Հայաստանում համայնքների խոշորացումից դժգոհ բնակիչները վստահ են, որ իրենց գյուղերը կկործանվեն
ՀՀ կառավարությունն առաջարկում է Հայաստանի 8 մարզերի 328 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել 34-ը: Նախատեսվում է խոշորացման ծրագիրն ավարտին հասցնել մինչև հաջորդ տարվա դեկտեմբերը։ Հարցն արդեն Ազգային ժողովի օրակարգում է, և քննարկվել է պատգամավորների կողմից:
Սակայն միաձուլվող համայնքների բնակիչներն իրենց դժգոհությունն արտահայտում են ակցիաներ կազմակերպելով: Գեղարքունիքի մարզի մոտ 20 գյուղերի բնակիչներն, օրինակ, իրենց բողոքը հայտնելով փակել էին ավտոճանապարհը: Գյուղացիները պնդում էին, որ խոշորացման արդյունքում կկասեցվի սահմանամերձ համայնքների զարգացումն ու կսկվի արտագաղթի նոր ալիք: Նրանք ասում էին նաև, որ այս հարցի շուրջ իշխանությունները չեն հարցրել իրենց կարծիքը:
«Խոշորացումը մենակ մի բանի կհանգեցնի, որ պիտի ավտո ճարես, որ գնաս էդ համայնքի ղեկավարին գտնես, որ մի հատ սպրավկա վերցնես, դա արդեն լրիվ էս գյուղը կործանման է տանում»,- ասել է նրանցից մեկը:
Ընդդիմադիր գործիչներից էլ մտահոգություն է հնչել, որ այսպիսով համայնքապետարաններում աշխատող մի շարք քաղաքացիներ զրկվելու են աշխատանքից, որովհետև կխոշորացվեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները, խնդիրներ կառաջանան նաև բյուջեների բաշխման հետ:
Իշխանությունները, սակայն, հավաստիացնում են, որ խոշորացման արդյունքում բարձրանում է համայնքների կառավարման արդյունավետությունը, տնտեսվում են ռեսուրսներ և մեծանում են ներդրումների հնարավորությունները:
Ինչպես ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, համայնքների խոշորացման արդյունքում գյուղերի, քաղաքների բնակիչների իրավունքները, հնարավորություններն ավելանում են և ոչ թե պակասում:
«Ոչ մեկի գյուղը չի փակվում, ոչ մեկի գյուղի ավանդույթը չի ոտնահարվում, ոչ մեկի գյուղի ինքնանույնականացումը չի փոքրանում», — վստահեցրել է նա։
Տերտերյանի խոսքով, չեն փակվի նաև գյուղերի դպրոցները և երեխաները ստիպված չեն լինի գյուղից գյուղ հասնել՝ դպրոց հաճախելու համար: