվեց, որ շատ դեպքերում քաղաքացի-պետություն հարաբերությունները չունեն որևէ իրավական ձևակերպում: Մարդիկ չեն շտապում պաշտոնապես գրանցել իրենց ընտանեկան կարգավիճակը, բնակության հասցեն, հաճախ, անգամ, անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունեն:
Աշխատանքային իրավունքների մասին
Արտակարգ դրության պայմաններում գործատուների կողմից աշխատողների իրավունքների ոտնահարումներն ակնհայտ դարձան: Գործող «Աշխատանքային օրենսգիրքը» չէր սահմանում արտակարգ դրության կամ համավարակի պայմաններում աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները։
Գործող օրենսգիքրը գործատուին թույլ էր տալիս ստեղծված իրավիճակը ձևակերպել որպես «անհաղթահարելի ուժի ազդեցություն» (ֆորս մաժորային հանգամանքներ) և ազատվել բոլոր պարտավորություններից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը արտակարգ դրության հայտարարումից անմիջապես հետո օրենսգրքում փոփոխություններ առաջարկեց: Ազգային ժողովն ընդունեց դրանք:
Այժմ արդեն
- սահմանվում է «հեռավար աշխատանք» հասկացությունը,
- առաջարկվում է հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում աշխատավարձը վճարել ամբողջությամբ,
- հստակեցվում են դեպքերը, երբ՝ անհաղթահարելի ուժով պայմանավորված, գործատուն կարող է չվճարել աշխատողին հարկադիր պարապուրդի համար,
- գործատուի համար նախատեսվում է պարտադիր պահանջ․ աշխատողին տրամադրել իր չօգտագործված արձակուրդը, եթե հնարավոր չէ շարունակել աշխատանքները:
Բիզնեսին տրամդրվող օգնության մասին
Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված տնտեսական ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 150 մլրդ դրամ:
Առաջին տնտեսական միջոցառումը նախատեսված է բարվոք վարկային պատմություն ունեցող տնտեսվարողների համար։
- Անտոկոս վարկեր բիզնեսին․ Հայաստանի կառավարության օգնությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար
- Հայաստան․ ֆինանսական օգնություն նրանց, ովքեր կորոնավիրուսի պատճառով կորցրել են աշխատանքը
Պետությունը առաջարկեց մինչև 50% չափով համաֆինանսավորել այն տնտեսվարողներին, որոնք կդիմեն վարկ ստանալու համար՝
- աշխատակիցների աշխատավարձերի կամ հարկային պարտավորությունների կատարման նպատակով;
- հումքի գնման համար, որի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստի արտադրանք ստանալու համար;
- առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծման դեպքում;
- սարքերի և սարքավորումների, գյուղնշանակության ապրանքների ներմուծման դեպքում, եթե դրանք պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու և արտադրությունն ընդլայնելու նպատակով;
- պարարտանյութ, սերմ, տնկի կամ գյուղատնտեսական նշանակության հումքի ներմուծման դեպքում;
- էլեկտրաէներգիայի, ջրի ու գազի գծով ծախսերի իրականացման համար։
«Առաջարկում ենք ճգնաժամային վարկային պորտֆելներ, որոնց էությունը հետևյալն է․ 50 տոկոսը ֆինանսավորման իրականացնում են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը: Կառավարության տված ֆինանսավորումն անտոկոս է, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների տոկոսները նույնպես սուբիսիդավորում է կառավարությունը։ Այսինքն տնտեսվարողը զրո տոկոսով ստանում է վարկային միջոցներ», — պարզաբանել է վարչապետը։
Աջակցություն է ցուցաբերվում նաև տնտեսության առավել տուժած ոլորտների փոքր և միջին ձեռնարկություններին: Դրանք ստանում են իրենց 2019 թ.-ի իրացման շրջանառության 10 %-ի չափով վարկ: Առաջին 6 ամիսներին վարկի մայր գումարի մարում չի նախատեսվում։ 2 տարի տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս, 3-րդ տարվա ընթացքում՝ 12 տոկոս:
Մեկ այլ ծրագրվ կառավարությունը պատրաստ է աջակցել սկսնակ գործարարներին, որոնք ունեն հետաքրքիր և հեռանկարային գաղափարներ։ Պետությունը բանկերին երաշխիքներ կտրամադրի, որպեսզի նրանք, իրենց հերթին, վարկեր տրամադրեն սկսնակների՝ առավելագույնը 10 միլիոն դրամի չափով։
Տնտեսական բլոկի մյուս ծրագրերը դրամաշնորհային են։ Օրինակ, միանվագ դրամական օգնություն կստանան 2-50 աշխատակից ունեցող կազմակերպությունները: Ծրագրի նպատակն է խրախուսել տնտեսվարողներին պահպանել աշխատատեղերը: Այս միջոցառման շմահառուների թիվը մոտենում է 12 հազարի՝ 1,8 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով:
Աջակցությունը է տրամադրվում նաև միկրոձեռնարկատերերին՝ 2020 թ.-ի առաջին եռամսյակի շրջանառության 10 %-ի չափով:
Այս տնտեսական ծրագրերի շրջանակներում բավարարվել է դիմումների գրեթե 60 տոկոսը։ 40 տոկոսը մերժվել է՝ կառավարության հայտարարած ոլորտային գործունեության թիրախային տեսակներին չհամապատասխանելու պատճառով:
Կանխատեսումներ․ բավարա՞ր է արդյոք աջակցությունը
Միջազգային հեղինակավոր վարկանշային գործակալությունները կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա համեմատում են 2008-ի ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ:
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ COVID-19 համաճարակի ճգնաժամի համատեքստում գլոբալ տնտեսական հեռանկարները կհանգեցնեն Հայաստանի տնտեսության անկմանը մինչև 2,8%: Միևնույն ժամանակ, փարձագետները հուսադրում են: Երկրի տնտեսությունը կարող է հասնել աճի ցուցանիշների արդեն 2021 թ.-ին՝ ապահովելով ՀՆԱ-ի շուրջ 4,9% աճ:
Այս կանխատեսումների և կառավարության ձեռնարկած քայլերի արդյունավետության մասին հնարավոր կլինի խոսել միայն ամիսներ անց: Հայաստնյան փորձագետները համարում են, ոչ ձեռքբերում կլինի անգամ՝ տարեվերջին 0-ական ցուցանիշին հասնելը:
Չնայած հոռետեսական կանխատեսումներին՝ կառավարությունը մտադիր է 2023 թվականին վերացնել երկրում ծայրահեղ աղքատությունը․
«Եթե մեզ հաջողվի այս տեմպով շարունակել, կհաջողվի դա անել: Համենայնդեպս, նախաճգնաժամային շրջանում մենք ունեցել ենք աղքատության ամենացածր պատմական մակարդակը Հայաստանում», — հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: