Հայաստանում ապօրինի որդեգրումների հետքերով. առասպելներն ու իրականությունը
Արդեն 4 ամիս է, ինչ Հայաստանում չեն դադարում սարսափելի պատմությունները՝ ապօրինաբար որդեգրված երեխաների, նրանց արտասահմանցիներին վաճառելու մասին: Առավել զարհուրելի էր լրահոսի մեջ հայտնված կասկածն այն մասին, թե երեխաներին, միգուցե, որդեգրել են՝ օրգանները վաճառելու նպատակով։
Հարուցվել է քրեական գործ, դրան զուգընթաց ավելանում են հնարավոր զոհերն ու կասկածյալները, իսկ իրականությանը միահյուսվում են առասպելական մանրամասները:
Այս պահին հրապարակման ենթակա տեղեկատվությունը՝ զգացմունքային դաշտից դուրս։
Ինչի՞ց սկսվեց ամենը
Այն մասին, որ Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների որդեգրման գործընթացը «մաքուր» չէ, խոսվել է տարիներ շարունակ: Խոսվել է նաև հատուկ «գնացուցակի» մասին՝ առողջ, թեթև առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաներին որդեգրելու համար:
• Մայրը պահանջում է վերադարձնել հնգամյա որդուն, որին իրենից խլել են ծննադտնից դուրս գրվելիս
• Հաշմանդամություն ունեցող երեխաների մասին՝ սեփական և որդերգրված
Խնդրի լուծման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկվեցին միայն 2019 թ.-ի վերջին, երբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկսեց ուսումնասիրել իրականացված որդեգրման դեպքերը:
Միայն 2016-2018 թթ.-ին տեղի ունեցած միջազգային որդեգրումների մեջ վերհանվեցին 30 կասկածելի գործեր, որոնք անմիջապես ուղարկվեցին Ազգային անվտանգության ծառայություն:
Կասկածների համար հիմք էին դարձել երեխաների անձնական գործերում տեղ գտած ակնհայտ անճշտությունները։ Բացի դրանից որդեգրման գործընթացի հետ կապված տարբեր պետական կառույցների վիճակագրական տվյալները խիստ տարբերվում էին։ Համայնքապետարանների, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արդարադատության նախարարությունների ունեցած տվյալներում շեղումները հասնում էին տասնյակների:
[su_quote]
Որդեգրման ենթակա բոլոր երեխաների տվյալները հավաքագրվում, մշակվում և պահվում են «Մանուկ» համակարգում: Ըստ գործող կարգի՝ այստեղ գրանցված երեխաների տվյալները նախ հասանելի են դառնում Հայաստանի քաղաքացիների համար, որոնք ցանկանում են երեխա որդեգրել: Միայն երեք ամիս անց, երբ տվյալ երեխայի նկատմամբ հետաքրքրություն չի ցուցաբերում տեղացիների կողմից, նրա տվյալները հասանելի են դառնում արտասահմանցիների համար:
[su_quote]
Ինչո՞ւ են երեխաները հայտնվել արտասահմանում
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածը սահմանում է. օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ հնարավորություն չկա այդ երեխաներին Հայաստանի տարածքում մշտապես ապրող, ՀՀ քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին իրենց ազգականների կողմից որդեգրելու:
Այսինքն երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելիս՝ պետությունն իր վրա պարտավորություն է վերցնում հաշվի առնել նրա էթնիկական ծագումը, կրոնական ու մշակութային պատկանելությունը, մայրենի լեզուն: Սա ըստ օրենքի, սակայն իրականությունն այլ է:
«Որպես կանոն, Հայաստանի քացաքացիները հաշմանդամություն ունեցող երեխաների չեն որդեգրում, իսկ մանկատներում, հիմնականում, հայտնվում են հենց նրանք: Այսօր Հայաստանում գործող 5 մանկատներում կա 611 երեխա, նրանց 70 %-ը հաշմանդամություն ունի», — ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
[su_quote]
Այս պահին Հայաստանից երեխա որդեգրելու համար հերթագրված են 163 ՀՀ քաղաքացիներ և 62 օտարերկրացիներ:
Վերջին 10 տարիներին Հայաստանի մանկատներից որդեգրվել է 769 երեխա, նրանցից 389-ը՝ ՀՀ քաղաքացիների կողմից, 385-ը՝ օտարերկրացիների:
Հայաստանցիների կողմից որդեգրված երեխաներից միայն 6-ը հաշմանդամություն ունեն, օտարերկրացիների կողմից որդեգրված երեխաներից՝ 122-ը՝ գոնե փաստաթղթերով:
[su_quote]
Որդեգրման պատմթյունները ուսումնասիրող մասնագետներին այս թվերը տարօրինակ էին թվացել։ Դրանց ոչ շատ արժանահավատ լինելու վրա Հայաստանի իշխանությունների ուշադրությունը դեռ 2015 թ.-ին հրավիրել էր Երեխաների վաճառքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մոդ դե Բյոր-Բուքիքիոն․
«Որդեգրման գործընթացներում կատարվող իրավախախտումները, որոնք ներառում են նաև անօրինական որդեգրման նպատակով երեխաների վաճառքի դեպքեր, շարունակում են մնալ հիմնական մտահոգությունը երկրում։ Որդեգրումը, մասնավորապես, միջպետական որդեգրումը, պետք է լինի միայն վերջին միջոցը»։։
Սակայն այս հայտարարությունը պատշաճ ուշադրության չէր արժանացել:
Հետաքննության մասին
