Հայաստան-Իրան-Ադրբեջան. տրանսպորտային միջանցքների «պատերազմ»: Հայացք Երևանից
Հայաստանում ուշադիր հետևում են իրանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրացմանը։ Մոտ երկու շաբաթ առաջ Թեհրանը սկսել է Ադրբեջանին սահմանակից շրջաններ տեղափոխել լայն սպեկտրի կիրառման ծանր ռազմական տեխնիկա և հայտարարել է զորավարժությունների մեկնարկի մասին։ Լարվածությունն Իրանի և Ադրբեջանի սահմանին մինչ օրս չի նվազել ինչպես տեղեկատվական և հայտարարությունների մակարդակում, այնպես էլ՝ ԶՈւ տեղակայման առումով։
Հայ փորձագետները չեն բացառում, որ Թեհրանի դժգոհության առիթներից կարող էին լինել Հայաստանի հարավով տրանսպորտային միջանցք ստանալու Բաքվի փորձերը։ Իսկ այդ նպատակին հասնելու պարագայում կտուժեն, այդ թվում, Իրանի աշխարհաքաղաքական շահերը, որը կախվածության մեջ կընկնի Թուրքիայից և Ադրբեջանից։
Ստեղծված իրավիճակի վերլուծություն՝ հայկական կողմի տեսանկյունից։
- Հայաստանը բացել է իր օդային տարածքն Ադրբեջանի համա՞ր։ Կարծիքներ Երևանից և Բաքվից
- «Թեհրանն ուշադիր հետևում է»։ Ի՞նչ է լինելու Իրանից Հայաստան բեռնափոխադրումների հետ
- Հարաբերությունների սրացում Ադրբեջանի և Իրանի միջև։ Ի՞նչ է կատարվում
Ի՞նչ է կատարվում Իրանի հյուսիսում
Իր զորավարժությունների մասշտաբների և դրանց նպատակի մասին պաշտոնական Թեհրանը հստակ տեղեկություններ չի տրամադրում։ Ամեն ինչ սահմանափակվում է «անհրաժեշտության դեպքում սահմանները պաշտպանելու պատրաստվածության» մասին ֆորմալ արտահայտություններով։
Սակայն բազմաթիվ տեսանյութերից, որոնք համացանցում տեղադրում են սովորական օգտատերերը, պարզ է դառնում, որ ստորաբաժանումների վերատեղակայումը մասշտաբային է։ Սահման են տեղափոխվում ոչ միայն զորավարժությունների համար ստանդարտ տանկեր և զրահափոխադրիչներ, այլև համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, զենիթային հրթիռային համալիրներ, ինչպես նաև ԱԹՍ-ներ և կառավարվող ավիացիա։
Այս զորավարժություններից հետո իրանա-ադրբեջանական սահմանին և այն տարածքներին մոտ, որոնք 2020 թ․ աշնանը տեղի ունեցած Արցախյան երկրորդ պատերազմից հետո անցել են Բաքվի վերահսկողության տակ, Թեհրանը զորավարժություններ է սկսել նաև Նախիջևանի հետ սահմանի մոտ։
Հատկանշական է, որ այդտեղ զուգահեռ անցկացվում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ։ Այս բոլոր իրադարձությունները Հարավային Կովկասի տարածաշրջանը դարձնում են լարվածության գոտի։
Թեհրանի և Երևանի հայտարարությունները
Զորավարժությունների մեկնարկից մի քանի օր անց Թեհրանում սկսել են խոսել Իրանի սահմանի մոտ «սիոնիստական ռեժիմի» առկայության մասին։ Երկրի իշխանությունը փաստացի բացահայտ մեղադրում է Բաքվին, որ Ադրբեջանն Իսրայելի պլացդարմն է դարձել։
«Մենք հասկանում ենք Ադրբեջանում ստեղծված իրավիճակը, և մեզ հայտնի են օտարերկրյա միջամտությունները, այդ թվում՝ երկրում սիոնիստների և ահաբեկիչների առկայությունը։ Մենք անհանգստացած ենք, որ ապագայում դա խնդիր է դառնալու Բաքվի համար», — մասնավորապես, ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
Սակայն Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների վատթարացումը սկսվել է ավելի վաղ, երբ Բաքուն Թեհրանին մեղադրել է Արցախին ուղիղ մատակարարումների համար։
