Հայաստանում մեկնարկում է «Սոցիալական շտապօգնություն» նախագիծը
«Սոցիալական շտապօգնություն» նախագծի հիմնական նպատակն արագ արձագանքելն է և կարիքավորներին օգնություն ցուցաբերելը։ Սակայն աշխատանքի առաջին փուլը տվյալների հավաքագրում է նախատեսում նրանց մասին, ում անհրաժեշտ է «սոցիալական շտապօգնություն»։
Նախագծի շրջանակում պլանավորվում է սոցիալապես անապահով անձանց սննդի, հագուստի և կենցաղում անհրաժեշտ այլ իրերի, օրինակ՝ կահույքի, հավաքագրում և տրամադրում։
Ո՞վ է իրականացնելու նախագիծը
Օգնություն տրամադրելու գործընթացը համակարգվելու է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից։ Մեխանիզմներ են մշակվել, որպեսզի տրամադրվող օգնությունը համարժեք լինի կարիքներին և հավասարաչափ բաշխվի տարբեր համայնքներում։ Նախարարությունում կարծում են, որ նախագիծը կարող է նաև «փոխօգնության մշակույթ» ձևավորել։
Աշխատանքի արդյունավետության համար նախարարությունը նախագծի վրա աշխատելու է հասարակական կազմակերպությունների և մասնավոր անձանց հետ միասին։
«Սոցիալական շտապօգնության համակարգի ներդրման գաղափարը քննարկվել է դեռևս նախորդ տարիներին, բայց այժմ գործընթացի տրամաբանական ավարտին ենք հասել: Այս համակարգի հիմնական նպատակը, ըստ էության, հրատապ օգնության կարիքների համակարգված հավաքագրումն ու արձագանքումն է:
Այն ենթադրում է ապակենտրոն աշխատանք, այսինքն՝ պետք է ունենանք սերտ ներգրավվածություն՝ թե՛ տարածքային մարմինների, և թե՛ գործող հասարակական կազմակերպությունների կողմից, որպեսզի շատ ավելի արդյունավետ ու հասցեական կարողանանք կարգավորել բոլոր խնդիրները», — ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Ինչպե՞ս է վերահսկվելու աշխատանքը
Ժաննա Անդրեասյանը հաղորդել է, որ նախարարությունը սոցիալական օգնության հարթակ է ստեղծում և սկզբանական շրջանում խիստ վերահսկելու է դրա աշխատանքը։ Դրանով զբաղվելու է նվազագույնը հինգ մարդ։ Սակայն երբ սոցիալական օգնության հարթակը կայանա և թափ հավաքի, նախարարության մասնակցությունը նվազագույնի կհասցվի։ Աստիճանաբար դրա դերը կսահմանափակվի՝ այն անհրաժեշտ տեղեկություններ կտրամադրի հասարակական կազմակերպություններին և բարեգործներին, որոնք պատրաստ կլինեն օգնել մարդկանց։
Գործողության շառավիղը
Նախագիծը գործելու է ոչ միայն Երևանում, այլ նաև դրա սահմաններից դուրս․
«Նախատեսել ենք ժամանակ առ ժամանակ որոշակի ծրագրեր իրականացնել նաև այն սահմանամերձ բնակավայրերում, որոնք․․․ սոցիալական որոշակի ռիսկեր ունեն», — ասել է սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը։