Հայաստանում ֆերմերները որոշել են գումար չծախսել բերքի ապահովագրության վրա
Հայաստանում առաջին անգամ պետական մակարդակով գործարկվել է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիր։ Ագրոապահովագրության պիլոտային ծրագիրը գործում է 2019 թ–ի հոկտեմբերից։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ վերջին 6 տարվա ընթացքում տարերային աղետները Հայաստանի գյուղատնտեսությանն ավելի քան 110 մլրդ դրամի (230 մլն դոլար) վնաս են հասցրել։
Այժմ ֆերմերները հնարավորություն ունեն իրենց բերքն ապահովագրելու կարկուտից, ցրտահարությունից և հրդեհներից։ Չնայած այն նախազգուշացումներին, որ պետությունը չի վճարելու վատ եղանակի պատճառով ոչնչացված բերքի համար, տվյալ պահին ընդամենը 50 ֆերմեր է որոշել օգտվել ծրագրից։
Բոլոր մանրամասները․ ի՞նչ ծրագրի մասին է խոսքն ու ինչո՞ւ հայ ֆերմերները չեն շտապում ապահովագրվել։
• Կանանց դիմանկարներ Հայաստանի կարտոֆիլի դաշտերից։ Լուսանկարներ և տեսանյութ
• Հայաստանում լքված հողերը կփոխանցվեն ֆերմերներին, որոնք պատրաստ են դրանք մշակել
Ապահովագրության ծրագրի մասին
Ծրագրի շրջանակում կառավարությունն աշխատում է երեք ապահովագրական ընկերությունների հետ։ Նրանք սկսել են պոլիսներ առաջարկել դեռևս 2019 թ–ի հոկտեմբերից։
Տվյալ պահին կարելի է բերքն ապահովագրել միայն ցրտահարությունից, հրդեհից և կարկուտից և միայն երկու տեսակի ագրոկուլտուրա՝ ծիրան և խաղող։
Ընդ որում, ցրտահարությունից կարելի է ապահովագրվել միայն երկու մարզերում (Արմավիրի և Արարատի), իսկ կարկուտից և հրդեհներից՝ վեց մարզերում (Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի և Վայոց Ձորի)։
Գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագիրն իրականացվում է կառավարության աջակցությամբ։ Ապահովագրական վճարի, ինչպես նաև փոխհատուցման կեսը վճարվելու է կառավարության կողմից։ Եվ այդ առնչությամբ երկիրն այս ծրագրի համար 5 մլն եվրոյի գրանտ է ստացել գերմանական KfW բանկից (Kreditanstalt für Wiederaufbau)։
Ծրագրի շրջանակում ստեղծվել է նաև NARMA կառույցը՝ Ռիսկերի գնահատման և կառավարման ազգային գործակալությունը։
Ինչո՞ւ ֆերմերները չեն շտապում ապահովագրվել
2019 թ–ի հոկտեմբերի երեքին կառավարության նիստին էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել էր, որ «մոտ ապագայում զգալի արդյունքներ են լինելու, քանի որ պետությունն ուղղակի ֆինանսավորում է տրամադրում»։ Սակայն, ի հեճուկս նախարարի կանխատեսումների, մինչև այսօր ընդամենը 50 ֆերմեր է որոշել օգտվել պիլոտային ծրագրից։
2020 թ–ի փետրվարի տասին Տիգրան Խաչատրյանը հայտարարել է այն մասին, որ գարնանային ցրտահարության ռիսկի դեպքերի ապահովագրության պայմանագիրը երկարաձգվել է ևս մեկ շաբաթով՝ մինչև փետրվարի 21–ը։ Կարկուտից և հրդեհներից ապահովագրության վերջնաժամկետը մինչև մարտի 25–ն է։
«Մարդիկ սովորաբար սպասում են վերջին օրերին։ Եվ հույս ունենք, որ դա տեխնիկական դժվարություններ չի առաջացնի։ Մենք հասկանում ենք, որ սա ծրագրի գործարկման առաջին տարին է։ Կազմակերպման տեսանկյունից մենք, անկասկած, շատ բան ունենք անելու, մենք պետք է մարդկանց ավելի լավ իրազեկենք հասանելի հնարավորությունների մասին։ Սա նոր մշակույթ է, որը պետք է ներդնել», — ասել է նախարարը։
Իրականում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ֆերմերները հետաքրքրված չեն ծրագրով, քանի որ ապահովագրական վճարները նրանց բարձր են թվում։ Անգամ չնայած նրան, որ գումարի կեսը պետությունն է վճարելու, շատերի համար դա չափազանց մեծ գումար է։
Այժմ նրանց առաջարկվում է ծիրանի այգու մեկ հեկտարի համար վճարել 400 հազարից մինչև 1 200 000 դրամ, իսկ խաղողի այգու համար՝ 750 000–1 800 000։ Որքան բարձր է ապահովագրության վճարն, այնքան մեծ է լինելու փոխհատուցման գումարը։