Այս հիմնավորմամբ Ադրբեջանը ոստիկանական և մաքսային անցակետեր է տեղադրել հայկական Գորիս և Կապան քաղաքները կապող ճանապարհի հատվածներից մեկում, որն անցել է նրա վերահսկողության տակ Արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Եվ իրանցի վարորդներից սկսել են մաքսատուրք պահանջել ադրբեջանական սահմանը հատելու համար։
Այդտեղ էլ հենց կալանավորել են երկու իրանցի վարորդի, նրանք մեղադրվել են սահմանի ապօրինի հատման համար։ Իսլամական Հանրապետությունն, իհարկե, դատապարտել է իր վարորդների կալանավորումն Ադրբեջանի կողմից։
Սակայն Բաքուն փաստացի վերահսկում է գլխավոր կոմունիկացիան, որը Հայաստանը կապում է Իրանին։
Եվ այժմ Հայաստանի իշխանությունն արագացված տեմպերով կառուցում է Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհը։ Այն պետք է պատրաստ լինի այս տարեվերջին։ Իրանական կողմն արդեն հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել այդ նախագծի իրականացմանը։
Հայաստանում պաշտոնական մակարդակում, բնականաբար, ոչ մի կերպ չի մեկնաբանվում Իրանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը, սակայն բավականին հատկանշական հայտարարություններ են հնչում։ Իրանական զորավարժությունների և Թեհրանի ու Բաքվի միջև հարաբերությունների սրման ֆոնին Իրան է այցելել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Այնտեղ նա, մասնավորապես, բողոքել է, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի կետերը և փաստացի նոր պահանջներ է առաջ քաշում։ Խոսքն, առաջին հերթին, Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքի մասին է, որը կմիացնի Թուրքիան ու Ադրբեջանը վերջինիս էքսկլավ Նախիջևանի հետ։
Միրզոյանը Թեհրանում կրկնել է այս հարցին հայկական իշխանության մոտեցումը․ Ադրբեջանը Հայաստանի տարածքով չի ստանալու ճանապարհ, որը Երևանի վերահսկողության տակ չէ։
Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է տարածաշրջանային ճանապարհների ապաարգելափակմանը, սակայն միակողմանի զիջումների չի գնա։
Հայաստանի վարչապետը մեկ անգամ չէ, որ խոսել է այն մասին, որ Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունում խոսքը գնում է տարածաշրջանում կոմունիկացիաների ապաարգելափակման մասին, սակայն փաստաթղթում խոսք չկա որևէ միջանցքի մասին։
«Այս այցը և մեր խոսակցությունը վերաբերել է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլ նաև տարածաշրջանային նշանակություն է ունեցել և շատ կոնկրետ համատեքստ։ Ես ուզում եմ կրկին ողջունել ԻԻՀ դիրքորոշումը մեր սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ և ընդհանրապես այն բոլոր դրական ազդակները, որոնք մենք ստանում ենք այս առնչությամբ։ Անշուշտ խոսել ենք նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Այսինքն, ըստ էության, այդ խոսակցության բացակայության վերաբերյալ։ Մենք փաստել ենք, որ չկա այդպիսի թեմա և չի կարող լինել այդպիսի թեմա», — Իրան կատարած այցից հետո ասել է Արարատ Միրզոյանը։
Միաժամանակ Հայաստանն ու Իրանն ակնհայտորեն ակտիվացրել են շփումները երկու երկրները կապող տրանսպորտային ճանապարհների մասով։ Վերջին պաշտոնական հաղորդագրություններում կրկին խոսվել է «Պարսից ծոց – Սև ծով» նախագծի համատեղ իրականացման մասին, որն Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով պետք է Հնդկաստանի և Չինաստանի համար դառնա ելք դեպի եվրոպական շուկա։
