Հայաստանում վիճարկվում են ընտրությունների արդյունքները։ Խոսքը՝ ՍԴ-ին
Հայաստանի Սահմանադրական դատարանը հուլիսի 9-ին սկսել է քննել արտահերթ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու հարցը, որոնք կայացել են հունիսի 20-ին։
Քվեարկության վերջնական արդյունքները հայտարարելուց հետո չորս քաղաքական ուժեր ՍԴ են դիմել․
- «Հայաստան» ընդդիմադիր դաշինքը,
- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը,
- «Հայոց Հայրենիք» կուսակցությունը,
- «Պատիվ ունեմ» դաշինքը։
Նրանք պահանջում են կա՛մ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, կա՛մ քվեարկության երկրորդ փուլ անցկացնել, կա՛մ էլ վերաբաշխել մանդատները։
Որպես պատասխանող կողմ հանդես են գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, քարտուղարն ու անդամը, դատախազությունը, ոստիկանությունը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։
ՍԴ-ն նաև երրորդ կողմ է ներգրավել՝ ընտրություններում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
- «Ուրիշ» խորհրդարան Հայաստանում․ համախմբո՞ւմ, թե՞ ապակայունացում
- «Իշխանության և վարչապետի պաշտոնի համար պայքարը շարունակվելու է»․ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները
- Ընտրություններ առանց ընտրության․ ինչո՞ւ է Հայաստանը կրկնում արդեն անցած ուղին
Առաջին նիստին բոլոր կողմերի ելույթների համար ժամանակը չհերիքեց, լսումները կշարունակվեն։ ՍԴ-ն պետք է որոշում կայացնի չորս կուսակցությունների հայցի գրանցումից ոչ ուշ, քանի 15 օրում, այսինքն՝ մինչև հուլիսի 17-ը։
Քննարկումների առաջին օրվա մանրամասները․ ինչո՞ւ են հայցվորները պահանջել ՍԴ ինը դատավորներից մեկի բացարկը, և ինչու են Հայաստանի նախագահին ուզում հրավիրել որպես վկա։
Հայաստանում 2021 թ-ի հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են կայացել։ Քվեարկության արդյունքում՝ ութերորդ գումարման խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը, որի առաջնորդն ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն է։ Այս դաշինքի անդամ է նաև Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցությունը։
Ինչո՞ւմ են մեղադրում վարչապետի պաշտոնակատարին
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը դատարանում մեղադրեց ներկայիս իշխանությանն ու անձամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ նախընտրական արշավի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման համար։
Վարդևանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, թեև նախընտրական արշավի ժամանակ արձակուրդում էր, քարոզարշավի ողջ ընթացքում օգտվել է վարչապետի արտոնություններից՝ «անվտանգության ծառայություն, հարյուրավոր ոստիկաններ, ծառայողական ավտոմեքենաներ»։
Դաշինքի ներկայացուցիչը երկար մեջբերեց այն «սպառնալիքները», որոնք քարոզարշավի ժամանակ հնչեցրել է Փաշինյանը, և ընդգծեց, որ դատախազությունը խախտում չի տեսել նրա խոսքերում։
Վարդևանյանը խոսեց իշխող կուսակցության հանրահավաքներին դպրոցականների զանգվածային ներգրավման մասին և «լռության օրվա» խախտման համար մեղադրեց Նիկոլ Փաշինյանին։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը հիշեցրեց, որ հունիսի 19-ին՝ ընտրությունների նախօրեին, վարչապետի պաշտոնակատարը Ֆեյսբուքում ուղիղ եթեր է մտել և քաղաքացիներին կոչ արել քվեարկել։
Դատավորի բացարկ
«Զարթոնք» կուսակցությունը նիստի սկզբին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին բացարկ հայտնելու պահանջով է հանդես եկել, որպեսզի նա չմասնակցի ընտրությունների արդյունքի բողոքարկման մասին գործի քննությանը։
Բանն այն է, որ դատարանի կողմից որպես երրորդ կողմ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ժամանակին եղել է Վահե Գրիգորյանի վստահորդը ոչ միայն Հայաստանի դատարաններում, այլև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Այդ պատճառով էլ, ըստ «Զարթոնք» կուսակցության առաջնորդի, դատավորը չի կարող անաչառ լինել։ Գրիգորյանին բացարկ հայտնելու միջնորդությամբ է հանդես եկել նաև «Հայաստան» դաշինքը։
Սակայն ՍԴ-ն հրաժարվել է դիտարկել հարցը, քանի որ նման միջնորդություն ներկայացնելու փուլն անցել է։
Բացի այդ, ըստ դատավոր Երվանդ Խունդկարյանի, նման միջնորդություն կարող է ներկայացնել միայն ՍԴ դատավորներից մեկը։
«Դատավարության այս փուլում դատավորին բացարկ հայտնելու միակ միջոցը նրա իսկ ցանկությունն է։ Եթե, օրինակ, ինքս իմ կողմից կողմնակալություն զգամ, ինքնաբացարկ կհայտնեմ։ Սակայն այս հարցի դիտարկման վրա այս փուլում ժամանակ ծախսել մենք չենք կարող», — պարզաբանել է դատավոր Հրայր Թովմասյանը։
Նախագահին ներգրավել որպես վկա
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդություն է ներկայացրել՝ Հայաստանի նախագահին որպես վկա ներգրավելու վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ինչու էին արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել հենց հունիսի 20-ին․
«Կողմերն իրենց դիմումներում բարձրացրել են հարց, որ կարող է սա միտումնավոր է արված` կողմերից մեկի համար առավելություն ստանալու համար»։
Թովմասյանի հետ համակարծիք է եղել նրա գործընկեր Արևիկ Պետրոսյանը։ Իսկ դատավոր Վահե Գրիգորյանը հետաքրքրվել է, թե չի կարող, արդյոք, նախագահը նրանց հարցերին գրավոր պատասխանել։ Թովմասյանը պատասխանել է, որ ուզում է հենց նախագահից և դատարանի դահլիճում լսել, որ որոշում կայացնելիս նրա վրա ոչ մի ճնշում չի գործադրվել։
Թովմասյանի այս պատճառաբանությունը չի համոզել դատավորներ Արթուր Վաղարշյանին և Երվանդ Խունդկարյանին։ Հիմնական հայցի քննության գործընթացը չընդհատելու համար ՍԴ նախագահ Արման Դիլանյանն առաջարկել է այս հարցը քննարկել նիստի ավարտից հետո։ Դրան դեմ է արտահայտվել Հրայր Թովմասյանը։ Նա հայտարարել է, որ նման ձևաչափով քննարկումն օրենքի խախտում է, այդ պատճառով էլ ինքը դրան չի մասնակցի։
Բողոքի ակցիա ՍԴ-ի դիմաց
Մինչ ՍԴ-ում քննվում էին խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով ընդդիմության հայցերը, գործող իշխանության կողմնակիցները, ի դեմս «Հանուն Հանրապետության» կուսակցության, բողոքի ակցիա էին անցկացնում դատարանի շենքի դիմաց։
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ թույլ չեն տա ՍԴ-ի որոշում՝ հօգուտ ընդդիմության։
«Սահմանադրական դատարանը Հայաստանի ամենաքաղաքականացված մարմինն է, ինստիտուտ, որն օրինականացրել է նախորդ տարիներին երկրում կեղծված բոլոր ընտրությունները։ Սակայն այսօր մենք կարող ենք չհիշել դրա մասին, եթե Սահմանադրական դատարանը կանգնի ժողովրդի կողքին և մերժի իրեն դիմած քաղաքական ուժերի հայցերը», — հայտարարել է ցույցի մասնակիցներից մեկը։
Իսկ «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել համակերպվել հունիսի 20-ի ընտրությունների արդյունքների հետ․
«Մենք եկել ենք ՍԴ-ին զգուշացնելու, որ նույնիսկ չփորձի այնպիսի որոշում կայացնել, որը կվնասի ժողովրդի իշխանությանը»։