Հայաստան. թատրոնի բեմում ղարաբաղյան պատերազմն է՝ իրական պատմությունների արտացոլանքով

«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացում, լուսանկարը՝ Bravo.am-ի:

«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացում, լուսանկարը՝ Bravo.am-ի:

«Ճերմակ արագիլներ» ներկայացման պաստառ:

«Ճերմակ արագիլներ» ներկայացում, լուսանկարը` Tert.am-ի:

«Ճերմակ արագիլներ» ներկայացում, լուսանկարը` Tert.am-ի:

«Ճերմակ արագիլներ» պիեսի հեղինակ և բեմադրող-ռեժիսոր Արա Երնջակյան, լուսանկարը` Photolure-ի:

«Արծվաբույն» ներկայացման պաստառ:

«Արծվաբույն» ներկայացում, լուսանկարը` Tert.am-ի:
Պատերազմից 25 տարի անց թատրոնում խախտվեց լռությունը և վերջին մեկ տարում գրեթե միաժամանակ բեմադրվեց 3 ներկայացում` հիմնված ղարաբաղյան հակամարտության ընթացքում տեղի ունեցած իրական դեպքերի և մարդկային պատմությունների վրա: Թատրոնի լռությունը խախտողը «ապրիլյան պատերազմն» էր:
1994-ին հակամարտության շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև կնքված հրադադարի համաձայնագրից հետո, 2016թ. ապրիլի 2-ի գիշերվա և հաջորդ չորս օրերի զինված բախումները աննախադեպ էին իրենց ծավալով: Հայաստանում այդ ժամանակահատվածը անվանում են ապրիլյան քառօրյա պատերազմ, որի ընթացքում երկու կողմից էլ եղան հարյուրավոր զոհեր

«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացում, լուսանկարը՝ Bravo.am-ի:
«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը, որի պրեմիերան տեղի ունեցավ 2017թ. ապրիլին «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի բացմանը, դերասանուհի և բեմադրող-ռեժիսոր Նարինե Գրիգորյանի ընտանիքի իրական պատմությունն է: Գերի ընկած հայր, պատերազմ, մանկության հիշողություններ…
Դերասանուհին հիշում է, որ 1989-ին ութ տարեկան էր, երբ ողջ ընտանիքով Հայաստանից տեղափոխվեցին Ղարաբաղ:
1991-ին դերասանուհու հայրը գերի է ընկնում Շուշիում: Նարինե Գրիգորյանը պատմում է, որ շուրջ մեկ ամիս գերության մեջ մնալուց, «բռնությունների, ծեծի և դաժանությունների» ենթարկվելուց հետո, հայրը փրկվում է ադրբեջանցի բժշկի օգնությամբ ու վերադառնում տուն:
Դերասանուհի Նարինե Գրիգորյանը հայրիկի՝ Կարլեն Գրիգորյանի հետ, մանկության տարիներին, 1990 թ:
Ներկայացումը զրույց է հանդիսատեսի հետ, պատմություն հոր գերության, ղարաբաղյան պատերազմում ծավալվող դեպքերի և առօրյա կյանքի մասին 11-ամյա աղջնակի աչքերով:
«Ներկայացման ընթացքում ես կիսվում եմ իմ հիշողություններով ու պատմում, թե ինչպես է երեխան պատերազմը ընկալել որպես խաղ, քանի որ հայրս մեր պատերազմական մանկությունը դարձրել էր խաղ, մեզ զբաղեցնում էր բազմաթիվ տրամաբանական խնդիրներ տալով ու անեկդոտներ պատմելով, որպեսզի չզգայինք պատերազմի ողջ դաժանությունը»,-հիշում է դերասանուհին:
Բեմադրությունը, որի համահեղինակը Սառա Նալբանդյանն է, փորձ է ներկայացնելու այն սերնդի պատմությունը, հիշողություններն ու զգացողությունները, որը վերապրել է ղարաբաղյան պատերազմը իր մանկության շրջանում:
Նարինե Գրիգորյան, դերասանուհի
«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը դերասանուհին այս տարի խաղացել է նաև Ղարաբաղի Շուշի քաղաքի պետական դրամատիկական թատրոնի բեմում:
Ռեժիսոր, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը այս վավերագրական ներկայացումը որակում է` որպես համամարդկային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող գործ:
«Ներկայացումը բերում է իր հետ մի շատ կարևոր թեզ, որ բոլոր պայմաններում կարելի է մարդ մնալ, և մարդիկ` անկախ ազգությունից, անկախ տարիքից, անկախ սեռից, մշտապես այդ ընտրության առջև են կանգնած. մարդ կմնա՞ս, թե՞ կգտնես ինչ-որ պատճառներ անմարդկային գործողություններ կատարելու։ Ներկայացումը առանց ավելորդ պաթոսի, շատ անկեղծ խոսակցություն է և դրանով է գրավում»,-ասում է Բաբայանը:
Ռուբեն Բաբայան, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
Ռուբեն Բաբայանը կարծում է, որ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացումը և ընդհանրապես համամարդկային արժեքների վրա հիմնված գործերը կարող են օգնել հայերին ու ադրբեջանցիներին «լեզու գտնել» միմյանց հետ, երկխոսել կամ գոնե փորձ անել:
«Մենք գիտենք ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հայտնի վեպը՝«Քարե երազները», որի համար հեղինակը ահավոր քարկոծվեց, բայց դա նույնպես հումանիստական մոտեցում էր: Այն ամուր և ճիշտ հիմունքների վրա կառուցված վեպ էր, ու կարծում եմ, նման գործերը, նման ներկայացումները կարող են միայն ու միայն օգնել մեզ»,-հավելում է Բաբայանը։