Ինչ սպասելիքներ կարող է ունենալ Երևանը
Խոսելով այն պատճառների մասին, որոնք Թեհրանին ստիպել են զգալիորեն խստացնել հռետորաբանությունը Բաքվի հասցեին, հայ փորձագետները, նախևառաջ, նշում են պատերազմի հետևանքով Արցախում ստատուս քվոյի փոփոխությունն ու Իսրայելի դերակատարությունն այդ գործընթացներում։ Բաքուն ու Թել Ավիվն ավելի քան տասը տարի սերտորեն համագործակցում են ռազմական ոլորտում։
Իսրայելը ոչ միայն իր ԱԹՍ-ներն է վաճառում Ադրբեջանին, այլև այդ երկրում ԱԹՍ-ների որոշ տեսակների համատեղ արտադրություն է հիմնել։ Իրանը փաստացի դժգոհում է նրանից, որ Ադրբեջանի տարածքում իսրայելցի ռազմական մասնագետներ կան։
Թեհրանը դժգոհ է նաև Իրանը Հայաստանից կտրելու Բաքվի փորձերից։ Այն փաստը, որ Ադրբեջանն իր վերահսկողության տակ է առել Գորիս-Կապան մայրուղու որոշ հատվածներ, փաստացի նշանակում է, որ ցանկացած պահի նա կարող է կաթվածահար անել երթևեկությունն այդ ճանապարհով։
«Հայաստանը պետք է բացառի ցանկացած տարբերակ, որը կարող է շրջափակում ենթադրել։ Ցանկացած ճանապարհ, որն անցնելու է Հայաստանի տարածքով, պետք է Հայաստանի վերահսկողութան տակ լինի։ Երկրորդ հերթին, Երևանը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի շարունակի գործել Իրան-Հայաստան-Վրաստան ուղղությունը, որը Հայաստանին կոմունիկացիոն նոր հնարավորություններ է տալիս», — նշում է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը։
Հայաստանը պետք է կարգի բերի իր լոգիստիկան և նոր ճանապարհներ կառուցի, վստահ են մասնագետները։ Մոտակա տարիներին երկիրը կսկսի իրականացնել «Հյուսիս-Հարավ» մասշտաբային նախագծի երկրորդ մասը։ Այդ ճանապարհն Իրանը կկապի Վրաստանի հետ։ Ճանապարհի հյուսիսային հատվածը մեծ մասամբ կառուցված է։ Մնացել է ամենամասշտաբային և աշխատատար հատվածը՝ հարավայինը։ Այդ հատվածի շինարարության համար 600 մլն եվրո ֆինանսավորում Երևանին կտրամադրի Եվրամիությունը։
Այս ֆոնին Իրանում սկսել են խոսել «Կովկասյան տրանսպորտային միջանցքի» մասին, որն անցնելու է Հայաստանի և Վրաստանի տարածքով։
«Այդ եզրը ոչ միայն հենց միջանցքի, որքան այն մասին է, որ Իրանը պատրաստվում է Կովկաս մտնել բացառապես Հայաստանով՝ շրջանցելով Բաքուն ու Անկարան։ Այդպես իրանական կողմը նաև ընդգծում է Երևանի կարևոր դերն իր մատակարարումների դիվերսիֆիկացման համար», — նշում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։
Իրանը, փաստացի, առաջին երկիրն է տարածաշրջանում, որը բացահայտ հասկացնում է, որ դեմ է Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրանսպորտային միջանցքի տրամադրմանը։
Հատկանշական է, որ այս օրերին Իրանի արտգործնախարարն այցելել է Մոսկվա, որտեղ բանակցել է իր ռուսաստանցի գործընկերոջ հետ և կրկին հայտարարել իր սահմանների մոտ «սիոնիստական ռեժիմի» առկայության անընդունելիության մասին։
Չնայած Թեհրանի որոշակի ազդակներին՝ Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական բախման սպասել չարժե, վստահ են հայ փորձագետները։ Իսկ եթե այդպիսի բան տեղի ունենա, ապա դա կարող է աղետալի սցենար լինել ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար։