Հայաստանը և Ադրբեջանը որոշել են մարդասիրական զինադադար հաստատել հոկտեմբերի 18-ի կեսգիշերից
Հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00: 00-ին ուժի մեջ է մտնում Հայաստանի և Ադրբեջանի համատեղ որոշումը մարդասիրական նկատառումներից ելնելով հրադադար հաստատելու մասին: Որոշմանը նախորդել է Ռուսաստանի արտգործնախարարի հեռախոսազրույցը Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ:
«Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ին արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության», — ասված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների կայքերում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել է Սերգեյ Լավրովի հեռախոսային խոսակցությունների որոշ մանրամասների մասին Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ․
• Բանակցությունների ընթացքում ընդգծվել է զինադադարի պայմանագիրը խստորեն պահպանելու անհրաժեշտությունը, որը կողմերը ձեռք են բերել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին:
• Վերահաստատվել է բովանդակային բանակցությունների մեկնարկի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կարևորությունը՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման շուտափույթ ձեռքբերման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
• Ընդգծվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության ակտուալությունը։ Այն հրապարակվել էր հոկտեմբերի 1-ին:
Ադրբեջանական և հայկական բանակների միջև մարտերը Արցախում սկսվել են սեպտեմբերի 27-ից: Պաշտոնապես երկու կողմերի զինվորականների և խաղաղ բնակիչների շրջանում կորուստները կազմում են շուրջ 1000 մարդ: Ոչ պաշտոնապես՝ կորուստներն ավելի մեծ են: Երկու կողմերն էլ հայտնում են հակառակ կողմից զինտեխնիկայի հսկայական կորուստների մասին և միմյանց մեղադրում ապատեղեկատվություն տարածելու մեջ:
Հոկտեմբերի 10-ի գիշերը կողմերը կնքեցին հրադադարի մասին պայմանագիր, որն անմիջապես խախտվեց:
Կողմերը միմյանց մեղադրում են զինադադարը խախտելու մեջ և պնդում են կարգավորման հակառակ տարբերակների գործարկման անհրաժեշտությունը։ Ադրբեջանի համար Ղարաբաղը կարող է լինել միայն երկրի մի մասը, Հայաստանը կոչ է արել աշխարհին ճանաչել Արցախի անկախությունը: