Գերիներ էլ չկա՞ն։ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ փոխանակել են «բոլորին բոլորի դիմաց»
44 հայ և 14 ադրբեջանցի գերիներ իրենց տներ են վերադարձել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման արդյունքում, որի շուրջ, ի վերջո, կարողացել են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները։
Նրանց թվում են ոչ միայն արցախյան երկրորդ պատերազմի (2020 թ․ սեպտեմբերի 27 — նոյեմբերի 10) ընթացքում, այլ նաև դրանից առաջ գերեվարվածները։
Արցախյան գոտում հայկական և ադրբեջանական ուժերի միջև զինված հակամարտությունը տևել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից սկսած։ Նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել։ Պայմանավորվածությունը նախատեսում է Արցախի մի քանի հարակից շրջանների անցում Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։
- Արցախյան երկրորդ պատերազմի հետպատերազմյան զոհերը
- Կարծիք․ Արցախի շուրջ իրադարձությունների զարգացման երեք սցենար, հայացք Բաքվից
- Կարծիք․ արդյո՞ք հայերն ու ադրբեջանցիները կարող են ապրել միասին․ հետպատերազմյան իրավիճակի վերլուծություն
- Չավարտված արցախյան պատերազմ․ հոգեբանական խնդիրների փուլ
Հայաստան
Հայաստանում արդեն նախկին գերիներին դիմավորել են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայանալիք փոխանակման մասին հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի ժամանակ։ Ընդ որում, վարչապետը չի ասել, որ նրանք վերադառնալու են նույն օրվա երեկոյան, և շատերի համար Հայաստանում դա անակնկալ էր։
Սոցցանցերում է հայտնվել վերադարձված գերիների ցուցակը, որի համաձայն՝ նրանց թվում 30 զինծառայող է և 14 քաղաքացիական անձ։
Ցուցակում 45 հոգու ազգանուն է նշված, սակայն ազգանուններից մեկի դիմաց հաստատում չկար, որ այդ գերին Հայաստան է վերադարձել։ Դեկտեմբերի 15-ին տվյալ անձը Հայաստան է վերադարձվել Նախիջևանից։
Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը սակայն կարծում է, որ վերադարձվել են ոչ բոլոր հայ գերիները։ Նրա տեղեկություններով՝ դեկտեմբերի սկզբի դրությամբ ադրբեջանական կողմում 60 ռազմագերի և 40 քաղաքացիական անձ էր պահվում։
«Բոլորին պետք է տուն վերադարձնել, իսկ եթե նրանք կենդանի չեն, պետք է պարզել նրանց ճակատագիրը», — ասել է Բեգլարյանը։
Վերադարձածների կեսն այն անձինք են, որոնց վերաբերյալ բողոքներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հաղորդել է իրավապաշտպան, Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։
Նա ասել է նաև, որ աշխատելու է այն ուղղությամբ, որ Հայաստան վերադառնան Ադրբեջանում պահվող մյուս հայ քաղաքացիները։
Ո՞ւմ է Ադրբեջանը փոխանցել մինչ այս
Ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմից հայտնել էին, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել երեք գերիների, ինչպես նաև տարեց հայ տղամարդու դի։ Իրավապաշտպան Արտակ Բեգլարյանի պնդմամբ՝ «այդ մարդը մահացել է ադրբեջանական գերության մեջ՝ չպարզված հանգամանքներում»։
Ադրբեջան
14 արդեն նախկին գերիների թվում, որոնք Ադրբեջան են վերադարձել դեկտեմբերի 14-ին, նաև Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևն էին, որոնք գերեվարվել էին դեռևս 2014 թ-ին։
Մինչև 2020 թ․ հոկտեմբերն Ասկերովն ու Գուլիևը պահվում էին Շուշիի բանտում։ Սակայն արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստան էին տեղափոխվել։
Խմբի մնացած 12 անդամները զինվորականներ են, որոնք գերեվարվել են 2020 թ․ աշնանը, 44-օրյա պատերազմի ընթացքում։
Ռազմագերիներն Ադրբեջան են տեղափոխվել Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։ Այն մասին, թե արդյոք հայկական կողմում դեռ մնացել են ադրբեջանցի այլ ռազմագերիներ, չի հաղորդվում։
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի: