Հայաստանում պետական ծառայողների կանայք և երեխաները պետության հաշվին մարզասրահ կայցելեն
Հայաստանում պետական ծառայողների կանայք և երեխաներն անվճար են մարզասրահներ և լողավազաններ այցելելու, ավելի ճիշտ՝ պետության հաշվին։ Այսպիսի որոշում է կայացվել կառավարության ապրիլի 1-ի նիստին։
Իր նախաձեռնությունը կառավարությունը հիմնավորում է նրանով, որ այն նպաստելու է պաշտոնյաների և պետական ծառայողների ընտանիքների «առողջ ապրելակերպի և ֆիզիկական պատրաստվածության ձևավորմանը»։
Այս որոշումն ընդունվելուն պես սոցցանցերում ակտիվ քննարկում է սկսվել։ Մարդիկ գրում են, որ պետական ապարատի աշխատակիցներին արդեն սոցփաթեթ տրամադրվում է, որը ներառում է անվճար բժշկական ծառայություններ, հիփոթեքի վճարումների մարում, ուսման վարձի վճարում, հանգիստ Հայաստանի և Արցախի տարածքում։
Շատերն են վրդովվել, որ կառավարությունը մտադիր է ակնհայտ տնտեսական ճգնաժամի պայմաններում նոր արտոնություններ հաստատել պետական ծառայողների ընտանիքների համար։
Արդյունքում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստիպված է եղել մեկնաբանություն տալ․ այդ փոփոխությունների համար պետբյուջեից լրացուցիչ միջոցներ չեն տրամադրվելու։
- Հայաստանում փոփոխվել է Ընտրական օրենսգիրքն՝ ընտրությունների նախաշեմին
- Հետհեղափոխական մեդիամետաստազներ Հայաստանում
Փոփոխությունների մասին
Կառավարության որոշմամբ՝ ընդլայնվում են ծաայությունները, որոնք տրամադրվում են պետծառայողների համար նախատեսված սոցփաթեթի շրջանակում։
Ըստ վերջին փոփոխությունների՝ հնարավորություն է տրվում սոցփաթեթի միջոցներն օգտագործել հետևյալ ծառայությունների վճարման նպատակով․
- մարզաառողջարանային կամ մարզահամալիրների ծառայություններ,
- լողավազաններ և այլ մարզական ծառայություններ,
- ուսանողական վարկերի մարում, որոնք տրամադրվել են պետական սուբսիդավորման շրջանակում։
Կառավարության պարզաբանումը
Կառավարության հաստատած փոփոխություններն ասուլիսի ժամանակ մեկնաբանել է աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այդ նախագծի շահառուների խմբում ներառված է մոտավորապես 147 հազար մարդ, և նրանք բարձրաստիճան պաշտոնյաներ չեն․
«Սոցփաթեթի շահառուները գլխավորապես պաշտոնյաներն են, որոնք միջին և ցածր օղակի պետական պաշտոններ են զբաղեցնում, ինչպես նաև սոցիալական, գիտական, մշակութային ոլորտների՝ հանրակրթական դպրոցների, թանգարանների, գրադարանների, թատրոնների աշխատակիցները»։
Նախարարության ներկայացուցիչը նշել է նաև, որ փոփոխությունները վերաբերում են արդեն ութ տարի գործող սոցփաթեթին։ Ամենագլխավորն այն է, որ այդ փոփոխությունների համար լրացուցիչ միջոցներ չեն տրամադրվելու․
«Գումարը նույնն է մնալու՝ ամսական 6 հազար դրամ։ Միջոցների առավելագույն չափը նույնպես չի փոխվել՝ տարեկան 72 հազար դրամ։ Պետբյուջեում որևէ ծախս չի ավելանալու, քանի որ ոչ մի լրացուցիչ արտոնություն այս փոփոխությունը չի տրամադրում։ Պարզապես հնարավորություն է տրվում ավելի ճկուն օգտագործել այն միջոցները, որոնք արդեն ութ տարի շարունակ փոխանցվում են սոցփաթեթների շահառուներին»։
Ի՞նչ են գրել սոցցանցերում
Ահա Ֆեյսբուքի հայկական տիրույթի վրդովված օգտատերերի որոշ մեկնաբանություններ․
«Պետք չէ ասել, որ դրա համար վճարում է պետությունը։ Դրա համար վճարում ենք մենք՝ հարկատուներս։ Շատերը դեմ չէին լինի այս փոփոխություններին, եթե դրանք ընդունվեին այլ ժամանակ։ Ոչ հիմա, երբ երկիրն այսպիսի ճգնաժամի մեջ է․ երկիրը մասնատված, պետությունը զրկված ինքնիշխանությունից, բանակը կոտրված, միաժամանակ՝ թշնամու ամենօրյա սպառնալիքներ, հազարավոր անհետ կորածներ, հարյուրավոր գերիներ, սոցիալական ճգնաժամ, առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճ։
Եվ ի՞նչ փոփոխություններ են ընդունում մեր քաջերը։ Ես իրավունք ունեմ իմանալ և դեմ լինել նրան, թե ինչի վրա են ծախսվում իմ վճարած հարկերը»։
«Իրականությունն այն է, որ հիմա մենք մի քանի հոգով կքննադատենք այս որոշումը, կվրդովվենք այս ցինիկ որոշման առթիվ, իսկ մի քանի օրից ամեն ինչ կմոռացվի, ինչպես նախորդ որոշումները։ Շատ հանդուրժող ենք դարձել․ նրանք էլ նստել են մեր գլխին և չեն ուզում իջնել»։
«Այստեղ նոր ծախսերի մասին խոսք չկա։ Եթե նախկինում այդ գումարը (ամսական 6 հազար դրամը) կարելի էր ծախսել հանգստի կամ բժշկական ծառայությունների վրա, ապա այժմ կարելի է վճարել նաև մարզասրահի ծառայությունների համար։
Ցանկացած դեպքում այդ ամենից կարելի է տարեվերջին հրաժարվել և կանխիկացնել այդ գումարը։ Այն, որ պաշտոնյաները մեր հաշվին այսուհետ մարզասրահ և լողավազան են գնալու, մեղմ ասած, իրավիճակն առանձնապես չի փոխում։ Նախկինում էլ կարող էին»։
«Սա արդար որոշում է։ Չէ՞ որ կան ամսական ընդամենը 80 հազար դրամ կամ 100 հազար դրամ ստացող պետծառայողներ։ Եվ այդպիսի մարդիկ շատ են»։