Հայաստանում փորձում են բացահայտել իրական հանցագործների և ազատ արձակել անմեղներին
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հասարակությունը ակնկալում է, որ օրենքը շրջանցածները կպատժվեն և ազատ կարձակվեն նրանք, ովքեր օրենքը չեն խախտել: Սոցիալական հարթակներում և պատկան կառույցների դիմաց տարբեր խմբեր այս պահանջն են ներկայացնում:
Ապօրինի հարստացած մարդկանց բացահայտելու ուղղությամբ, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով, գործողություններ են սկսվել: Նա խոստացել է առաջիկայում հրապարակել նման անձանց ցանկ, ովքեր գործել են կոռուպցիոն սխեմաներով ու անօրինաբար հարստացել:
Արթուր Վանեցյանը նշել է, որ «Հայաստանում 350 մարդ կա, ովքեր տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում»:
ԱԱԾ տնօրենը շեշտել է՝ սա ամենևին չի նշանակում, որ վաղն այդ 350 հոգին բերման կենթարկվի.
«Կան հրավիրված բազմաթիվ անձինք, կան բերման ենթարկված անձինք, աշխատանքները կատարվում են, և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի այդ մասին։ Դա բարդ և ծանր, մեծ ծավալ ունեցող աշխատանք է, որը մենք ամբողջ ծավալով իրականացնում ենք: Եվ մենք պետք է այնպես անենք, որ ոչ մեկի մոտ հարց չառաջանա դրա հետ կապված, դրա համար պետք է այդ ամենն անենք շատ պրոֆեսիոնալ կերպով, և դրա համար մեզ մի քիչ ժամանակ է պետք»:
ԱԱԾ տնօրենն ասել է, որ ինքը կողմ է, որպեսզի կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանցից առգրավվեն պետությունից գողացված միջոցները և վերադարձվեն պետական բյուջե։
Բնակչությունը ակնկալում է նաև գլխավոր դատախազի վերաբերմունքի փոփոխություն՝ իրենց բնորոշմամբ, քաղաքական բանտարկյալների նկատմամբ:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասել է, որ այժմ դատարանի վարույթում կան քրեական գործեր, որոնք կարելի է քննարկման առարկա դարձնել երկրում տեղի ունեցած իրադրության փոփոխության պատճառով:
Նա ասել է, որ մեղադրյալի աթոռին նստած են այնպիսի մարդիկ, ովքեր վտանգավոր կոչեր, սպառնալիքներ են հնչեցրել արդեն նախկին իշխանությունների որոշ պաշտոնյաների հասցեին, ովքեր այլևս չեն պաշտոնավարում:
«Օրենսդրական այսպիսի ձևակերպում կա՝ իրադրության փոփոխություն, դա ենթադրում է այն, որ փոփոխված իրադրության արդյունքում անձը կամ նրա կատարած հանցանքը սկսում են հանրության համար վտանգավոր չլինել կամ էլ նվազում է դրանց վտանգավորությունը։ Հնարավոր է, լինեն այնպիսի դեպքեր, երբ իրադրության փոփոխությունը բերել է տվյալ անձի վտանգավորության փոփոխության», — ասել է գլխավոր դատախազը:
Այդուհանդերձ Դավթյանը չի համաձայնել այն մտքի հետ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան: