Հայաստանի հավաքականը պարտվեց Թուրքիային, բայց ծափահարությունների արժանացավ
Հայաստան – Թուրքիա խաղը Երևանում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համար Թուրքիայի հետ հանդիպման նշանակությունը գերագնահատել անհնար էր։ Մրցակիցն ուժեղ էր, իսկ հայ ֆուտբոլասերներն ու նույնիսկ ֆուտբոլով չհետաքրքրվողները այս խաղում միայն հաղթանակ էին ակնկալում թիմից։ Հաղթել չհաջողվեց, հայկական ընտրանին 2 : 1 հաշվով զիջեց մրցակցին։ Բայց հանդիպումը հագեցած էր գեղեցիկ պահերով։ Հայաստանի հավաքականն ու իր նոր գլխավոր մարզիչը՝ Ալեքսանդր Պետրակովը, իրենց լավագույնս դրսևորեցին։ Երկրպագուները գոհ էին, նրանք ծափահարություններով ճանապարհեցին ֆուտբոլիստներին՝ գնահատելով նրանց արժանի դիմակայությունը։
Հայաստան – Թուրքիա խաղի առանձնակի կարևորությունը հայկական հասարակության համար պայմանավորված է երկու երկրների բարդ հարաբերություններով։ Ենթադրաբար, հենց այս պատճատով ՈւԵՖԱ-ի որոշմամբ թուրք երկրպագուներին թույլ չտրվեց ներկա գտնվել Երևանում անցնող հանդիպմանը։
1991թ.-ին Թուրքիան ճանաչել է Հայաստանը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել: 2020 թվականից հետո սկսվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը դեռ մեծ առաջընթաց չի արձանագրել։
Ֆուտբոլային հավաքականների հանդիպումն այս պայմաններում հայ հասարակության մոտ ասոցացվում էր նախորդ նման փորձի հետ, որը ստացել էր «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։ Խոսքը 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին կայացած Հայաստան – Թուրքիա խաղի մասին է։ Այն ժամանակ Երևան ժամանեց Թուրքիայի այդ տարիների նախագահ Աբդուլլահ Գյուլը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ նրանք դիտեցին երկու երկրների ֆուտբոլային հավաքականների խաղը: Հենց այս այցելությամբ սկսվեց «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանունը ստացած գործընթացը:
Դրանից մեկ տարի անց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններ ստորագրվեցին, որոնք այդպես էլ չվավերացվեցին։ 2009 թ.-ի դեկտեմբերին Անկարան հայտարարեց, որ չի վավերացնի դրանք՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման։ Հայկական կողմն ի պատասխան հայտարարեց, որ արձանագրությունները պետք է վավերացվեին առանց նախապայմանների, և 2010թ.-ին որոշում կայացվեց կասեցնել փաստաթղթերի վավերացումը:
Հանդիպման մանրամասները և լուսանկարներ երևանյան խաղից։
- Հենրիխ Մխիթարյան․ հեռանալ առանց «հրաժեշտի հանդիպման»
- «Ջերմացումը դեռևս ժամանակավոր է». կարծիք հայ-թուրքական հարաբերությունների մասին
- Հայաստան-Թուրքիա՝ սահմանը փակ կմնա. Երևանը չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները
- «Հումանիտա՞ր, թե՞ անտրամաբանական քայլ»․ Հայաստանի աջակցությունը Թուրքիային
Առանձնահատուկ վերաբերմունք մի խաղի նկատմամբ
Թուրքիայի ընտրանու հետ խաղը դուրս էր մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքերի, միավորների կամ առաջին հորիզոնականը գրավելու տրամաբանությունից։ Խաղի շուրջ աժիոտաժն այն աստիճան մեծ էր, որ զուգահեռ կարելի է անցկացնել միայն եվրոպական խոշոր հավաքականների դեմ դիմակայությունների հետ։
ԵՎՐՈ 2024-ի նախընտրական խմբային փուլի առաջին տուրի խաղին նախորդեց ազգային ընտրանու ամենանվիրյալ երկրպագուների ֆայեր շոու-քայլերթը, իսկ ստադիոնը դեռ հանդիպումը չմեկնարկած արդեն լեփ-լեցուն էր երկրպագուներով։
Ավելի քան 14 հազարանոց «Հանրապետական» ստադիոն, չմարող կրքեր ստադիոնի հարևանությամբ, հազարավոր անտոմս երկրպագուներ, որոնք մինչև վերջին պահը հավատում էին, որ կհայտնվեն տրիբունաներում։
Խաղի մեկնարկային րոպեները կարծես անակնկալի էին բերել Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստներին։ Որքան էլ թուրք բազմափորձ ֆուտբոլիստները սովոր են բազմահազար երկրպագուներով ստադիոնների, այդուհանդերձ, նրանք իրենց խաղը չէին կարողանում գտնել առաջին 20 րոպեների ընթացքում։
Դրանից Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն օգտվեցին՝ մի քանի արագ հակագրոհներ կազմակերպելով։ Դրանցից մեկի ժամանակ էլ գրանցվեց խաղի առաջին գոլը։ Կամո Հովհաննիսյանի եզրային փոխանցումից հետո սեփական դարպասը գրավեց Օզան Կաբակը։
Այս գոլից հետո էլ Հայաստանի հավաքականի հարձակման գծի ֆուտբոլիստները շարունակում էին ճնշման տակ պահել Թուրքիայի ընտրանու պաշտպաններին։
Գերմանացի մասնագետ Շտեֆան Կունցի տղաներն իրենց խաղը վերգտան միայն առաջին խաղակեսի միջնամասում, հատկապես այն դրվագից հետո, երբ վնասվածք ստացավ և խաղադաշտից հեռացավ Տարոն Ոսկանյանը։
Պաշտպանական գծի վերադասավորումից Թուրքիայի հավաքականն անմիջապես օգտվեց։ Օրկուն Կյոկչուն դիպուկ հարվածով վերկանգնեց հաշվի հավասարությունը։ Պետք է նաև ընդգծել, որ առաջին կեսում կողմերն անընդհատ գնում էին կոշտ պայքարի և դա աննկատ չանցավ։ Մրցավարը հինգ անգամ դիմեց դեղին քարտի օգնությանը՝ հայկական ընտրանուն պատժելու նպատակով, ևս չորս անգամ զգուշացվեցին Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները։
Թուրքերի համար ծանր էր նաև երկրորդ խաղակեսի մեկնարկը, և գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը միանգամից երկու փոխարինում կատարեց։ Ակնհայտ էր, որ երկու կողմերն էլ փորձելու են օգտագործել իրենց լավագույն կողմերը և առաջ անցնել հաշվի մեջ, ինչը ստացվեց Թուրքիայի հավաքականի մոտ։
Նման խաղերում վճռորոշ են դառնում մանր դրվագներն ու պարզ սխալները․ դաշտի կենտրոնական հատվածում շարքային տուգանայինի արագ խաղարկումն անակնկալ էր Հայաստանի հավաքականի պաշտպանների համար, որոնք չկարողացան արձագանքել Քերեմ Ակթուրքօղլուի արագացմանը։ Վերջինը դիպուկ էր` 2:1 հօգուտ Թուրքիայի և մնացած ժամանակահատվածը բավարար չեղավ Ալեքսանդր Պետրակովի տղաների համար, որոնք փորձում էին ամեն կերպ փրկել խաղը։
Երկրպագուներն ըմբռնումով արձագանքեցին պարտությանը և ծափահարություններով ճանապարհեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին։ Եզրափակիչ սուլիչից հետո նրանք կարծես ուժասպառ ընկան «Հանրապետականի» խոտածածկին։ Հավանական է, ավելի շատ էմոցիոնալ հոգնածությունից։
Պետք է ընդգծել, որ Թուրքիայի ընտրանու ներկայացուցիչները ևս համեստ էին իրենց հաղթանակը տոնելիս թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։ Լրագրողների հետ հանդիպման Mixed Zone տանող ճանապարհին, որն անցնում է կողմերի հանդերձարաններ գնացող հատվածով, լռություն էր՝ տպավորությունն այնպիսին էր, կարծես երկու կողմերն էլ պարտվել են։
Մրցաշարի շրջանակներում այս թիմերը պետք է ևս մեկ հանդիպում անցկացնեն՝ արդեն Թուրքիայում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստան – Թուրքիա խաղը Երևանում