Հայաստանում ոգեկոչում են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը
Փետրվարի 28–ին Հայաստանում ոգեկոչվում է Սումգայիթի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը։
32 տարի առաջ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդեր տեղի ունեցան։ Դրանք տևեցին երեք օր։ Ըստ պաշտոնական վարկածի՝ սպանվել է 26 հայ և այլ ազգությունների 5 ներկայացուցիչ։ Սակայն Հայաստանում կարծում են, որ զոհերն ավելի շատ էին։ Մասնավորապես, իրավապաշտպան, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ զոհերի իրական թիվը կարող է հասնել 350-400 մարդու։
«Ընդ որում, Հայաստանում չկա նորմատիվ ակտ, որը հատուկ կարգավիճակ կտրամադրեր զոհերին և տուժածներին», — հայտարարել է Ալավերդյանը։
Նա կարծում է, որ Հայաստանը պետք է Սումգայիթի ջարդերը հայերի նկատմամբ ցեղասպանություն ճանաչի։
• 30 տարվա անորոշություն․ ինչպե՞ս են Հայաստանում ապրում փախստականներն Ադրբեջանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռանկաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրել ողբերգության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է․
«Սումգայիթում, իսկ հետագայում Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում հայերի նկատմամբ իրականացված բռնություններն ու դաժանություններն իրենց բնույթով հիշեցրին 1915թ. Հայոց ցեղասպանության մղձավանջային օրերը: Սումգայիթի ողբերգությունը և դրանից տուժած հայերը մարդատյացության և հայատյացության ուղղակի զոհն էին: «Դարչնագույն ժանտախտի» ճանապարհն այսօր էլ բաց պահելը անարգանք է բոլոր ժամանակներում ֆաշիզմին և այլատյացությանը զոհ գնացած բոլոր մարդկանց հիշատակի հանդեպ»։