Հայաստանում UNICEF-ի գրասենյակի ղեկավարը լրտե՞ս է։ Երկրում նոր սկանդալ է
Հայաստանում նոր սկանդալ է առաջացել։ Այժմ լրատվամիջոցների և սոցցանցերի հրապարակումների գլխավոր հերոսը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայկական գրասենյակի ղեկավար Մերիան Քլարկ-Հաթինգն է։ Հայաստանում UNICEF-ի ներկայացուցչի լիազրությունները կասեցվել են, Հայաստանի կառավարությունը նրան persona non grata է հայտարարել։ Նա արդեն լքել է Հայաստանը։
ԱԳՆ-ն հայկական կողմի որոշումը բացատրել է Մարիան Քլարկ-Հաթինգի կողմից իր մանդատի և աշխատանքային մեթոդների իրականացմամբ, որոնք չեն նպաստել համագործակցությանը։
Սակայն ԱԳՆ-ի պարզաբանմանը նախորդել են հայկական Telegram-ալիքների հրապարակումները, որոնք, հղում անելով իրենց աղբյուրներին, գրում էին, որ Հայաստանի իշխանությունները ՄԱԿ աշխատակցին կասկածում են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար։
Գործը հասել է արդեն Հայաստանի գլխավոր դատախազություն, որն այժմ ուսումնասիրում է հրապարակումները, որոնցում խոսվում է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի արդեն նախկին ներկայացուցչի կողմից լրտեսության մասին։
- Կայուն անկայունություն Հայաստանում։ Ելքը ռեստա՞րտն է
- Ինչպիսի՞ն է կյանքը պատերազմից հետո․ հայկական սահմանապահ գյուղի երիտասարդ համայնքապետի հարցազրույցը
Սկանդալի մանրամասները
Մարտի 8-ի երեկոյան Mediaport Telegram-ալիքում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ UNICEF-ի հայկական բյուրոյի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթինգը լրտեսությամբ է զբաղվել՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, որի պատճառով Հայաստանի իշխանությունները նրան persona non grata են հայտարարել։
«Քլարկ-Հաթինգը արդեն հավաքում է իրերը, մինչդեռ ՀՀ իշխանությունները ցանկանում են թաքցնել այդ փաստը հանրությունից», — հայտարարել է ալիքի հեղինակը։
Այնուհետև հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Մարիան Քլարկ-Հաթինգը շտապ մեկնել է Հայաստանից։ Ընդ որում, այդ շտապողականությունն իբր պայմանավորված է սխալներով, որոնք Քլարկ-Հաթինգը թույլ է տվել իր առաքելությունը կատարելիս։ Սակայն չի հաղորդվել, թե ինչ սխալների և թերությունների մասին է խոսքը։
Արդեն մարտի 9-ին գործին միացել է Գլխավոր դատախազությունը։ Գերատեսչության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը հաղորդել է, որ դատախազությունը տվյալներ չունի Մարիան Քլարկ-Հաթինգի` Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու վերաբերյալ, սակայն ուսումնասիրում է այդ մասին հրապարակումները․
«Նման փաստի առթիվ քրեական վարույթ չի իրականացվում: Հրապարակման հեղինակները, եթե տիրապետում են իրենց մեջ որոշակիություն և կոնկրետություն պարունակող տեղեկությունների, պարտավոր են փոխանցել իրավապահ մարմիններին»։
Մարիան Քլարկ-Հաթինգը Հայաստանում սկսել է աշխատել ընդամենը 8 ամիս առաջ՝ 2020 թ․ հուլիսին։ Դրանից առաջ նա աշխատել է Մալայզիայում։
UNICEF-ի աշխատակիցներն ամեն ինչ իմացել են մամուլից
«Մենք բոլորս լրատվամիջոցներից ենք իմացել», — ասել է Հայաստանում UNICEF բյուրոյի հաղորդակցման թիմի ղեկավար Զառա Սարգսյանը։
Մեկնաբանելով լուրերն Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին հնարավոր լրտեսության մասին՝ նա հայտարարել է․
«Այս պահին, ինձ թվում է, բոլորս պետք է հիմնվենք ԱԳՆ հրապարակածի վրա, որտեղ այդ բառը ես չեմ տեսել»։
Զառա Սարգսյանը չի կարողացել հստակ պատասխանել նաև այն հարցին, թե ինչ աշխատանքային թերացումների մասին է խոսվում ԱԳՆ հայտարարությունում, և առաջարկել է պարզաբանումների համար դիմել արտգործնախարարություն։
