Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 115-ի։ Արտակարգ դրության երրորդ օր
Մարտի 19-ին թեստավորման արդյունքներով Հայաստանում հայնտաբերվել է կորոնավիրուսով վարակման ևս 5 դեպք: Հիվանդների ընդհանուր թիվը հասել է 115-ի։ Այս թվի մեջ է ներառված նաև արդեն առողջացած և հիվանդանոցից դուրս գրված առաջին պացիենտը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ 115 դեպքերից մեկն «արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում»։
«Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։ Առողջություն եմ ցանկանում նրան», — գրել է նախարարը։
• Կորոնավիրուս․պանդեմիա է հայտարարվել։ Ի՞նչ է դա նշանակում, և ի՞նչ սպասել
• Կորոնավիրուսիհամաճարակը Կովկասում․ փաստեր և թվեր տարածաշրջանի վերաբերյալ
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ արձանագրված 99 դեպքը «փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ»:
Խոսքը գնում է վարակի երկու աղբյուրների՝ Էջմիածնի և կարի արտադրամասի մասին։ Էջմիածնում կորոնավիրուսը տարածվել էր կնոջից, որը վերադարձել էր Իտալիայից և չէր ինքնամեկուսացել՝ չնայած ջերմությանը։ Շենգավիթում գտնվող արտադրամասի դեպքի վերաբերյալ որոշ տեղեկություններ է արդեն հայտնել Հայաստանի վարչապետը։ Արտադրամասը կապ ունի Իտալիայի հետ, և այնտեղ իտալացի ինստրուկտոր է ժամանել, ջերմիջեցնող դեղեր խմել և թաքցրել իր առողջական վիճակը, ապա հեռացել Հայաստանից։
Առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, որ բոլոր հիվանդների առողջական վիճակը բավարար է գնահատվում:
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար նախարաությունը հորդորում է
• մնալ տանը,
• սահմանափակել շփումները,
• հետևել անձնական հիգիենային,
• հաճախակի լվանալ ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
• հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային տրանսպորտից օգտվելը,
• շփումների դեպքում պահպանել առնվազն 1 մետր հեռավորություն,
• գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
• ինքնամեկուսանալ 14 օրով՝ կապ հաստատելով պոլիկլինիկայի բժշկի հետ, եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է,
• պարբերաբար կատարել ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
• խուճապի չմատնվել և հետևել բժշկի խորհուրդներին:
Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16–ից՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Այն գործելու է մինչև 2020 թ–ի ապրիլի 14–ը։