2019 թ.-ի նոյեմբերի 14-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, համաձայն որի Հայաստանում 2 տարիների ընթացքում արտասահմանցիների կողմից երեխաների որդեգրման 30 ապօրինի գործարք է իրականացվել:
Գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց երեք մարդու՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, նրա տեղակալ Արշակ Ջերջերյանին և «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին:
Ավելի ուշ, նրանց նկատմամբ կիրառված կալանքի որոշումը փոփոխվեց, սակայն արդեն 2020 թ.-ի հունվարի վերջին մանկատան տնօրենը կրկին կալանավորվեց:
Ուսումնասիրելով 2016-2018 թթ.-ին ՀՀ մանկատներից որդեգրումների հիմնական պատկերը պարզ է դառնում, որ ամենամեծ թվով երեխաներ որդեգրվել են հենց Լիանա Կարապետյանի ղեկավարած հաստատությունից:
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտին» շուրջ կասկածներն ի հայտ են եկել այն պատճառով, որ այստեղ գործել է բաժանմունք, ուր ծննդաբերել են, այսպես կոչված, խոցելի կանայք։ Խոսքը չհետազոտված, սեռավարակներով կամ 9 ամիս հղիությունը թաքցնելուց հետո ծննդաբերության եկած կանանց մասին է։
Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ այստեղ մայրերին հակել են հրաժարվել իրենց երեխաներից։
[su_quote]
Ըստ այդմ՝ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ից 2016 թ.-ին արտասահմանցիների կողմից որդեգրվել է 30 երեխա, տեղացիների կողմից՝ 4, 2017 թ.-ին արտասահմանցիները որդեգրել են 21 երեխայի, տեղացիները՝ 12, իսկ 2018 թ.-ին այս հաստատությունից արտասահմանցիների կողմից որդեգրվել է 17 երեխա, տեղացիների կողմից՝ 12:
[su_quote]
Միֆեր, որ եկան փոխարինելու իրականությանը
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը երեխաների մասին է, իսկ որդեգրման գործընթացը գաղտնիություն է պահանջում, պատկան մարմիններն աշխատում են չհրապարակել որևէ տեղեկություն, որը կարող է վնասել գործի լիարժեք բացահայտմանը:
Հենց այս տեղեկատվական վակումի պատճառով էլ մեդիան հանրային դիսկուրսի դաշտ է բերում բոլորովին այլ պատմություններ և դեպքեր, որոնք նշյալ գործի հետ որևէ կապ չունեն:
Վաճառված երեխաների վերաբերյալ լրագրողական նյութերի հիմնական աղբյուրը «Հայոց մայրեր» խումբն է, որը միավորել է այն կանանց, ովքեր համոզված են, որ իրենց երեխաներին տարբեր տարիների վաճառել են ծննդատներում՝ նրանց մահացած ներկայացնելով:
Խմբի համախմբող Հայկուհի Խաչատրյանն առաջինն էր, ով անցյալ տարեվերջին բարձրաձայնեց իր կասկածների մասին, քանի որ առանց բարդությունների ընթացած ծննդաբերությունից հետո հիվանդանոցում նրան ասել էին, թե երեխան մահացած է ծնվել, սակայն հրաժարվել էին ցույց տալ երեխայի դին: Հայկուհու շուրջ այժմ հավաքվել են նման կասկածներով շուրջ 500 կին:
Մամուլում անգամ հրապարակումներ եղան տարիներ առաջ վաճառված, ապա հայտնաբերված և Հայաստան վերադարձված երեխաների մասին:
Անդրադառնալով հրապարակումներին՝ Հայաստանի քննչական կոմիտեն շտապեց հայտնել, որ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքի առթիվ քննվող քրեական գործի ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստանի Հանրապետություն: Ավելին՝ քրեական գործի շրջանակներում որդեգրված երեխաների կամ նրանց կենսաբանական ծնողների վերաբերյալ դեռևս չի նշանակվել որևէ գենետիկական (ԴՆԹ) փորձաքննություն:
Քայլեր, որ կբացառեն երեխաների վաճառքի հետագա դեպքերը
Երեխաների ապօրինի որդեգրման աղմկահարույց բացահայտումներից ամիսներ առաջ խնդրի վերաբերյալ քննարկումներ են եղել կառավարությունում։ Վարչապետի հրամանով 2019 թ.-ի օգոստոսին ստեղծվել է որդեգրման գործընթացի բարելավման հարցերով զբաղվող աշխատանքային խումբ՝ իրավապահ մարմինների և մյուս շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներից։
Այն պետք վեր հանի բոլոր օրենսդրական բացերը, որոնք հնարավոր են դարձրել Հայաստանում երեխաների ապօրինի որդեգրման դեպքերը, ստեղծի մեխանիզմներ՝ դրանցից հետագայում խուսափելու համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նաև մտադիր է փոխել «Երեխայի որդեգրման կարգը», որը բազմաթիվ ռիսկեր է պարունակում:
Բացի այդ, նախարարությունն առաջարկում է քրեականացնել ծնողական իրավունքներից հրաժարվել հակելու, համոզելու դեպքերը, ինչից, հիմնականում, սկսվում է երեխաների առ ու վաճառքի ողջ գործընթացը: Նախագիծն արդեն հաստատվել է կառավարության կողմից և կուղարկվի Ազգային ժողով՝ հաստատման:
JAMnews-ը շարունակում է հետևել ապօրինի որդեգրման փաստով հարուցված քրեական գործի ըթացքին և դրա շուրջ ծավալվող բոլոր իրադարձություններին։