«Ճերմակ արագիլներ» ներկայացում, լուսանկարը՝ BlogNews-ի:
2016թ. մայիսին Երևանի կամերային պետական թատրոնում բեմադրված «Ճերմակ արագիլներ» ներկայացումը պատմում է հենց «ապրիլյան պատերազմի» մասին և նվիրված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին: Ներկայացման ընթացքում դերասաններն արտասանում են բոլոր զոհերի անունները:
Գաղափարը առաջացել է ապրիլյան բախումների օրերին: «Ճերմակ արագիլներ» պիեսը գրել և բեմադրել է Երևանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, ով մամուլով հայտարարել էր, որ ներկայացման ամբողջ հասույթը մտադիր են փոխանցել զոհված զինվորների ծնողներին:
«Մենք պարտավոր էինք արձագանքել ապրիլյան դեպքերին և ցույց տալ մեր վերաբերմունքը: Ներկայացումը բաղկացած է մի քանի մասից: Առաջին մասը վերաբերում է Ադրբեջանի պահվածքին և հանրությանը, երկրորդ մասը`Եվրոպայի ու Ամերիկայի արձագանքին` ուղղված ապրիլյան դեպքերին և ընդհանրապես ղարաբաղյան հակամարտությանը, երրորդ մասը վերաբերում է Ռուսաստանի պահվածքին, որը ներկայացման մեջ դիտարկվում է` որպես դավաճանություն։ էմոցիոնալ և մեղադրական տեքստեր են` ուղղված այս բոլոր երկրներին ստեղծված իրավիճակի համար: Այդ օրերին ուրիշ վերաբերմունք չէր էլ կարող լինել»,-ասում է Երնջակյանը:
2017-ին «Ճերմակ արագլիներ»-ը ժամանակավորապես հանվել է թատրոնի խաղացանկից: Ռեժիսորը մեկնաբանում է, որ այն շատ հուզական էր, հանդիսատեսը չափազանց խորն էր վերապրում և հարկավոր էր մի փոքր դադար տալ:
«Արծվաբույն» ներկայացում, մեջտեղում դերասան Լեռնիկ Հարությունյանն է: Լուսանկարը՝ Tert.am-ի:
2017թ. փետրվարին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Արծվաբույն» ներկայացման պրեմիերան, որը Ղարաբաղյան պատերազմի և անկախության 25 տարիների մասին է:
Ներկայացումը բեմադրվել է Հրաչ Բեգլարյանի համանուն պիեսի հենքի վրա, ռեժիսորն է Դավիթ Հարությունյանը:
«Արծվաբույն»-ը շարունակում է մնալ թատրոնի խաղացանկում. ներկայացումները խաղում են լեփ լեցուն դահլիճում: Հյուրախաղերով ներկայացումը շրջել է նաև Ղարաբաղում և ՀՀ մարզերում:
Դեպքերը տեղի են ունենում Ղարաբաղի սահմանամերձ Քարակապ գյուղում, որտեղ ընթանում են մարտեր: Գլխավոր հերոսուհին է 80 տարեկան Ամայ մայրիկը: Նրա աչքի առջև են վիրավորվում ու զոհվում երիտասարդները:
Դերասան Լեռնիկ Հարությունյանը ներկայացման մեջ մարմնավորում է տավուշեցի հրաձիգ Մարգարի կերպարը, ով վերջում նույնպես զոհվում է:
«Ինչքան էլ տրտնջանք ու բողոքենք, միևնույն է, պահը որ եկավ, մենք ամուր կանգնած ենք մեր հողին, մեր սահմանին: Այդ հայրենասիրական ուղերձն է հենց փոխանցում ներկայացումը հանդիսատեսին»,-ասում է Լեռնիկ Հարությունյանը:
Թատերագետ Տիգրան Մարտիրոսյանն ընդգծում է, որ անհրաժեշտություն կա ղարաբաղյան հակամարտության մասին ներկայացումներ բեմադրելու, բայց այլ խնդիրը է, թե ինչպես է այն մատուցվում հանդիսատեսին:
Թատերագետ Տիգրան Մարտիրոսյան, լուսանկարը՝ անձնական արխիվից:
Անդրադառնալով «Արծվաբույն» ներկայացմանը` թատերագետը կոշտ քննադատություն է հնչեցնում թե՛ ռեժիսորական աշխատանքին, թե՛ գրական հենքին:
«Երբ թատրոնը նպատակ է դնում քարոզ անելու, հենց այդտեղից սկսվում է գավառամտությունը: Դու նայում ես ու չես հավատում կատարվածին, գործողություններին, դա դեմոնստրատիվ պաթոս է, պսեվդոհայրենասիրություն»,-ասում է Տիգրան Մարտիրոսյանը:
Վերլուծելով Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը` թատերագետը այն դրական է գնահատում մի քանի կետով:
«Նարինե Գրիգորյանն իր խաղում այդ անկեղծության խնդիրը չունի: Նա առավելապես թատերային խառնվածքի դերասանուհի է, բայց իրապատումային գրական հիմքը թատերական ներսուզումների գնալու ինքնախաղային հնարավորություն է ընձեռում: Եվ ասածս ցայտուն կերպով դրսևորվում էր. «Որովհետև ինքն իմ պապան է…» նախադասությունն արտաբերելու խաղաձևում: Զսպված դրամատիզմով էմոցիոնալ թափն ու խորությունը մեկտեղելու փայլուն օրինակ էին այդ ակնթարթները, առավել ևս, որ դերասանուհին ատելությամբ չի ներկայացնում պատմությունը: Ավելին` նույնիսկ ինքնահեգնանքի տարրեր է մտցնում, օրինակ`տան մաքրության տեսարանը, երբ հերոսուհին ասում է. «Տեսնես ու՞մ համար ենք մաքրում, թուրքերի՞»: Սա ինքնահեգնանաքի ամենամեծ դրսևորումն է և կարելի է ասել կաշառում է հանդիսատեսին: Դրանով նա հանդիսատեսի հոգեկանը վնասակար լարման մեջ չի դնում, չէ որ տևական ատելությունը վնասում է մարդու ներաշխարհը»,-եզրափակում է թատերագետը: